Հայաստանի ջիու-ջիցուի և գրեփլինգի ազգային ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ջիու-ջիցուի և գրեփլինգի ազգային ֆեդերացիա

Հայաստանի ջիու-ջիցուի և գրեփլինգի ազգային ֆեդերացիա, Հայաստանում բրազիլական ջիու-ջիցու և գրեփլինգ սպորտաձևերի զարգացմամբ ու համակարգմամբ զբաղվող մարմին, որը գրանցվել է 2012 թվականին[1][2]։ Ֆեդերացիայի նախագահն է Ռուբեն Միրիբյանը[2][3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում բրազիլական մարտարվեստով սկսել են զբաղվել 2009 թվականից, որից 3 տարի անց Վահան Թադևոսյանի նախաձեռնությամբ արդեն իսկ պաշտոնապես գրանցվել է տվյալ ոլորտը համակարգող մարմին (Հայաստանի ջիու-ջիցուի և գրեփլինգի ազգային ֆեդերացիան)[3]։ 2013 թվականին Հայաստան է հրավիրվել «Rio Grappling Club» պրոֆեսիոնալ սպորտային ակումբների ցանցի հիմնադիր, աշխարհի եռակի չեմպիոն Ռոբերտո Աթալայը, ում շնորհիվ Հայաստանը դարձել է «Rio Grappling Club» միջազգային ակումբի անդամ[3]։ Հայաստանի թիմի մարզիչը հանդիսանում է Անդրանիկ հարությունյանը[5]։ Հայաստանում գործում է երեք միջազգային ակումբ («Rio Grappling Club», «Hayastan MMA», «Legacy BJJ»)[2][4]։ Ջիու-ջիցուով զբաղվող աղջիկների թիվը նույնպես մեծ է, և ժամանակի ընթացքում մարտարվեստով զբաղվողների թիվը աճում է[1]։

Մրցաշարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին կազմակերպվել է մարտարվեստի առաջին մրցաշարը, որին մասնակցել է ավելի քան 80 մարզիկ[4]։ 2017 թվականից հետո պարբերաբար անցկացվում են տարբեր մրցաշարեր։ 2021 թվականին Հայաստանի Գրեփլինգի ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստանի ջիու-ջիցուի և գրեփլինգի ազգային ֆեդերացիան կազմակերպել է երեք մրցաշար, որոնց մասնակցել են ավելի քան 400 մարզիկ[4]։ Հայ մարզիկները 2015 թվականից սկսած բազմիցս մասնակցել են աշխարհի և Եվրոպայի առաջնություններին և այլ միջազգային մրցումների, որոնց ընթացքում զբաղեցրել են տարբեր մրցանակային տեղեր[2][4]։

2021 թվականի հունիսին «Դինամո» մարզադահլիճում անցկացվել է ջիու-ջիցուի Հայաստանի բաց առաջնությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված Գարիկ Արևիկյանի հիշատակին, որը կրելու է ամենամյա բնույթ[6]։ Առաջնությանը մասնակցել են տարբեր մարտարվեստներ ներկայացնող տարբեր տարիքային խմբերի շուրջ 200 մարզիկներ։ Մրցաշարի արդյունքների հիման վրա ձևավորվում է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներ միջազգային մրցույթներին մասնակցելու նպատակով[6]։

Ռոջեր Գրեյսինի այցը Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի որդու՝ Վարդան Սարգսյանի հրավերով Հայաստան էր ժամանել աշխարհի 10-ակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ռոջեր Գրեյսինը, ով Երևանի ջիու-ջիցուի «Legacy Brazilian Jiu Jitsu» ակումբում վարպետության դաս է անցկացրել հայ մարտիկների հետ։ Աշխարհի չեմպիոնը նախ սեմինար է անցկացրել՝ ցույց տալով ջիու-ջիցուի իր հնարքները, սովորեցրել է ներքևից և վերևից մրցակցին պարտության մատնելու հնարքներ, որից հետո սփարինգ-մենամարտեր է անցկացրել ցանկացողների հետ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 www.civilnet.am հայաստանի-ջիու-ջիցուի-աղջիկները
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ի՞նչ է բրազիլական ջիու-ջիցուն. մեկնաբանում է Հայաստանի ջիու-ջիցուի ֆեդերացիայի նախագահը
  3. 3,0 3,1 3,2 Հարցազրույց Ռուբեն Միրիբյանի հետ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «ruben-miribyan-creating-armenias-1st-jiu-jitsu-federation». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
  5. 5,0 5,1 Ջիու-ջիցուի աշխարհի 10-ակի չեմպիոն Ռոջեր Գրեյսին Երևանում է
  6. 6,0 6,1 Հայաստանի բաց առաջնություն

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]