Հարադրություն
Հարադրություն, բառաբարդության տեսակ, որի դեպքում բարդ բառեր են կազմվում առանձին բառերի հարադրմամբ։ Տեսակները կարող են լինել անվանական (գիշեր-ցերեկ, կահ-կարասիք, հինգ-վեց) և բայական (բաց թողնել, ծլել-ծաղկել, գլուխ բերել)։ Հայոց լեզուն առանձնապես հարուստ է բայական հարադրական բարդություններով, որոնք լինում են
- հարադրավոր (աչքի ընկնել)
- զուգադրական (բռնել-տանել, երգել-պարել)
- պատճառական (գրել տալ, զգացնել տալ)
Նույն բառերի հարադրմամբ կազմվում են կրկնավոր բարդություններ (արագ-արագ, խումբ-խումբ, նաև՝ բան-ման, մարդ-մուրդ, առոք-փառոք)։ Հաճախ նույնանիշ, հականիշ և կամ՝ իմաստով հարաբերակից բառերի հարադրությամբ, երբ դրանք կապակցվում են և շաղկապով, կազմվում են բաղհյուսական բարդություններ (ահ ու դող, բառ ու բան, կեր ուխում, կարգ ու կանոն, սար ու ձոր, ներս ու դուրս)։ Հարադրությամբ կազմված բարդությունների բաղադրիչները սովորաբար գործածվում են անջատ և ունենում առանձին շեշտ, բայց, իբրև կանոն, միասին մի ընդհանուր բառային նշանակություն են արտահայտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 277)։ ![]() |