Կինոստուդիա
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |

Կինոստուդիա (կինո և իտալերեն studio՝ ուսումնասիրություն, պարապմունքների սենյակ), կինոնկարներ արտադրող ձեռնարկություն, ուր զուգակցվում են գեղարվեստա-ստեղծագործական (նկարահանող խումբ) և արտադրա-տեխնիկական (տեխնիկական արտադրամասեր) գործընթացները։ Ապահովում է կինոնկարների ստեղծման ողջ պրոցեսը՝ սցենարից մինչև ֆիլմերի ապատճենը. Ըստ արտադրվող ֆիլմերի բնույթի՝ տարբերակվում են գեղարվեստական, փաստավավերագրական, գիտահանրամատչելի, ուսումնական, անիմացիոն և այլ տեսակի կինոնկարների կինոստուդիաները։
Արտադրական հիմնական օղակում՝ նկարահանող խմբում են՝ բեմադրող-ռեժիսորը, դերասանները, նկարիչները, օպերատորները, հնչյունային օպերատորները, երաժիշտները, ինժեներատեխնիկական աշխատողները և բազմաթիվ այլ տարբեր մասնագիտության բանվորներ ու աշխատողներ, գրիմարարներ, մոնտաժողներ, կոմբինացված նկարահանման մասնագետներ և ուրիշներ։ Սցենարական բաժինը պատվիրում է հեղինակին, խմբագրում, ստեղծում ֆիլմի սցենարը։ Նախապատրաստական փուլում ընտրվում են դերասանները, կատարվում դեկորների, զգեստների էսքիզները և այլն։
Կինոստուդիաների արտադրամասերն ու արհեստանոցները պատրաստում են հագուստը, կահույքը և նկարահանման անհրաժեշտ բոլոր հարմարանքները։ Կինոնկարահանման շրջանում ծավալուն աշխատանք են կատարում դեկորատիվ-տեխնիկական կառույցների բաժինը, նկարահանման տեխնիկայի, ձայնատեխնիկայի, լուսատեխնիկայի, կոմբինացված նկարահանումների, կինոնկարի մոնտաժի և մշակման արտադրամասերը։ Գեղարվեստական ֆիլմերի զգալի մասը ստեղծվում է նկարահանման տաղավարներում, ինչպես և կինոստուդիային կից կամ սրանից դուրս հատուկ հրապարակներում և ջրավազաններում։ Այդպիսի նկարահանումների ժամանակ օգտվում են շարժական սարքերից։ Բազմաթիվ տեխնոլոգիական գործողություններ են կատարվում հնչյունի գրանցման ժամանակ, մոնտաժման սենյակներում։ Կոմբինացված նկարահանումների համար օգտագործվում են հատուկ սարքեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 437)։ |