Հայ որբերի գորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ որբերի գորգը

Հայ որբերի գորգ (անգլ.՝ Armenian Orphan Rug), գորգ, որը գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում ապաստան գտած հայ որբերը։ Գորգի վրա արված զարդերը, բույսերը և կենդանիները ներկայացնում են եդեմական պարտեզը, մինչդեռ սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում՝ հայերի տեղահանություն և կոտորած օսմանյան թուրքերի կողմից։ Որպես հետևանք՝ շատերը՝ ավելի քան 100,000 երեխա, որբ են դառնում։ Նրանց աջակցում է Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի կազմակերպությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թվականին, 18 ամիսների ընթացքում, Լիբանանի Ղազիր քաղաքում և Միացյալ Նահանգներ է ուղարկվել՝ որպես նվեր ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)` ի նշան երախտագիտության։ Այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թվականին։

Նախագահ Քուլիջը, նվերից շոյված, Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ֆինլիին հասցեագրած իր նամակում գրում է.

Ես ստացա Լիբանանի երեխաների գործած գորգը։ Այս գորգը նրանց երախտագիտությունն է այն օգնության համար, որ մենք կարողացանք ցուցաբերել այդ երկրին։ Ես այն ընդունում եմ՝ ի նշան նրանց բարի կամքի Միացյալ Նահանգների ժողովրդի հանդեպ, որ մեծապես օժանդակել է Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի աշխատանքներին։ Խնդրում եմ՝ այդ որբերին փոխանցեք իմ և մեր հայրենակիցների խորին շնորհակալությունը։ Մենք մեծահոգությամբ ենք ընդունում սիրով արված այս աշխատանքը։ Գորգն իր պատվավոր տեղը կգտնի Սպիտակ տանը և երկրի վրա բարի կամքի խորհրդանիշը կլինի։

Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ վերցրեց։ 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը։ 2014 թվականի նոյեմբերին գորգը հանրությանը ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Երեք նվեր նախագահներին՝ որպես երախտիք արտերկրում ամերիկյան մեծահոգության»[1][2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀԲԸՄ ՀՎՀ էլ. գիրք Բացահայտենք Երևանը (անգլ.)
  2. «Armenian Orphan Rug, symbol of tragic past, is briefly on view». mcclatchydc. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Kennicott, Philip (2014 թ․ հոկտեմբերի 15). «Armenian Orphan Rug to go on display at White House Visitor Center in November». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]