Հակոբ Մեղապարտ տպագրատուն
«Հակոբ Մեղապարտ տպագրատուն», ստեղծվել է 1948 թվականին Երևանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրատունը մինչև 1962 թվականը կոչվել է «Գրքերի տան տպարան», ապա՝ Երևանի Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատ, 1998 թվականից՝ «Հակոբ Մեղապարտ տպագրատուն»։ Այն տևական ժամանակ եղել է հանրապետության պոլիգրաֆարդյունաբերության առաջատարը։ 1953 թվականին կոմբինատի պատվերով Մոսկվայի Պոլիգրաֆմեքենա ԳՀԻ-ում պատրաստվել է մոնոտիպի տառամայրերի նոր տեսակաշար (տառանկարիչ՝ Հենրիկ Մնացականյան), իսկ 1955 թվականին Լենինգրադից բերվել է գրքի կազմակողի պատրաստման մեքենա։ Օֆսեթ տպագրությունը նույնպես առաջինը ներդրվել է այս տպարանում։
1957 թվականին Խորհրդային Միությունում անկացված գրքի համամիութենական ցուցահանդեսում (Մոսկվա) կոմբինատի տպագրած Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» (նկարիչ՝ Գ. Կոխան, տպագրիչ՝ Բ. Սաֆարյան, կազմարար՝ Ս. Լատոյան) վեպը դասվել է լավագույն գրքերի շարքը։
1967 թվականին կազմարարական արտադրամասում ներդրվել է գրքի բլոկի անկար պատրաստման և մշակման եղանակ (Ա. Նազարյան)։ 1968 թվականին Շադրինսկի (Ռուսաստան) պոլիգրաֆսարքեր արտադրող գործարանում պատրաստվել են «Հանրագիտարանային տառատեսակի» տառամայրեր, որոնցով հետագայում ձուլվել են «Հայկական սովետական հանրագիտարանի» (ՀՍՀ) հատորների տառերը։ «ՀՍՀ»-ն տպագրվել է 100 հազար օրինակով (Հանրագիտարանի գլխավոր խմբագրի արտադրության գծով տեղակալ՝ Ա. Մատինյան, 1972 թվականից՝ Վ. Սկոբելկին, մոնոտիպի վարպետ՝ Ս. Նունյան, հատորների 1-միլիոներորդ օրինակը տպագրվել է 1984 թվականին)։
«Հակոբ Մեղապարտ տպագրատանը» լույս է ընծայել նաև հայ և ռուս դասականների երկեր, արկածային և գիտահանրամատչելի գրակականություն, դասագրքեր, բառարաններ, գիտական աշխատություններ (Ռ. Սահակյանի և Կ. Խուդավերդյանի «Հայոց ցեղասպանությունը տասնամյակների լույսի ներքո», 1995, Ս. Գեջյանի «Հայկական ճարտարապետություն», 1997, և այլն)։
«Հակոբ Մեղապարտ տպագրատան» տնօրեններ են եղել Ահարոն Ալեքյանը, Արամ Նազարյանը, Կոստանդին Ղամբարյանը, Մեսրոպ Մարտիրոսյանը, Ցոլակ Պողոսյանը, Ռիչարդ Գևորգյանը, Ռաֆայել Հարությունյանը, Հարություն Առաքելյանը (պաշտոնակատար), Բագրատ Քեռյանը (1988 թվականից)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի հուշադրոշ
- Հայկական ԽՍՀ ԳԽ նախագահության հուշադրոշ
- Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի հուշադրոշ
- Որակի համաշխարհային կոմիտեի «Ոսկե աստղ» մրցանակ (2000, Մադրիդ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |