Jump to content

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն, որին կարող են մասնակցել արվեստի հանդեպ սեր և կարողություն դրսևորող երեխաների ու պատանիների երկու տարիքային խմբեր՝ 6-13 և 14-18։ Կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կողմից, սկսած 2009 թվականից։

Մրցույթի ընթացակարգը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթի մեկնարկի մասին հայտարարությունը դրվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարություն և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի կայքերում, նաև ուղարկվում է շրջաբերականով ուսումնական հաստատություններին ամեն տարվա փետրվար-մարտ ամիսներին, որից հետո մինչ ուսումնական տարվա վերջն ընդունվում են հայտերը՝ էլեկտրոնային տարբերակով։ Երկրորդ փուլ անցած մասնակիցների ներկայացրած աշխատանքներից ձևավորվում է ցուցահանդեսը և կազմվում պատկերագիրքը, ընտրվում են հիմնական և խրախուսական մրցանակակիրները։ Մրցույթ-փառատոնը եզրափակվում է մրցանակակիրների հայտարարմամբ և բոլոր մասնակիցներին իրենց աշխատանքների ու պատկերագրքերի հանձնումով։

Հեքիաթների աշխարհում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մրցույթ-փառատոնի թեմա ընտրվել էին հայկական հեքիաթները։ Եզրափակիչ փուլ անցած աշխատանքների ցուցահանդեսը կայացավ Մանկական ստեղծագործության թանգարանի ցուցասրահում։ 2010-ին լույս տեսած «Հեքիաթների աշխարհում» պատկերագրքում զետեղվել են Հայաստանից, Արցախից և սփյուռքի քսան երկրներից ստացված ավելի քան 200 աշխատանք[1][2]։

Հայոց պետականություն 5000-ամյա և 20-ամյա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ մրցույթ-փառատոնի թեման նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախացման 20-ամյակին։ Մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների քանակն արդեն կազմում էր Հայաստանի, Արցախի և սփյուռքի 18 երկրներից ստացված 245 աշխատանք։

Սիրե՛ք պոետի գույները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ մրցույթ-փառատոնի թեման հայկական պոեզիան էր։ Թեմայի շրջանակներում կայացավ նաև մանկական պոեզիայի մրցույթ, արդյունքում «Սիրե՛ք պոետի գույները» պատկերագրքում տպագրվեցին նաև մանկական բանաստեղծություններ։

Հայկական լեռնաշխարհից ծնված ոգին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ մրցույթ-փառատոնի թեման ուղղված էր պատմական ու ներկա Հայաստանի, Արցախի տարբեր հատվածների բնաշխարհին և մշակութային երևույթներին։ 2010-2013 թթ նախագծերի կազմակերպմանը և իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն։

Մեկ դար և ավելի...

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգերորդ մրցույթը մեկնարկեց մեկ տարի ընդմիջումից հետո, Հայոց Մեծ եղեռնի հարյուրամյա տարելիցին ընդառաջ։ Հաշվի առնելով թեմայի կարևորությունը մրցույթի հայտարարության մեջ պահանջվում էր ներկայացնել միայն նախագծային աշխատանքներ (մեկ թեմայի կամ առաջարկության շուրջ խմբակային աշխատանք), որոնք նպաստում են երեխաների միասնական, թիմային աշխատանքի հմտությունների զարգացմանը։ Ընտրության արդյունքում ցուցահանդեսում ընդգրկվել էին Հայաստանի 40, Արցախի 3 և Սփյուռքի 32 դպրոցների շուրջ 250 նկար (առանձին նկարներ, նկարներ-նախագծեր, նկարների շարքեր, նկար-օբյեկտներ), 9 գոբելեն, 4 քանդակ և 8 օբյեկտ։ Ցուցահանդեսը կայացավ Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ցուցասրահում։ Ցուցահանդեսի բացմանը ի հիշատակ Մեծ եղեռնի զոհ դարձած բոլոր մանուկներին օդ բարձրացան 10 օդապարուկներ՝ նկարազարդված Թեհրանի «Արարատ» Հայ Մշակութային կազմակերպության կրտսեր սաների կողմից։ «Մեկ դար և ավելի...» պատկերագրքի տպագրման աշխատանքներին աջակցեցին «Երևան պրոդաքշնս» ՓԲԸ և imyerevan.com կայքը։

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ...

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ մրցույթ-փառատոնը կրում էր «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ...» հայտնի խորագիրը, քանի որ թեման անդրադարձել էր մանկանկարչությանը, գրավոր մշակույթի և ժողովրդական բանահյուսության միավորմանը։ Մանկավարժներին առաջարկվել էր ընտրել մանրանկարչական  դպրոցներից նկարչական մոտեցման մեթոդը, ժողովրդական բանահյուսության որևէ երկ (հեքիաթ, հանելուկ, առակ, առած, ասացվածք, երգ, էպոս) ձևավորելու համար։ Մեկ գաղափարով միավորված խմբային նախագծային աշխատանքների դեպքում խրախուսվում էր նաև ամբողջական գրքի կազմումը։ Մասնակիցները ներկայացրել էին առանձին էջեր, անվանաթերթեր և լիարժեք ձևավորված գրքեր։ Չնայած մրցույթի պահանջների մեջ հստակ բացառվում էին հոգևոր մանրանկարչական սյուժեներն ու ընդօրինակումները, այնուամենայնիվ, որոշ քանակի առանձնակի վարպետությամբ կատարված աստվածաշնչյան թեմաներով աշխատանքներ ևս անցան երկրորդ փուլ։ Վեցերորդ մրցույթ- փառատոնում Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Երևանի արվեստանոցների սաները մասնակցում էին արդեն արտամրցութային կարգով։

2016 թվականից փառատոնի կազմակերպման և պատկերագրքի տպագրման բյուջեն արդեն ներառվեց պետական ֆինանսավորման մեջ։

Ցուցահանդեսի բացումը կայացավ Մանկական ստեղծագործության թանգարանում։

Պատկեր:«Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ...» պատկերագիրքը.jpg

Ազգային տոներ, ծեսեր, խաղեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթերորդ մրցույթ-փառատոնի թեման հայ ազգային տոները, ծեսերն ու խաղերն էին։ Աշխատանքների մեծ քանակության պատճառով ցուցահանդեսի նյութը բաժանվեց երկու մասի. առաջին մասում ցուցադրվեցին Հայաստանի, Սփյուռքի և Արցախի մասնակիցները, իսկ երկրորդ մասում՝ Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնն իր մասնաճյուղերով հանդերձ, Սփյուռքից երկու դպրոցի (Ֆրանսիա, Քուվեյթ) և Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշենի նկարչական խմբի սաները։ Երկու ցուցահանդեսներն իրականացան Մանկական ստեղծագործության թանգարանում։

Ելնելով թեմայից, այս անգամ աշխատանքների գերակշռող մասը կրում էր անհատական բնույթ և տարբեր տոներն ու ծեսերը տեղայնացված կամ ամբողջ հայությանը հանրածանոթ չլինելով, կարիք ունեին անհրաժեշտ բացատրության. հանձնաժողովի կողմից որոշվեց յուրաքանչյուր տոնի մասին պատկերագրքում ներկայացնել հակիրճ տեղեկություն, այսպիսով պատկերագիրքը վերածվեց մանկական նկարներով ձևավորված գիրք-տոնացույցի՝ միավորելով բոլոր մասնակիցներին ըստ տարվա տոների հաջորդականության։ Իրենց առանձին բաժինն ունեցան նաև ազգային խաղերն ու ավանդույթները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]