Հասարակության նյութատեխնիկական բազա
Յուրաքանչյուր հասարակական-տնտեսական ֆորմացիային բնորոշ աշխատանքի նյութական գործոնների՝ արտադրության միջոցների ամբողջություն։ Հասարակության նյութատեխնիկական բազայի զարգացման մեջ առաջատարն արտադրության գործիքներն են։ Դրանց կատարելագործումն ազդում է աշխատանքի առարկաների կազմի վրա, իսկ վերջիններիս օգտագործման փորձի կուտակումը էապես փոխազդում է արտադրության գործիքների և ամբողջ արտադրության զարգացման վրա։ Հասարակության նյութատեխնիկական բազան զարգանում է հասարակության հիմնական արտադրողական ուժի՝ արտադրության աշխատողների հետ սերտ փոխազդեցության մեջ։ Դա նպաստում է անմիջական արտադրողների աշխատանքային փորձի կուտակմանն ու որակավորման բարձրացմանը, մեծացնում նրանց իշխանությունը բնության ուժերի նկատմամբ, պայմանավորում աշխատանքի հանրայնացման աճը, հասարակության և առանձին ձեռնարկության մասշտաբով՝ աշխատանքի առաջադիմական բաժանումն ու կոոպերացումը։ Նյութատեխնիկական բազայի, որպես հասարակության արտադրողական ուժերի բաղկացուցիչ մասի, զարգացումը որոշում է արտադրական հարաբերությունների փոփոխումը։ Արտադրական հարաբերությունները, իրենց հերթին, ազդում են արտադրողական ուժերի զարգացման, հետևաբար՝ հասարակության նյութատեխնիկական բազայի վրա։ Նոր, առավել առաջավոր արտադրական հարաբերությունները, խթանելով արտադրողական ուժերի արագ զարգացումը, հեղաշրջումներ են առաջացնում արտադրության ոլորտում։ Յուրաքանչյուր հասարակական-տնտնտեսական ֆորմացիա, առաջ մղելով արտադրության տեխնիկան, ստեղծում է յուրահատուկ նյութատեխնիկական բազա։ Նախնադարյան-համայնական, ստրկատիրական և ավատատիրական հասարակարգերի նյութատեխնիկական բազան հիմնվել է ձեռքի աշխատանքի և պրիմիտիվ տեխնիկայի կիրառման վրա։ Կապիտալիզմն իր նյութատեխնիկական բազան՝ խոշոր մեքենական արտադրությունը, ստեղծել է արդյունաբերական հեղաշրջման և կապիտալիստական ինդուստրացման շնորհիվ (XVII —XIX դդ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 252)։ |