ՀՀ բարձրագույն կրթական համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կրթություն՝ անձի, հասարակության և պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է գիտելիքները պահպանելու ու սերունդներին փոխանցելու համար։ Հայաստանում կրթական համակարգը մինչև 1991 թվականները զարգացել է բացառապես խորդհրադային կարգերի համաձայն։ Հայաստանը ընդգրկված լինեով ԽՍՀՄ կազմի մեջ, շարժվել և զարգացել է բացառապես ԽՍՀՄ-ի կողմից հաստատված պլանի համաձայն։ Միայն անկախացումից հետո Հայաստանի իշխանությունները փորձ արեցին, ձևավորել և զարգացնել Հայաստանի կրթական համակարգը։ Չնայած սկզբնական շրջանում կրթական համակարգի հիմնական մասը կրում էր նախկին՝ խորհրդային, համակարգի տարրերը, այնուամենայնիվ մշակվեցին առանձին դրույթներ և օրենքներ, որոնք կարգավորում են կրթական համակարգը և միայն 1999 թ ապրիլի 14-ին ընդունվեց օրենք կրթության մասին՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Մինչև այսօր էլ դեռևս շարունակվում են ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումները, որոնք նպատակ ունեն էլ ավելի կատարելագործելու Հայաստանի կրթական համակարգը։

ՀՀ կրթական համակարգի համառոտ բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է կրթության բնագավառի առաջանցիկ զարգացումը՝ որպես պետականության ամրապնդման կարևորագույն գործոն։ ՀՀ կառավարությունը իր անմիջական և մշտական հսկողության տակ է պահում կրթական համակարգը այն հռչակելով որպես ռազմավարական և գերակա ճյուղ։ Կրթության բնագավառում պետական քաղաքականության հենքն ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ ՀՀ ապահովում է ազատ և հավասար պայամններ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ կրթություն ՀՀ-ում, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ ՀՀ կրթական համակարգը ունի հաստատված կառուցվածք և իրականացնում է հետևյալ կրթական ծրագրերը։

  1. հանրակրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)
  2. մասնագիտական կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ)

Հանրակրթական ծրագրերը նպատակաուղղված են անհատի համակողմանի զարգացմանը, նրա աշխարհայացքի ձևավորմանը, նախասիրություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան մասնագիտական ծրագրերի ընտրության և յուրացման համար հիմքերի ստեղծմանը։ Հանրակրթական հիմնական ծրագրերն են՝

  1. նախադպրոցական
  2. տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ)
  3. հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ)
  4. միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ)

Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդականության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը։ Մասնագիտական հիմնական կրթական ծրագրերն են՝

  1. նախնական մասնագիտական (արհեստագործական)
  2. միջին մասնագիտական
  3. բարձրագույն մասնագիտական
  4. հետբուհական մասնագիտական։

ՀՀ-ում գործում են հետևյալ տիպի ուսումնական հաստատություներ

  • նախադպրոցական
  • հանրակրթական
  • նախնական մասնագիտական (արհեստագործական)
  • միջին մասնագիտական
  • բարձրագույն մասնագիտական
  • լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության
  • հետբուհական մասնագիտական կրթության։

Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության՝ Կայուն զարգացման ծրագրի կարևոր գերակայություններից է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումը և զարգացումը։ Բարձրագույն մասնագիտական կրթության նպատակը բարձր մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումն ու վերաորակավորումն է, միջնակարգ ընդհանուր և միջին մասնագիտական կրթության հիմքի վրա անձի՝ կրթության զարգացման պահանջմունքների բավարարումը։ Հայաստանում գործում են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետևյալ տարատեսակները՝

  1. համալսարան՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է բնագիտական, հասարակագիտական, գիտության և տեխնիկայի, մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական և լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը.
  2. ինստիտուտ՝ բարձրագույն ուսումնական հաստատություն, որն իրականացնում է գիտության, տնտեսության և մշակույթի մի շարք ուղղությունների գծով մասնագիտական ու հետբուհական կրթական ծրագրեր և գիտական ուսումնասիրություններ.
  3. ակադեմիա (ուսումնական)` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի ոլորտում կրթության, գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմանը, իրականացնում է որոշակի ճյուղի (բնագավառի) բարձր որակավորման մասնագետների պատրաստումը և վերաորակավորումը, հետբուհական կրթական ծրագրերը.
  4. կոնսերվատորիա` բարձրագույն ուսումնական հաստատություն, որի գործունեությունը նպատակաուղղված է երաժշտության ոլորտում մասնագետների պատրաստմանը, որակավորման բարձրացմանը և հետբուհական կրթական ծրագրերի իրականացմանը։[1]

Ընդհանուր առմամբ Հայաստանում գործում են 26 պետական բուհեր, որոնցից 16-ը ՀՀ ԿԳՆ ենթակայության, 4-ը հիմնադրված միջպետական համաձայնագրերով և պետության մասնակցությամբ, 2-ը ՀՀ Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո, և 1-ական ՀՀ Ոստիկանության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության ներքո [2]։ Մասնավոր բուհերի քանակը 41-ն է, որից 35-ը հավատարմագրված բուհեր են, իսկ 6-ը ոչ հավատարմագրված հաստատություններ։ ՀՀ բուհերում 2013 թվականի դրությամբ սովորում է 90.145 ուսանող, իսկ օտարերկրյա ուսանողների թվաքանակը կազմում է 2.725 մարդ։ ՀՀ բուհեր հիմնականում գալիս են սովորելու ՌԴ-ից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից, Սիրիայից, ուսանողների թվաքանակը համապատասխանաբար կազմում է ` 903, 769, 403, 331, 102։ Ուսանողների թվաքանակով առաջատար է հանդիսանում տնտեսագիտական ուղղվածություն ունեցող մասնագիտությունները 16.635 ուսանող։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը կազմում է 8.356 մարդ, որից 691 գիտություններ դոկտոր, 3.354 գիտությունների թեկնածու։[3]

Հայաստանի Բուհերի ֆինանսական պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակում Հայաստանում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել բարձրագույն կրթության ոլորտը վերափոխելու ուղղությամբ, սակայն դեռևս գոյություն ունեն չլուծված խնդիրներ ու բարդություններ, որոնք շեղում են ուշադրությունը ոլորտի կողմից իրականացվող դասավանդման ու գիտահետազոտական աշխատանքների որակից և դանդաղեցնում ոլորտի հետագա վերափոխումների արդյունավետ իրականացման ընթացքը։ Կրթության ոլորտը հիմնականում ֆինանսավորվում է բյուջեի հաշվին։ Կրթության բոլոր մակարդակների գծով ծախսերը մոտավորապես կազմում են ՀՆԱ-ի 3.0 տոկոսը` ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշի մոտ կեսը։ Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ներկայիս խնդիրներից մեկը դրա համեմատական կախվածությունն է այն պետական ու մասնավոր ռեսուրսներից, որոնք ֆինանսավորում են այդ համակարգը և բուհերի ընթացիկ գործունեությունը։ Ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության ծախսերը ՀՆԱ-ի նկատմամբ տեսակարար կշռի տեսանկյունից ցածր են այլ երկրների համեմատությամբ, ինչի հետևանքով բարձրագույն կրթության համակարգը մեծ կախվածության մեջ է ուսման վարձերից։ Բարձրագույն կրթության ոլորտի ընդամենը ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, իսկ ՏՀԶԿ երկրներում՝ 1.5 տոկոսը։ Հայաստանում բարձրագույն կրթությանն ուղղվող պետական միջոցները ՀՆԱ-ի 0.3 տոկոսին չեն հասնում, որը էապես զիջում է ՏՀԶԿ-ի միջին 1.0 տոկոսին։ Այս ոլորտին ուղղվող մասնավոր միջոցները, գլխավորապես ուսման վարձերի տեսքով, չափազանց բարձր են միջազգային ցուցանիշներից, սակայն նույնիսկ այդ պարագայում բավարար չեն ոլորտը հարատևորեն ֆինանսավորելու համար։ Հայաստանի ուսանողների շուրջ 80%-ը տարեկան ուսման վարձ է վճարում 150-800 հազար դրամի սահմաններում (400-2200 ԱՄՆ դոլար), ինչն ակնհայտորեն գերազանցում է հայաստանցիների գերակշիռ մասի կարողությունները։ Հայաստանում գործում է ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու երկու եղանակ, մասնավորապես՝ ուսանողական նպաստներ և կրթաթոշակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]