Հայերը Բուենոս Այրեսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայերը Բուենոս Այրեսում 21-րդ դարի սկզբին կազմել են շուրջ 60 հազար բնակիչ։ Համայնքը ձևավորվել է 1909-1914 թվականներին՝ հիմնականում Ադանայի կոտորածից հետո։ Բուենոս Այրեսում գործում են հայ առաքելական վեց, կաթոլիկ մեկ և ավետարանական երկու եկեղեցիներ։ Կա հայկական գերեզմանատուն։ 1983 թվականին այստեղ բացվել է Արգենտինայի հայոց թեմը։ Գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, ՀԲԸՄ Մարի Մանուկյան, Խրիմյան կրթական հաստատությունները, Մխիթարյան, Բուենոս Այրեսի սուրբ Գևորգ եկեղեցին, Լոպեսի ազգային, Արծրունի և Պահչեճյան վարժարանները։

1988-1992 թվականներին գործել է նաև Վահե Չըննոգյան հայկական ուսուցչանոցը։ 1992 թվականից Դել Սալվադոր համալսարանի արևելագիտության ֆակուլտետում գործում է հայագիտանակա մշտական ամբիոն, Բուենոս Այրեսի պետական համալսարանում և Քենեդի համալսարանում հայագիտական ազատ (ոչ մշտական) ամբիոն, իսկ ճարտարապետության ֆակուլտետում դասավանդվում է հայկական ճարտարապետության դասընթաց։

Գաղութի մշակութային կյանքը ներկայացնում են Արգենտինահայ մշակութային միությունը, Համազգային, Թեքեյան և Նոր սերունդ մշակութային միությունները, «Ժորժ Սարգիսյան» և «Մհեր Մկրտչյան» թատերախմբերը, «Մասիս», «Գայանե», «Նաիրի» պարախմբերը, «Արաքս», «Կոմիտաս», «Շնորհալի», «Արևագալ», «Ալագյազ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Մաշտոց» երգչախմբերը, զանազան նվագախմբեր։

Հրատարակվում են «Արմենիա», «Սարդարապատ», «Նոր Հաճըն», «Նոր Սևան», «Generacion 3», «Արարատ» և «Dibet» պարբերականները։ Բուենոս Այրեսում լույս է տեսել «Արգենտինահայ ուղեցույց» տեղեկատվական ծավալուն հատորը (հեղինակ և հրատարակիչ՝ Լուսիա Դհրհբյան)։ Գործում է հայկական հինգ ռադիոժամ։

Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան (կան նաև փողոցներ այղ անվամբ), մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ Եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող։ Քաղաքի Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում (այստեղ են կենտրոնացած համայնքի ազգային հաստատությունների մեծ մասը) 1998 թվականին կառուցվել է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթող։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։