Կցորդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օպտիկական կցորդիչ

Կցորդիչ, լիսեռների, խողովակների, ճոպանների ժամանակավոր կամ մշտական միացման հարմարանք։ Լինում են՝ միացնող (միացման ամրությունն ու հերմետիկությունն ապահովող, կոռոզիայից պաշտպանող) և մեքենաների ու մեխանիզմների հաղորդակների (մեկ լիսեռից մյուսին կամ լիսեռից նրա վրա ազատ նստեցված դետալին՝ ատամնանիվին, փոկանվին պտտական շարժում և պատող մոմենտ հաղորդող)։ Հաղորդակների կցորդիչները ծառայում են նաև տեղակայման փոքր շեղումների կոմպենսացման, լիսեռների բաժանման, ավտոմատ կառավարման, փոխանցման հարաբերության անաստիճան կարգավորման, վթարային ռեժիմներում կոտրվածքներից դետալների պահպանման համար ևն։ Պտտող մոմենտի հաղորդումը կցորդիչին կարող է իրագործվել դետալների միջև մեխանիկական կապով (երկրաչափական միակցման կցորդիչով), շփման ուժերի կամ մագնիսական ձգողականության հաշվին (ուժային միակցման կցորդիչով), իներցիոն ուժերի կամ էլեկտրամագնիսական դաշտերի ինդուկցիոն փոխազդեցության հաշվին (դինամիկական միակցման կցորդիչով)։ Ըստ աշխատանքի բնույթի և հիմնական նշանակման կցորդիչները լինում են՝ մշտական միացնող, կառավարվող, ինքնակառավարվող և սահքի։

Խողովակ միացնող կցորդիչ

Մշտական միացնող կցորդիչները պատրաստվում են երկրաչափական միացմամբ և լինում են խուլ, կոմպենսացնող, շարժական և առաձգական՝ հաստատուն կամ փոփոխական կոշտության։ Կառավարվող կամ կցման կցորդիչները պատրաստվում են երկրաչափական և ուժային միակցմամբ, թույլ են տալիս լիսեռների միակցումը և անշատումը կատարել կառավարման համակարգից և լինում են բռնցքավոր, ատամնավոր ու ֆրիկցիոն, մեխանիկական, հիդրավլիկական, պնևմատիկ և էլեկտրամագնիսական կառավարման, չոր և յուղման պայմաններում աշխատող։ Ինքնակառա վարվող կցորդիչները ավտոմատ միացվում կամ անշատվում են՝ կախված մեքենայի աշխատանքի ռեժիմի փոփոխումներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 702 CC-BY-SA-icon-80x15.png