Հազարան Բուլբուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Հազարան Բուլբուլ», հայ գրող Ղազարոս Աղայանի հեքիաթներից է։

Հազարան բուլբուլ
ՀեղինակՂազարոս Աղայան
ԺանրՀեքիաթ
ԼեզուՀայերեն
ՎիքիդարանՀազարան Բուլբուլ

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարան Բուլբուլ» հեքիաթը արաբական հեքիաթ է, որը պատմել է Շահրազադա թագուհին իր ամուսին Շահրիար թագավորին[1]։ Հայ գրող, արձակագիր Ղազարոս Աղայանի դերը մեծ է հեքիաթի բնագավառում։ Նա հայ գրականության մեջ հեքիաթի ժանրի հիմնադիրն է, նրա մշակման խոշոր վարպետներից մեկը։ Հեքիաթը համարելով դաստիարակչական կարևոր միջոց, հանճարեղ մարդկանց երևակայության անսպառ աղբյուր, նա իր մշակած հիասքանչ հեքիաթներով ցանկացել է մատաղ սերնդի մեջ սերմանել մարդկային վսեմ գծեր։ Հակառակ այն սխալ տեսակետի, որ իբր հեքիաթը սարսափեցնում է մանուկներին, կասեցնում նրանց մտավոր զարգացումը, Ադայանը, ելնելով քաջարի սերունդ դաստիարակելու իր նպատակադրումից, գտնում է . «Ոչ ամենայն ինչ, որ սարսափելի է թվում, նաև վնասակար է։ Ընդհակառակն՝ չսարսափելու համար պետք է լսած լինել ամենասարսափելի օրինակները», և ավելացնում. «Ցանկալի է, որ մեր նոր սերունդը ամուր նյարդեր ունենար և ոչ թույլ, դյուրագրգիռ, հիստերիկական և ախտավոր, ինչպիսիք երևում են մեր ժամանակում»[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում, վաղուց անցած օրերում Պարսկաստանում ապրում էր մի թագավոր՝ անունը Խոսրով-շահ, որին  տրված էր հզորություն, ջահելություն, գեղեցկություն, արդարասիրության այնպիսի զորեղ զգացում, որ նրա թագավորության ժամանակ ուլն ու վագրը միմյանց հետ հաշտ էին ապրում և կողք կողքի էին խմում միևնույն վտակից։ Եվ այդ թագավորը, որ սիրում էր անձամբ տեսնել ամենը, ինչ որ կատարվում էր իր մայրաքաղաքում, սովորություն ուներ քաղաքում զբոսնելու գիշերները՝ օտարերկրացի վաճառականի հագուստով, իր վեզիրի կամ իր պալատականներից որևիցե մեկի հետ։ Եվ ահա, մեկ անգամ գիշերը քաղաքի այն թաղում, ուր աղքատներն էին բնակվում, նա լսեց նեղ փողոցներից մեկի խորքում ձայներ։ Եվ մոտեցավ ուղեկցի հետ այն մխացող բնակարանին, որտեղից լսվում էին ձայները և, աչքը ձգելով դռան ճեղքին, սկսեց նայել ներսը։ Եվ տեսավ երեք երիտասարդ աղջիկներ, որոնք ճրագի շուրջը բոլորած՝ զրուցում էին ընթրիքից հետո։ Այդ երեք աղջիկները  քույրեր էին։ Միայն կրտսերը շատ էր գերազանցում մյուսներին իր գեղեցկությամբ։ Թագավորը լսում է` ինչ ցանկություններ ունեն քույրերը։ Նրանցից մեծը ցանկանում էր լինել թագավորի գաթա թխողի կինը։ Երկրորդն ասում է, որ կբավականանա ամուսնանալով սուլթանի խոհարարի հետ, որ համտեսի  սուլթանի պալատում պատրատվող ուտելիքները։ Փոքրիկ քույրը, ամոթխածությունից շփոթվելով, ասում է, որ կցանկանար սուլթանի կինը լինել և պարգևել նրան մի օրհնյալ սերունդ։ Նրանց ամուսնությունից ծնված արու զավակները իրենց հորն արժանի որդիներ կլինեին, իսկ աղջիկը, որ կուզեր ունենալ, նման կլիներ երկնքի ժպիտին. նրա մազերի մի կողմը ոսկի կլիներ, մյուս կողմը՝ արծաթ, նրա թափած արտասուքների ամեն մի կաթիլը մարգարիտ կդառնար, նրա ծիծաղի ձայնը կհնչեր ոսկե դրամների նման, իսկ նրա ժպիտը վարդի կոկոնի նման կբացվեր նրա շրթունքների վրա։ Սուլթան Խոսրով-շահը և նրա ուղեկիցը տեսան և լսեցին բոլորը։ Բայց չուզենալով, որ իրենց նկատեն, ընդհատեցին իրենց ականջ դնելը և շուտով հեռացան։ Խոսրով-շահը այդ լսածները շատ հետաքրքրական համարեց և իր հոգու մեջ ցանկություն զգաց կատարելու այն ամենը, ինչ որ ցանկանում էին աղջիկները և, իր մտադրությունը չհայտնելով ուղեկցին, հրամայեց, որ լավ նկատի այն տունը, որ մյուս օրը գա երեք քույրերի հետևից և նրանց տանեն պալատ։ Վեզիրը  մյուս օրն շտապեց կատարելու սուլթանի հրամանը ու քույրերին տարավ պալատ։ Երեք քույրերի  հարսանիքն էլ հենց նույն օրը կատարեցին, թագուհու հարսանիքը՝ մի չլսված փառավորությունով, իսկ մյուսներինը՝ սովորական կերպով, ինչպես կատարում են հասարակ մարդիկ։ Այս պատճառով մեծ քույրերը  նախանձեցին և մտածեցին իրենց փոքր քրոջը մի փորձանքի բերել։ Բայց իրենց այդ չար միտքը ամենայն զգուշությամբ ծածուկ էին պահում։ Նրանք փոխանակ բավականանալու այն բախտից, որով բախտավորվել էին իրենք՝ նայելով իրենց քրոջ բարձր վիճակին, չարաչար տանջվում էին նախանձից ու ատելությունից։ Եվ այսպես  անցնում է  ինն ամիս։ Ինն ամիս անց թագուհին մի որդի է լույս աշխարհ բերում։ Մեծ քույրերը, որոնք սուլթանի խնդրանքով ներկա էին նրա երկունքի ժամանակ և մանկաբարձուհու պաշտոն էին կատարում, ոչ մի գթաշարժություն չունեցան դեպի քույրը և ոչ էլ  հափշտակվեցին նորածնի գեղեցկությունով, այլ  մտածեցին խորտակելու երիտասարդ մոր սիրտը։ Նրանք իսկույնևեթ վերցրին նորածին մանկանը, դրին մի փոքր զամբյուղի մեջ ու թաքցրին միառժամանակ, իսկ նրա տեղը դրին մի անշունչ շան ձագ և, ցույց տալով բոլոր պալատական կանանց, հավատացրին, որ շան ձագը սուլթանուհու լույս աշխարհ բերածն է։ Այս լուրը, երբ հասավ Խոսրով-շահ սուլթանի ականջը՝ նրա աչքերը մթնեցին,  ընկավ խոր տխրության մեջ, փակվեց իր սենյակում և հրաժարվեց պետական գործերը կատարելուց։ Սուլթանուհին ավելի ևս ընկղմվեց խոր տխրության մեջ, նրա հոգին նվաստացավ, ու սիրտը կոտրվեց։ Իսկ ինչ վերաբերում է նորածնին, նրան մորաքույրները զամբյուղի մեջ դրեցին և ձգեցին ջրանցքի մեջ, որ հոսում էր ապարանքի կողքով։ Բայց հենց այդ ժամանակ, բախտի բերումով, սուլթանի այգիների կառավարիչը զբոսնելիս է լինում ջրափին և տեսնում է, որ մի զամբյուղ է տատանվում ջրի ալիքների վրա։ Նա դուրս է քաշում զամբյուղը, բացում և տեսնում նրանում մի գեղեցիկ մանուկ։ Այգիների կառավարիչը վաղուց էր ամուսնացել և շատ էր ցանկանում զավակ ունենալ և մինչև անգամ՝ երկու-երեք երեխա, որ օրհնեին իրենց ստեղծողին։ Բայց նրա ցանկությունը, ինչպես և իր կնոջը, չէր կատարվում։ Եվ նրանք երկուսն էլ շատ էին տխրում իրանց անզավակության և միայնության համար։ Այս պատճառով ահա, երբ որ կառավարիչը գտավ աննման գեղեցկություն ունեցող երեխային, նա վեր առավ զամբյուղը անսահման ուրախությունով, վազեց մինչև այգու վերջը, ուր գտնվում էր իր տունը և, կնոջ սենյակը մտնելով պատմեց, թե ինչպես է երեխային գտել։ Նրանք երեխային իրենց որդին համարեցին։ Մյուս տարին խեղճ մայրը, որին այնպես անգթաբար խաբել էին և զրկել իր պտղից, լույս աշխարհ բերեց  երկրորդ որդուն։ Սակայն երկու քույրերը հսկում էին՝ կեղծ ցավակցություն տալով, բայց իսկապես ատելությունով լցված, և առաջին անգամվա նման չխնայեցին իրենց քրոջ նորածին զավակին և նրան էլ դրին զամբյուղի մեջ և ձգեցին ջրանցքը։ Իսկ բոլոր պալատականներին ցույց տվին մի կատվի ձագ և հավատացրին, որ այդ է սուլթանուհու նոր ծնունդը։ Եվ բոլորը շատ զարմացան ու շատ տխրեցին։ Իսկ սուլթանը, անսահման ամոթահարված, անկասկած, անձնատուր կլիներ կատաղի զայրացման, եթե անծանոթ լիներ անքննելի արդարության պատվերներին։ Սուլթանուհու սիրտը լիքն էր կսկիծով և հուսահատությամբ։ Իսկ ինչ վերաբերում է երեխային, պետք է ասել, որ երեխաների բախտի պահպանողը ներշնչեց այգիների կառավարչին, որ զբոսնում էր գետափին, որ նա դարձյալ նկատի զամբյուղը։ Եվ ինչպես առաջին անգամը, կառավարիչը փրկեց երեխային և տարավ կնոջ մոտ, որ սիրեց նրան, ինչպես իր սեփական զավակին և սկսեց նրան նույնպես մեծ հոգատարությամբ սնուցել, ինչպես առաջինին։ Սուլթանուհին լույս աշխարհ բերեց երրորդ զավակին։ Իսկ նրա քույրերն  ատելությամբ լցված`շարունակում էին իրանց կրտսեր քրոջ կորստի մասին մտածել, և նորածին աղջկանը նույն ձևով ջուրը ձգեցին, ինչպես և նրա եղբայրներին։ Բայց նրան էլ պատսպարեց այգիների կառավարիչը և նրա եղբայրների հետ պահեց, դաստիարակեց։ Բայց այս անգամ, երբ քույրերը իրենց անելիքն անելով՝ նորածնի տեղը դրին մի կույր մուկ, սուլթանը, չնայած իր բարեգթությանը, չկարողացավ զսպել բարկությունը։ Նա  մտածում էր, որ ամուսնացել է մի հրեշի հետ, և միայն մահը կարող է ազատել նրանից։ Եվ մահվան դատապարտեց սուլթանուհուն։ Հրամայեց իր զինակրին կատարել հրամանը, սակայն երբ  տեսավ արտասուքը և անսահման կսկիծը այն կնոջ, որին սիրել էր իր սիրտը, սուլթանը շատ խղճաց և երեսը շրջելով հրամայեց փակել նրան ապարանքի հեռավոր սենյակներից մեկում, որ այնտեղ անցկացնի կյանքի մնացած օրերը։ Եվ այն օրվանից էլ չուզեց տեսնել նրա երեսը։ Այնուհետև խեղճ կինը, խոր տխրության ու արտասուքի մեջ ընկղմած, երկրային բոլոր դառնության ճաշակն առավ։ Իսկ քույրերը շատ ուրախացել էին, հագեցնելով իրենց չարությունը, և այդ օրվանից կարող էին հանգիստ սրտով ուտել իրենց ամուսինների պատրաստած քաղցրեղենները և խորտիկները։Եվ ահա օրերն ու տարիները անց էին կենում։ Եվ երբ կառավարչի որդեգրած երեխաները  մտնում էկն պատանեկության հասակը, իրենց գեղեցկությունով  կուրացնում էին բոլորի տեսողությունը։ Նրանց այսպես էին անվանում` առաջինին` Ֆարիդ, երկրորդին՝ Ֆարուզ, իսկ աղջկանը՝ Ֆարիզադա։ Ֆարիզադան էր բուն երկնքի ժպիտը։ Նրա մազերի մի կողմն արծաթի էր, մյուս կողմը՝ ոսկի։ Աղջկան  ճանաչողները, ինչպես հայրը, մայրը և եղբայրները, նրա անունը՝ «Ֆարիզադա» ասելիս, միշտ ավելացնում էին՝ «վարդաժպիտ»։ Այսպես զարգանում էին թագավորական այգիների կառավարչի որդիները, իսկ ինքը՝ կառավարիչը, շրջապատված նրանց սիրով ու հարգանքով, հիանալով նրանց գեղեցկությամբ, շուտով հասավ խորին ծերության։ Իսկ իր կինը, կյանքից իրեն բաժին ընկած մասը լրացնելով, մահացել էր ամուսնուց առաջ։ Նրա մահը բոլորի տխրության ու կսկիծի պատճառը դարձավ, այնպես որ կառավարիչն այլևս մնալ չուզեց նույն տանը, որտեղ հանգուցյալը ամենի համար խաղաղության ու երջանկության աղբյուր էր։ Գնաց սուլթանի ոտներն ընկավ և աղաչեց, որ ազատի իրեն այն պաշտոնից, որ այնքան երկար տարիներ կատարել էր։ Սուլթանը տխրեց, որ պիտի բաժանվի իր հավատարիմ ծառայից և ցավելով կատարեց նրա խնդիրը։ Արձակելով նրան, ընծայեց մի հոյակապ կալվածք՝ քաղաքին մոտիկ, ընդարձակ վարելահողերով, անտառներով, արոտատեղերով, ճոխ կահավորված ապարանքով, իրեն՝ կառավարչի ձեռքով ճարտարությամբ տնկված այգիով և լայնարձակ ծառաստանով, շրջապատված բարձր պարիսպով, որի մեջ կենում էին ամեն գույնի թռչուններ և ընտանի ու վայրի կենդանիներ։ Ահա, այդ իսկ կալվածքը քաշվեց առաքինի ծերունին իր որդեգիրներով։ Այստեղ էլ նա մեռավ՝ շրջապատված իր որդեգիրների սիրով ու հոգածություններով։ Նրա հրաշալի կալվածքում շարունակեցին ապրել պատանիները և իրենց փոքրիկ քույրը։ Եվ որովհետև նրանց իմաստությամբ էին կրթել և պարզ ու հասարակ, այս պատճառով նրանք գոհ էին իրանց վիճակից և այլևս ոչինչ չէին ուզում, այլ միայն՝ ապրել խաղաղ ու սիրով։ Ֆարիդն ու Ֆարուզը հաճախ գնում էին որսի՝ անտառներ և դաշտեր։ Իսկ վարդաժպիտ Ֆարիզադան ամենքից շատ սիրում էր այգիներում զբոսնել։ Եվ ահա մեկ օր էլ, երբ նա պատրաստվել էր գնալ զբոսանքի, ծառաներն ասացին, թե մի անծանոթ պառավ, օրհնության կնիքը երեսին, խնդրում է, որ թույլ տա իրեն մի ժամի չափ հանգստանալու այդ գեղեցիկ այգիների ստվերներում։ Իսկ Ֆարիզադան, որի սիրտը լիքն էր կարեկցությունով, ցանկացավ ինքն անձամբ ընդունել անծանոթ պառավին։ Նրան սիրով հյուրասիրեց, ուտեցրեց, խմեցրեց և տվեց  նրան մի հախճապակյա մատուցարան՝ պատվական պտուղներով, թխվածքներով, չոր քաղցրավենիքներով և հյութալի անուշեղեններով։ Հետո ման ածեց այգում, իմանալով, որ միշտ օգտակար է փորձված մարդկանց հետ լինելը և իմաստուն խոսվածք լսելը։ Եվ զբոսնում էին նրանք այգում միասին։ Վարդաժպիտ Ֆարիզադան բարի պառավին օգնում էր զբոսնել` բռնելով նրա ձեռքը։ Երբ որ հասավ ամենալավ ծառին՝ Ֆարիզադան պառավին նստեցրեց այդ ծառի ստվերում։ Եվ խոսք խոսքից հետո վերջապես Ֆարիզադան հարցրեց պառավին, թե նրան դու՞ր են գալիս այդ տեղերը, ու հավանո՞ւմ է արդյոք։ Այդ ժամանակ պառավը բավական երկար մտմտալուց հետո պատասխանում է, որ կցանկանար այդ պատվական այգում ունենային այն երեք առարկաները, որոնք նույնպես մի-մի հատիկ են աշխարհի երեսին և չունեն իրենց նմանը։ Վարդաժպիտ Ֆարիզադան շատ զարմացավ, որ իր այգուն երեք անհամեմատ լավ բաներ են պակաս և խնդրեց պառավին ասել դրանց մասին։ Եվ մի փոքր լռելուց հետո պառավն ասաց` առաջինը հազարան բուլբուլը՝ խոսող թռչունն է, երկրորդ անհամեմատ առարկան` երգող ծառը, իսկ երրորդը`ոսկեցնցուղ ջուրը։ Եվ նաև հայտնում է այդ հրաշալիքների տեղը, որոնք գտնվում են Հնդկաստանի սահմանի վրա։ Իսկ դեպի այնտեղ տանող ճամփան անցնում է քո ապարանքի հետևից։ Նրանք պետք է  այդ ճանապարհով գնան քսան օր, քսանմեկերորդ օրն առաջին պատահած մարդը ցույց կտար տեղը։ Այսպես քույրը այս ամենի մասին հայտնում է եղբայրներին, որոնցից առաջինը գնում է գտնելու պառավի ասած լավ բաները։ Նրան  քսամեկերորդ օրը ծերունի է հանդիպում, որն էլ ասում է տեղը։ Սակայն արքայազն Ֆարիդը դառնում է մի սև բազալտի ժայռ։ Լեռան ստորոտում նրա ձին էլ է դառնում մի անձև քարաժայռ։ Իսկ գրանիտե կարմիր գնդակը, որը տվել էր ծերունին, դարձավ՝ գլորվելով ծերունու մոտ։ Ֆարիդի հետ պատահած այս աղետի օրը Ֆարիզադան, ըստ սովորության, հանեց եղբոր դանակը պատյանից, որ միշտ կախած ուներ գոտիկից և, նայելով վրան, երեսի գույնը նետեց՝ տեսնելով, որ դեռ երեկ այնքան փայլուն սայրը գունատվել ու ժանգոտվել է և սկսեց ողբալ։ Քրոջ լաց ու կոծի վրա հասավ երկրորդ եղբայրը՝ Ֆարուզը, և սկսեց մխիթարել և հուսադրել։ Նա որոշում է օգնության հասնել եղբորը։ Ֆարուզը, հետևելով եղբորը, գնաց նույն ճամփով և քսաներորդ օրը հասավ նույն ծերունի կրոնավորին, որին գտավ նույն ծառի տակ նստած և նույն դիրքով, ինչպես տեսել էր Ֆարիդը, այսինքն՝ ձախ ձեռքին համրիչը, իսկ աջը վեր բարձրացրած և ցուցամատը ցցած առանձին։ Սովորական ողջույնից հետո, երբ Ֆարուզը հայտնեց եղբոր հետ պատահած աղետը և իր գալու նպատակը, ծերունին սրան էլ հորդորեց, որ ետ կանգնի իր մտադրությունից, բայց, տեսնելով, որ չի համոզվում, նրան տվեց գրանիտե գնդակը, որով հասավ աղետավոր սարի ստորոտը, ուր ձին գնդակից կապելով՝ ինքն սկսեց սարնիվեր բարձրանալ։ Ֆարուզը, գնալով նույն ճամփով, որով գնացել էր եղբայրը, ենթարկվելով միևնույն ձայներին, շատ պինդ էր պահում իրեն, սակայն նա էլ իր եղբոր նման նույն բազալտի ժայռը դարձավ, ձին էլ նույնպես քարացավ, իսկ գնդակը, գլորվելով, լուրը հասցրեց ծերունուն։ Ֆարիզադան զսպելով իր մեջ կանացի քնքշությունը, հագավ տղամարդ ձիավորի հագուստ, զենք ու զրահ և գնաց եղբայրների գնացած ճամփով, մինչև հասավ ծանոթ ծերունուն, որն էլ հայտնեց աղջկան, որ իրեն չեն խաբել նրանք, ովքեր պատմել են երեք հրաշալի առարկաների մասին, որոնց հետևից գնացել և մահվան են մատնվել շատ թագավորազներ և իշխանազներ, բայց պատմողները լռել են այն վտանգների մասին, որոնց ենթարկվում են նրանց որոնողները և պատմեց, թե ինչ վտանգներ կան նրա առջև, սակայն Ֆարիզադան որոշեց, որ պետք է գնա իր եղբայրներին ազատելու։ Ծերունին նրան տվեց բրդի մի կտոր, որը պետք է պաշտպաներ աղջկան։ Ֆարիզադան կարողանում է հաղթահարել բոլոր արգելքները և երեք առարկաները գտնելուց հետո կենդանացնում է քարերին, գտնում նաև իր եղբայրներին։ Ֆարիզադան այլևս առիթ չուներ ո՛չ տխրելու և ո՛չ ձանձրանալու։ Նա սկսեց շարունակել իր սովորական տնային պարապմունքը, միշտ նստած խոսող թռչունի մոտ, որը նրան զբաղեցնում էր շատ իմաստալից և հետաքրքրական պատմություններով։ Նրա թողած պակասը լրացնում էին երգող ծառը և ոսկեցնցուղ ջուրը, իսկ եղբայրները ցերեկը զբաղվում էին որսորդությամբ,  գիշերները վերադառնում էին տուն, ուրախ ժամանակ անցկացնում իրենց քրոջ հետ։ Մի անգամ էլ եղբայրները հանդիպում են սուլթանին։ Սուլթանը տղաներից իմանում է, որ նրանք իր կառավարչի որդիներն են։ Սուլթանը որոշում է հյուր գնալ տղաների տուն։ Հենց այստեղ էլ տեսնում է, պարզվում է ամեն բան, հազարան բուլբուլը պատմում է բոլորին իրականությունը։  Այս մասին հայտնում են նաև սուլթանի կնոջը, իսկ նրա քույրերը հենց նույն օրն էլ մահանում են կատաղությունից։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սուլթան
  2. Սուլթանի կին
  3. Կնոջ քույրեր
  4. Կառավարիչ
  5. Ֆարիզադա
  6. Ֆարիդ
  7. Ֆարուզ
  8. Պառավ
  9. Ծերունի
  10. Հազարան բուլբուլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հազարան Բուլբուլ — Վիքիդարան». hy.wikisource.org. Վերցված է 2024 թ․ մարտի 5-ին.
  2. Ղազարոս Աղայան, կյանքը և ստեղծագործությունը. Լույս. 1980. էջ 9.