ՀՀ տեղական ինքնակառավարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

ՀՀ տեղական ինքնակառավարումը հանրային կառավարման համակարգ է, որը համայնքի բնակչությանը վերապահում է տեղական նշանակության հարցերն ինքնուրույն լուծելու, համայնքային ունեցվածքն օգտագործելու և տնօրինելու իրավունք։ Ինքնակառավարումն իրականացվում է ընտրովի մարմինների՝ համայնքի ավագանու (ներկայացուցչական մարմին) և ղեկավարի (գործադիր մարմին, քաղաքում՝ քաղաքապետ, գյուղում՝ գյուղապետ) միջոցով։ Յուրաքանչյուր քաղաքային կամ գյուղ, համայնք ներառում է մեկ կամ մի քանի բնակավայր։ ՀՀ-ում կա 998 բնակավայր, որոնք միավորված են 915 համայնքում, 49-ը քաղաքային են, 866-ը՝ գյուղական։ Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ) ընտրվում են 4 տարի ժամկետով՝ ուղղակի և գաղտնի քվեարկությամբ։ Համայնքի ավագանու անդամների թիվը (5-15 մարդ) պայմանավորված է համայնքի բնակչության քանակով։ ՀՀ ՏԻՄ-ի 1-ին ընտրություններն անցկացվել են 1996-ի նոյեմբեմբերի 10-ին։ ՀՀ ՏԻՄ-ի համակարգի զարգացման նպատակով համայնքներին է վերապահվել գույքահարկի և հողի հարկի գանձման վարչարարությունը։ Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու, նրանց ֆինանսական, հնարավորությունների միջև առկա տարբերությունը նվազեցնելու նպատակով 1998-ին ընդունվել է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը։ ՀՀ-ն 2002-ին միացել է «Տեղական ինքնակառավարման մասին» Եվրոպական՝ խարտիային։ Նույն տարում ընդունվել է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, 2004-ին՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում է համայնքային ծառայության պաշտոնների և դասային աստիճանների դասակարգման, պաշտոնի նշանակման, համայնքային ծառայության կազմակերպման, ղեկավարման և այլ հարաբերություններ։ 2005նոյեմբերի 27-ի սահմանադրական Փոփոխություններով (Սահմանադրոթյան 7-րդ գլուխ) ՏԻՄ-ի լիազորությունների ժամկետը 3-ից դարձել է 4 տարի (հոդված 107), Երևանին տրվել է համայնքի կարգավիճակ (հոդված 108), համայնքի ղեկավարի պաշտոնանկության դեպքում պարտադիր է Սահմանադրական դատարանի եզրակացությունը (հոդված 109), համայնքները կարող են միանալ կամ առանձնանալ միմյանցից, ինչպես նաև միջհամայնքային միավորումներ ստեղծել՝ օրենքով սահմանված կարգով (հոդված 110) և այլն։ ՏԻՄ-ի նստավայրի շենքի վրա տեղադրվում է ՀՀ պետական դրոշը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png