Հեռակա կրթություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեռակա կրթություն, առանց աշխատանքային (կամ այլ) գործունեությունից կտրվելու բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթությամբ մասնագետների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու ձևերից մեկը։ Հեռակա կրթության ուսուցման հիմնական ձևը ուսանողների (սովորողների) ինքնուրույն աշխատանքն է։

Հեռակա ուսուցումն առկա է բազմաթիվ երկրներում։ Հեռակա կրթության գծով Միջազգային խորհուրդը (հսկում է ՅՈԻՆԵՍԿՕ-ն) կազմակերպում է միջազգային կոնֆերանսներ։

Հեռակա կրթությունը Հայաստանում սկիզբ է առել 1930 թվականի հունվարից, երբ Երևանի համալսարանի մանկավարժական ֆակուլտետին կից բացվել են հեռակա բարձրագույն մանկավարժական դասընթացներ։ Նույն տարվանից այդ դասընթացները տեղափոխվել և գործել են հայկական մանկավարժական ինստիտուտին կից և շուտով դարձել հեռակա բաժին, 1943 թվականից՝ Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտ։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1978 թվականին հեռակա բաժիններ են գործել 10 բուհում (41 մասնագիտությունների գծով) և 39 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում (86 մասնագիտությունների գծով)։ 1977-1978 ուսումնական տարում բուհերի հեռակա բաժիններ են ընդունվել 1574, միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ 2715 մարդ։ Հայկական բարձրագույն ուսումնական 11 հաստատություններում գործել է նաև հեռակա ասպիրանտուրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 358