Հավատարիմ Ռուսլանը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավատարիմ Ռուսլանը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԳեորգի Վլադիմով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1975

«Հավատարիմ Ռուսլանը։ Պահակային շան պատմությունը» (ռուս.՝ «Верный Руслан. История караульной собаки»), խորհրդային գրող Գեորգի Վլադիմովի վիպակը, որը գրվել է 1963-1965 թվականներին և հրատարակվել է Արևմուտքում 1975 թվականին[1]։ Սա ԳՈՒԼԱԳ-ի աշխատանքային ճամբարի պահակախմբի պատմությունն է, որը ներկայացվում է շան տեսանկյունից։ Պատմությունը սկսվում է աշխատանքային ճամբարի փակումից և քանդումից, ներառում է Ռուսլան[2] շան անցյալի մասին լավագույն հիշողությունները և ավարտվում Ռուսլանի մահով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղիչ աշխատանքային ճամբարի լուծարումից հետո Ռուսլանի տերը քշում է շանը՝ չկարողանալով իրեն ստիպել սպանել նրան։ Նույնն բախտին են արժանանում ճամբարի բազմաթիվ այլ պահակային շներ։ Ժամանակի ընթացքում նրանց մեծ մասը ինչ-որ կերպ գտնում է իր տեղը «քաղաքացիական» կյանքում, բայց Ռուսլանը չի կարողանում մոռանալ իր պարտքը. նա դատարկ ճամբարն ընկալում է որպես մի հսկայական բանտարկյալի փախուստ և նախընտրում է սովամահ լինել, քան ուրիշի ձեռքից սնունդ վերցնել։ Որոշ ժամանակ անց Ռուսլանը պատահաբար հանդիպում է իր տիրոջը, որը զրուցում է Գուլագի՝ Մաշված (ռուս.՝ Потёртый) մականունով նախկին բանտարկյալի հետ, բայց տերը կրկին քշում է նրան, և Ռուսլանը անսպասելիորեն իրեն կապում է Մաշվածի հետ։ Վերջինս կարծում է, որ վարժեցրել է երբեմնի կատաղի շանը, բայց Ռուսլանը նրա մեջ տեսնում է փախած աքսորականի, որը կամավոր վերադարձել է (նա բազմիցս ականատես է եղել նման դեպքերի), և որոշում է պահպանել նրան, քանի դեռ չի վերականգնվել «նորմալ կարգը»։

Սկզբում բոլոր շները գալիս էին կայարան՝ իզուր սպասելով բանտարկյալների նոր խմբաքանակով գնացքին։ Ի վերջո, բոլորը, բացի Ռուսլանից, դադարում են դա անել։ Վերջապես մոտենում է գնացքը, որը տանում է մի խումբ էնտուզիաստ-աշխատողների, որպեսզի նրանք ճամբարի տեղում սկսեն «կոմունիզմի մեծ շինարարությունը»։ Բանվորները շարասյուն են կազմում և երգելով քայլում։ Դրանք աքսորյալների տեղ ընդունելով՝ նախկին պահակային շները դուրս են գալիս թաքստոցներից և զբաղեցնում իրենց սովորական տեղերը շարասյան երկայնքով։ Կոմերիտականները տարակուսում են, իսկ տեղացիները, հասկանալով, թե ինչ է կատարվում, նայում են մռայլ սպասումով։ Մի քանի բանվորներ շարքից դուրս են գալիս, և դա ընկալելով որպես փախուստի փորձ՝ շները հարձակվում են նրանց վրա։ Դա խուճապ է առաջացնում մյուս ժամանածների մոտ, ինչը հանգեցնում է ավելի շատ շների հարձակման, և շուտով քաղաքում քաոս է տիրում։ Քաղաքացիները և աշխատողները պայքարում են շների դեմ և, ի վերջո, սպանում են բոլորին։ Ռուսլանը մահացու վիրավորվում է, բայց կարողանում է վերադառնալ կայարան, որտեղ հիշում է, թե ինչպես է իր հետ միաժամանակ մյուս լակոտները սպանվել իրենց ծնվելուց անմիջապես հետո։ Մահվանից առաջ նա հարց է տալիս, թե արդյոք նրանք ավելի հաջողակ չեն եղել, քան ինքը։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակն ասել է, որ վիպակը գրելիս ձգտում էր «դժոխքը տեսնել շան աչքերով, որը կարծում է, որ դա դրախտ է» (այսպես կոչված Ստոկհոլմի համախտանիշ)[3]։

Անդրեյ Սինյավսկին «Մարդիկ և գազաններ» (ռուս.՝ «Люди и звери», 1975) հոդվածում հեգնում է, թե Ռուսլանն իդեալական կոմունիստական հերոսի կերպար է. նրա ազնվությունը, նվիրվածությունը, հերոսությունը, կարգապահությունը նրան դարձնում են կոմունիզմի շինարարի բարոյական օրենսգրքի իսկական կրողը։ Միևնույն ժամանակ Վլադիմովը ցույց է տալիս, թե ինչպես են այդ իդեալական հատկանիշները խեղաթյուրվում կոմունիստական հասարակության մեջ[1]։ Անդրեյ Գավրիլովի խոսքով՝ սա «անմարդկային համակարգի պատկեր է, որը կենդանու մեջ ոչնչացնում է այն, ինչ մենք կցանկանայինք մարդացնել»[1]։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին վիպակի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է Ալեքսեյ Բատալովը[4]։

2017 թվականին Հելենա Կաուտ-Հաուսոնի գրած պիեսի հիման վրա ստեղծված ներկայացումը բեմադրվել է Մեծ Բրիտանիայում (Citizens Theater Glasgow, Belgrade Theater Coventry և KT Productions հետ համատեղ)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 И. Толстой, А. Гаврилов. Алфавит инакомыслия. Верный Руслан // Радио «Свобода», 1 мая 2012.
  2. «Ռուսլանը» ռուսական անուն է, որը ձեռք է բերել բարձր ոճի հատկություն Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի հրապարակումից հետո։
  3. Владимов Г., Ржевская Е. Трагедия верного Руслана // Moscow News. — 1989. — № 4.
  4. «Հավատարիմ Ռուսլանը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  5. Citizens Theatre

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пронин А. А. Права человека։ аспекты проблемы. 2-е изд. — Москва-Берлин։ Директ-Медиа, 2014. — С. 143—151.