Կասերոս (բանտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կասերոս
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
Հիմնադրված է1979 թ.
Կասերոս (բանտ) (Արգենտինա)##
Կասերոս (բանտ) (Արգենտինա)

Կասերոս (իսպ՝. Cárcel de Caseros), արգենտինական նախկին բանտ, պանօպտիկում; Գտնվում է Բուենոս Այրես քաղաքի Պարկ Պատրիսիոս շրջանում։ 2001 թվականին փակվել է։ Ներկայումս ծառայում է որպես թանգարան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտի կառուցման գաղափարը մտահղացել է Արգենտինայի 33-րդ նախագահ Արթուրո Ֆրոնդիսիի ղեկավարած կառավարությունը[1], զարգացրել արգենտինացի ռազմական, քաղաքական գործիչ, պատմության մեջ «Արգենտինական հեղափոխություն» անվանումն ստսցած հեղաշրջման կազմակերպիչ Խուան Կառլոս Օնգանիան ու վերջինիս հետևոդները։ Այն սկզբնապես ծառայել է որպես իրենց դատավարությանն սպասող կալանավորվածների նախաքննական մեկուսարան։

Բանտի շինարարությունը ձգվել է գրեթե քսան տարի՝ 1960 թ.-ից մինչև 1979 թվականը։ Կառուցվել է այդ նույն անունը կրող հին բանտի տեղում, որն իր հերթին կառուցվել էր 1880-ական թվականներին, որպես որբանոց։ Շինարարությունն ավարտվել է բռնապետ Խորխե Ռաֆայել Վիդելայի ղեկավարած «Ազգային վերակազմակերպման գործընթաց» անվանումով խունտայի իշխանության օրոք։

1979 թվականին տեղի ունեցած բացման արարողության ժամանակ Արգենտինայի այն ժամանակվա արդարադատության նախարար Ալբերտո Ռոդրիգես Վարելան հայտարարել է, թե Կասերոսը կարելի է համեմատել հինգաստղանի հյուրանոցի հետ։

Թեև բացումը կայացել է 1979 թվականին, սակայն Արգենտինայի նախկին նախագահներից Խուան Պերոնը դեռևս 1950 թվականին կիսակառույցի կամ հին բանտի խցերն էր նետում կոմունիստներին և քաղաքական այլ բանտարկյալների։ Նախքան իրենց հանելուկային «չքացումը» Կասերոսում են պահվել «մոնտոներոս»-ի, «Ժողովրդի հեղափոխական բանակ»-ի և ընդդիմադիր այլ կազմակերպությունների ակտիվիստները, պարտիզանները։ Այստեղ բանտարկյալներին պահելու պայմանները ամենադաժանն էին ամբողջ երկրում[2]։

2001 թվականին բանտը փակվել է։ Ներկայումս նրա շինությունների մի մասն օգտագործում են թմրամիջոցներ գործածող երիտասարդները, անկազմակերպ կյանք վարող անօթևանները։ Բանտի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները միշտ դժգոհում են, որ ոստիկանությունը հասարակության այդ քրեածին տարրերի նկատմամբ գործուն միջոցներ չի ձեռնարկում[3]։

Բանտի շենքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտի գլխավոր շենքն ունի H տառի տեսք, վերգետնյա քսաներկու հարկ։ Նախատեսված է եղել երկու հազար բանտարկյալներ պահելու համար, ապահովված եղել ամենաբարձր աստիճանի անվտանգությամբ։ Ունեցել է 1,2 մx2,3 մ չափերի 1500 բանտախուց։ Շենքը նախագծելիս հատուկ ուշադրություն է դարձվել, որ արևի ուղիղ ճառագայթները օրվա ոչ մի ժամի չհասնեն բանտարկյալներին, և դրա հետևանքով նրանց մաշկը կանաչել է, ատամները՝ փտել։ Բանտի շենքը իրավապաշտպան կազմակերպությունների կողմից միշտ արժանացել է խստագույն քննադատության, քանի որ չէր համապատասխանում բանտարկյալներին պահելու հումանիտար հիմնական չափանիշներին։

Բանտի պատուհանները
Բանտը՝ ներսից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kristie Robinson (2006 թ․ սեպտեմբերի 15). «Cárcel de Caseros» (անգլերեն). The Argentina Independent. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Caroline Winter (2007 թ․ օգոստոսի 5). «With a Hammer, Finding Ghosts in the Glass» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «La cárcel del paco: vecinos tienen miedo y reclaman más seguridad» (իսպաներեն). Infobae. 2010 թ․ մարտի 31. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.