Կատեգորիկ իմպերատիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատեգորիկ իմպերատիվ, Իմանուիլ Կանտի բարոյագիտության հիմնական հասկացությունը, որով նա փորձում էր հիմնավորել բարոյականության համընդհանրությունը և անհրաժեշտությունը։ Կանտի պնդմամբ, այն անվերապահ թելադրանք է, որը հանդես է գալիս որպես միակ և միասնական բարոյական սկզբունք, հավերժ և անփոփոխ բարոյական օրենք։ Կատեգորիկ իմպերատիվը չունի պատճառ-հետևանքային բովանդակություն, չի պարտադրվում մարդուն ոչնչով և ոչ մեկով (այդ թվում՝ կրոնով), այլ ընդունվում է պարտքի դրդմամբ։ Դա պարտքի (պարտադրության) օրենք է, ձևական դրույթ, որին մարդ պետք է հետեւի «բարի կամքով» (ազատ և ինքնուրույն), որպես «պարտքի» և ոչ թե բնական հակումով։ Կատեգորիկ իմպերատիվի սկզբունքն է՝ «վարվիր այնպիսի վարքականոնի համաձայն, որով ղեկավարվելով, դու միաժամանակ կարող ես ցանկանալ, որպեսզի այն դառնա համընդհանուր օրենք»։ «Չարի» (զգայականի) և «բարու» (գերզգայականի), հակումների ու պարտքի բացարձակ հակադրումը Կանտին հանգեցնում է ենթադրյալ բարոյական հոռետեսության։

Կանտի բարոյագիտությունը շարադրված է «Պրակտիկ բանականության քննադատություն» աշխատության մեջ։ Ինչպես տեսանք, Կանտը ընդունում է երկու աշխարհի գոյություն՝ երևույթների աշխարհ, որտեղ գործում է բնական անհրաժեշտության օրենքը և «ինքնին իրերի» աշխարհ, որտեղ գործում է ազատության սկզբունքը։ Մարդը երկակի բնույթ ունի, մի կողմից, որպես երևույթ, նա պատկանում է երևույթների աշխարհին և ենթարկվում բնական անհրաժեշտության օրենքին, իսկ մյուս կողմից՝ որպես «ինքնին իր», նա բարոյական էակ է, այսինքն՝ ազատ է իր գործողությունների մեջ։ Կանտի կարծիքով բարոյականության սկզբունքները, որոնք մարդուն դարձնում են մարդ, չեն կարող բխեցվել փորձից։ Բարոյականությունը ինքնաբավ (ավտոնոմ) է, այսինքն՝ կախված չէ էմպիրիկ իրականությունից, կրոնից և այլ արտաքին գործոններից և գործում է միայն սեփական օրենքներով։ Բարոյականության ինքնուրույնությունը դրսևորվում է այն բանում, որ դա է ինքն իր համար օրենքներ մշակում։ Բարոյականության օրենքները, գիտության օրենքների նման, ունեն հանընդհանուր և անհրաժեշտ բնույթ։ Այլ խոսքով, դրանք ապրիորի բնույթ ունեն և պայմանավորում են բարոյական արարքների ձևը և ոչ թե կոնկրետ բովանդակությունը։ Այս իմաստով Կանտի բարոյագիտությունը ձևական, ապրիորիստական և ռացիոնալիստական ուղղվածություն ունի։ Կանտը պրակտիկ բանականությունը նույնացնում է կամքի հետ, որը նույնպես ինքնուրույն է և ինքնաբավ։ Դեմ դուրս գալով բարոյական օրենքի ըմբռնման նյութապաշտական, էվդեմոնիստական և կրոնական ուսմունքներին՝ Կանտը կարծում է, որ բարոյական օրենքը և բարոյական արարքը չպետք է պայմանավորվեն արտաքին գործոններով։

Այն արարքները, որոնք համահունչ են բարոյական օրենքին, բայց սուբյեկտիվորեն պատճառավորված են ինչ-որ գործոնով, Կանտն անվանում է օրինական։ Իսկ, ճշմարիտ բարոյական արարքները պատճառավորված չեն, ինչ-որ բանով, այլ կատարվում են հանուն այդ օրենքի կամ պարտքի։ Բարոյագիտության պրակտիկ հիմնադրույթները Կանտը բաժանում է երկու խմբի՝ մաքսիմներ և օրենքներ։ «Մաքսիմը» կամեցողության սուբյեկտիվ սկզբունքն է, որը նշանակություն ունի միայն տվյալ անձնավորության համար։ Իսկ օրենքը համրնդհանուր նշանակություն ունի և պարտադիր է բոլորի համար։ Այդպիսի օրենքը Կանտը անվանում է իմպերատիվ (հրամայական), որը լինում է հիպոթետիկ և կատեգորիկ։ Հիպոթետիկ իմպերատիվր կախված է արտաքին պայմաններից և սուբյեկտիվ մոտիվներից։ Ըստ դրա՝ արարքը լավ է հնարավոր կամ իրական նպատակի համար։ Օրինակ, «Ես չեմ խաբում, որպեսզի չկորցնեմ վստահությունս» արտահայսաւթյունը հիպոթետիկ իմպերատիվի նմուշ է, իսկ «Ես չեմ խաբում, որովհետև պարտավոր եմ չխաբել»՝ կատեգորիկ իմպերատիվի նմուշ է, որովհետև իմ արարքը չի հետապնդում որևէ նպատակ, այլ դրա հիմքում ընկած է բարոյական օրենքի հանդեպ ունեցած հարգանքը։

Բարոյական օրենքը (կատեգորիկ իմպերատիվր) պահանջում է, որ յուրաքանչյուր ոք գործի համաձայն միայն այնպիսի մաքսիմայի (վարքականոնի), որով առաջնորդվելով՝ նա միաժամանակ ցանկանա, որ այն դառնա համընդհանուր օրենք։ «Վարվիր այնպես,- գրում է Կանտը,– որ քո կամքի մաքսիման միաժամանակ ունենա համընդհանուր օրենսդրության սկզբունքի ուժ»։ Կանտի կարծիքով՝ բարոյական օրենքը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գոյություն ունի ինքնին բացարձակ արժեք կամ նպատակ, ինչպիսին հենց մարդն է, անհատը։ Այս իմաստով կատեգորիկ իմպերատիվը պահանջում է. «Վարվիր այնպես, որ մարդու նկատմամբ վերաբերվես որպես նպատակի և երբեք՝ որպես միջոցի»։

Կանտի կարծիքով՝ պրակտիկ, էմպիրիկ կյանքում կատեգորիկ իմպերատիվի պահանջներն իրականացնելու համար անհրաժեշտ են նախադրյալներ, որոնք պրակտիկ բանականության պահանջներր կամ կանխադրույթներն են։ Դրանք երեքն են՝ ազատություն, հոգու անմահություն և Աստված։ Տեսականորեն հնարավոր չէ ապացուցել դրանց գոյությունր (այս կապակցությամբ Կանտը գրում է, թե «Ես սահմանափակեցի գիտելիքը, որպեսզի տեղ բացեմ հավատի համար), բայց հնարավոր է հավատալ։ Առանց ազատության հնարավոր չէ ձգտել բարոյական ինքնակատարելագործման, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է հավատալ անվերջ գոյությանը, այսինքն՝ ընդունել հոգու անմահությունը։ Հավատն առ Աստված նույնպես հանդիսանում է պրակտիկ բանականության կանխադրույթը, որովհետև դա կապված է բարձրագույն բարիքի գոյության ընդունման հետ։

Շարունակելով Կատեգորիկ իմպերատիվի թեման իր «Կրոնը միայն բանականության սահմաններում», Իմանուիլ Կանտը գրում է․ «Բոլոր ժամանակների խոշորագույն փիլիսոփաներից Իմանուիլ Կանտը պնդում էր, որ Բարոյականությունը, քանի որ այն հիմնված է մարդու՝ որպես ազատ էակի գաղափարի վրա, բայց հենց այդ պատճառով էլ սեփական բանականության միջոցով կապված է անպայման (անվերապահ) օրենքներով, ո՛չ կարիք ունի իր վերևում գտնվող որեւէ այլ էակի, որի միջոցով կճանաչեր իր պարտականությունը, և ո՛չ էլ որևէ այլ դրդապատճառի, քան ինքը՝ օրենքն է, այդ  պարտականությունը կատարելու համար։ ․․. որովհետև այն, ինչ չի առաջանում իրենից և նրա ազատությունից՝ չի կարող նրա համար փոխարինել բարոյականության բացակայությունը։ Հետևաբար, ինքն իր համար բարոյականությունը կրոնի կարիք չունի․ զուտ գործնական բանականության շնորհիվ այն գերակայում է ինքն իրեն»:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 289