Հանցագործությունը և արդարադատությունը միջնադարյան Լվովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միջնադարյան Մահապատիժների լեռան վայրում հրապարակը և հուշարձանը

Հանցագործությունը և արդարադատությունը միջնադարյան Լվովում զգալի տեղ էին զբաղեցնում քաղաքացիների հասարակական կյանքում և մշտական հետաքրքրության թեմա էին տեղաբնիկների շրջապատում։ Լինելով հարուստ, առևտրական քաղաք, Լվովը գրավում էր ոչ միայն արտասահմանյան առևտրականներին, այլ նաև տարբեր տիպի հանցագործներին։ Սակայն միջնադարյան Լվովի հանցավոր աշխարհը, որն ուներ իր տարածաշրջանային առանձնահատկությունները, առանձնանում էր չհիմնավորված դաժանության նկատմամբ իր թշնամանքով։ Ծանր քրեական հանցագործությունները բացառություն էին կազմում և դրանք հիմնականում կատարում էին շլյախտայի ներկայացուցիչները և եկվորները։ Ամենատարածված իրավախախտումներն էին համարվում խաբեբայությունը, մետաղադրամների և այլ ապրանքների կեղծումը, ազարտային խաղերը, խուլիգանությունը, գողությունը և մարմնավաճառությունը։ Հանցագործության մակարդակը աճում էր պատերազմի, տնտեսական ճգնաժամերի և քաղաքական անկայունության ժամանակաշրջանում, որոնք, որպես կանոն, ուղեկցվում էին սոցիալական անհանգստություններով և բարոյականության անկմամբ[1]:

Լվովյան մագիստրատը բաղկացած էր քաղաքային խորհրդից (rada կամ ռադա) և քաղաքային դատարանից (լավա), որոնք հիմնականում զբաղվում էին քրեական գործերով։ Չնայած, որ խորհուրդը վարչական մարմին էր, օրենսդրության ոչ ճշգրտությունը հաճախ հանգեցնում էր նրան, որ նրա գործառույթները համընկնում էին դատարանի գործառույթների հետ։ Քաղաքային խորհրդի անդամները (ռայց կամ հյուպատոս) իրականացնում էին ոստիկանական հսկողությունը, բաժանում էին քաղաքային տարածքները, վարձով էին տալիս քաղաքի ունեցվածքը և նրա գործունեության եկամտաբեր ոլորտները, հարկեր էին հաստատում, ընդունում էին քաղաքային իրավունքը (քաղաքացիություն) և վեճեր էին լուծում, որոնք վկաների ներգրավում չէին պահանջում։ Բացի այդ, բուրգոմիստրը (բուրմիստր կամ պրոկոնսուլ) և հյուպատոսները պայքարում էին ազարտային խաղերի դեմ, հետևում էին առևտրականներին, որպեսզի նրանք չխաբեն գնորդներին, և գներին, որպեսզի վերավաճառողները օգուտ չունենան։ Հյուպատոսները աշխատավարձ չէին ստանում իրենց աշխատանքի դիմաց, որը համարվում էր պատվաբեր, սակայն նրանք թագավորական և քաղաքային հարկեր չէին վճարում իրենց անշարժ գույքի համար, նրանք ազատված էին մի շարք պարտավորություններից և ստանում էին տարբեր նվերներ։ Բուրգոմիստրերը իրավունք ունեին ինքնուրույն դատ անել և վեճեր լուծել, նույնիսկ իրենց տանը, իրենց միջոցով թագավորական խնդրանքներ և բողոքարկումներ էին ներկայացվում դատարան[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Козицький, Білостоцький, 2001, с. 3
  2. Тетяна Гошко։ «Маґдебурзьке право Львова» (ուկրաիներեն)։ Часопис «Ї»։ Վերցված է 2015-01-14