Կոմունիզմի համար
«Կոմունիզմի համար», խորհրդային շրջանի հայկական երկօրյա թերթ, նախկին ՀԿԿ Հոկտեմբերյանի շրջկոմի, ժողովրդական դեպուտատների շրջանային և քաղաքային խորհուրդների օրգան։
Առաջին անգամ լույս է տեսել 1963 թվականին, Հոկտեմբերյանում (այժմ՝ Արմավիր)։ Փորձել է արտացոլել շրջանի աշխատավորության առօրյան, կուսակցական և հասարակական կազմակերպությունների աշխատանքները, գյուղատնտեսության և արդյունաբերության անցուդարձը, լուսաբանել դպրոցական, մշակութային և մարզական կյանքը, տրանսպորտին ու շինարարությանը վերաբերող հարցերը։
Խորհրդային գաղափարախոսության սահմաններում փորձել է ծանոթացնել գիտության ու տեխնիկայի նվաճումները, պրոպագանդել գրականության ու մշակույթի նորույթները։ Հաջորդել է «Բոլշևիկյան տեմպով» (1931—1953 թվականներ), «Դեպի կոմունիզմ» (1953—1962 թվականներ) թերթերին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 553)։ |