Կանոնականացումը Հռոմի կաթոլիկ եկեղեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանոնականացման էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնականացումը եկեղեցական բարձրագույն իշխանության կողմից օրենսդրական գործողություն է, որի միջոցով քրիստոնյա հերոսը, որ հայտնի է դարձել իր սխրանքներով, հետմահու դասվում է սրբերի շարքը։ Կանոնականացում եզրը (kanonizein-ներմուծել կանոնի մեջ, օրինականացնել) հունարեն բայի լատինականացված տառադարձությունն է։ Այն շրջանառության մեջ է դրվել արևմտյան գիտնական-աստվածաբանների կողմից բավականին ուշ և այդ պատճառով մինչ այդ կիրառվում էր սրբերի շարքը դասել բառակապակցությունը։ Ավելի ուշ այս բառակապակցությունն անցավ Հին Ռուսիայի եկեղեցական լեզվի մեջ և ցայսօր պահպանվել է Ռուսական եկեղեցում։ Հնագույն Եկեղեցում սրբերին հարգելու առանձին գործողություն չէր պահանջվում, այլ սահմանափակվում էին տեղական եպիսկոպոսի գլխավորությամբ կամ գիտությամբ եկեղեցական դիպտիխներում ու հիշատակացուցակներում նրանց անունները գրանցելով և սահմանելով նրանց նահատակության օրը տոնախմբելու կարգը։ Հնագույն շրջանի նահատակները հարգվում էին որպես սրբեր արդեն սեփական արյան առկայության փաստով՝ հեղված խաչված և հարություն առած Փրկչի նկատմամբ սեփական հավատի վկայության համար։ V դ. սկզբին սրբերի մեծարումը ձեռք բերեց բավական լայն մասշտաբ, և, որպեսզի կանխվի եկեղեցական պաշտամունքի մեջ կասկածելի վարք ունեցող սրբերի մուտքը, եկեղեցական իշխանությունները որոշեցին հետամուտ լինել ինչպես սրբերի պաշտամունքի հաստատմանը, այնպես էլ արգելել կեղծ պաշտամունքը։

Կանոնականացման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ եկեղեցու օրենքների համաձայն` սրբադասման գործընթացը սովորաբար սկսվում է մարդու մահից ամենաքիչը 5 տարի անց։ Կանոնականացման կողքին տարբերում են նաև բեատիֆիկացիան` երանելիացումը որպես սրբադասման առաջին աստիճան։ Ալեքսանդր III պապից (1181 թ.) սկսած` Կաթոլիկ եկեղեցում բոլոր սրբերի կանոնականացումը դարձավ պապական իշխանության բացարձակ առանձնաշնորհումը։ Ինոկենտիոս III պապը 1215 թ., որպես սրբադասման անհրաժեշտ պայման, օրինականացրեց իր իսկ նշանակած անձանց կողմից սրբադասման ենթակա անձի մարմնի անապականության վավերացումը։ Բեատիֆիկացիայի և կանոնականացման միջև սահմանազատում մտցրեց Ուրբանոս VIII պապը 1642 թ.:
Սրբերի կանոնականացման գծով կոնգրեգացիան (լատ. Congregatio de Causis Sanctorum) Հռոմեական կուրիայի կենտրոնական ընտրախավն է, որը ղեկավարում է բեատիֆիկացիայի և կանոնականացման գործընթացները, ինչպես նաև Եկեղեցու ուսուցիչ կոչման տվչությունը։ Կոնգրեգացիան գլխավորում է կարդինալ պրեֆեկտը, որն ունի քարտուղար։ Կոնգրեգացիաների անվանումներն են`
  • Ծեսերի սուրբ կոնգրեգացիա (1588-1969 թթ.),
  • Սրբերի կանոնականացման սուրբ կոնգրեգացիա (1969-1984 թթ),
  • Սրբադասման կոնգրեգացիա (1984 թ.)։


Սրբերի կանոնականացման սուրբ կոնգրեգացիան (Sacra Rituum Congregatio)` ձևավորվել է Հռոմի Պողոս VI պապի առաքելական սահմանադրությամբ 1969 թ. մայիսի 8-ին։ Մինչ այդ (1588 թ.-ից) կանոնականացման հարցերով զբաղվում էր Ծեսերի կոնգրեգացիան։ Սրբերի պաշտամունքի պատմական ուսումնասիրությունների խորացման նպատակով 1902 թ. Լևոն XIII պապը ստեղծեց արարողական-պատմական հանձնաժողով, որը լուծարվեց 1914 թ. Պիոս X պապի կողմից։ 1930 թ. Պիոս XI պապը, շարունակելով Լևոն XIII-ի գործը, Ծեսերի կոնգրեգացիայի կազմում սահմանադրեց Պատմական հանձնաժողով։ 1969 թ. Պողոս VI պապը Ծեսերի կոնգրեգացիան բաժանեց Արարողության և Սրբերի կանոնականացման կոնգրեգացիաների, որից հետո Հովհաննես-Պողոս II-ը առաքելական սահմանադրությամբ (Divinus perfectionis Magister) 1983 թ. հունվարի 25-ին որոշակի փոփոխություններ մտցրեց Սրբերի կանոնականացման կոնգրեգացիայի կանոնագրի մեջ։
Սրբերի կանոնականացման կոնգրեգացիան պատրաստում է բեատիֆիկացիայի և սրբադասման նյութերը 3 փուլով`
1. Թեմական եպիսկոպոսին օգնելու և բեատիֆիկացիայի (ապա կանոնականացման) գործընթացներին սկիզբ դնելու թույլտվություն։
2. Թեկնածուի մարտիրոսության, բարեգործոթյան մասին ներկայացված նյութերի ուսումնասիրություն՝ նրա պաշտամունքի շարունակության համար։
3. Բանավեճերի կազմակերպում և քվեարկում։ Բեատիֆիկացիայի կամ սրբադասման մասին կոնգրեգացիայի միջնորդությունը ուղարկվում է Հռոմի պապին, որն էլ վերջնական որոշում է կայացնում։

Բեատիֆիկացիայի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեատիֆիկացիան (լատիներեն բառն է՝ Beatification-լատ. Beatus-երջանիկ, երանավետ, երանելի) Կաթոլիկ եկեղեցում երանելիների շարքը դասելուն համարժեք եզր է։ Այն ընկալվում է որպես սրբադասմանը նախորդող փուլ։ Վերջինս, սկսած 1642 թ.-ից, անհրաժեշտ էտապ էր կանոնականացման գործընթաց սկսելու համար։ Նոր կանոններով առաջին բեատիֆիկացիան իրականացվեց 1663 թ. Ալեքսանդր VII-ի կողմից Ֆրանցիսկ Սայլսկու նկատմամբ։
Բենեդիկտոս XIV-ը հաստատեց պահանջների մի խումբ այդ գործընթացի համար՝

  • Եթե կա ստեղծագործություն, դրա ստուգում՝ ըստ Կաթոլիկ եկեղեցու վարդապետության։
  • Ի հայտ եկած բարեգործությունների գնահատական։
  • Հրաշքի առկայություն՝ տեղի ունեցած թեկնածուի մահվանից հետո իրեն ուղղված աղոթքի շնորհիվ (վերջինս պարտադիր չէ մարտիրոսների պարագայում)։
Բեատիֆիկացիայի գործընթացի բարեփոխումներ անցկացրին Պողոս VI և Հովհաննես-Պողոս II պապերը։ Որպես կանոն` այդ գործընթացը սկսում է այն թեմը, որի տարածքում գտնվում է վկայի գերեզմանը։
  • Թեմը թեկնածությունը ներկայացնում է Վատիկանին և Ս. Գահից ստանում nihil obstat որոշում (առարկությունները բացակայում են)` գործընթացն սկսելու համար։ Այդ պահից մահացածին պաշտոնապես անվանում են Աստծո ծառա։
  • Սովորաբար nihil obstat որոշումը տրվում է վկայի մահվանից առնվազն 5 տարի անց, բայց պապը կարող է իր որոշմամբ կրճատել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարել այն։
  • Այնուհետև ստեղծվում է նախաձեռնական խումբ, որը սկսում է մահացածի կյանքի ընթացքում և հետմահու տեղի ունեցած հրաշքների մասին նյութերի հավաքագրումը (այսինքն ստեղծվում է թեկնածուի անձնական գործը), որը պետք է ներառի վկայություն թեկնածուի բարեպաշտ կյանքի և հրաշքների մասին։
  • Վերջինիս առկայության փաստն անպայման պետք է ստուգվի հատուկ բժշկական հանձնաժողովի կողմից։
  • Նաև հավաքվում են անծանոթ պաշտամունքի բացակայության ապացույցները, քանզի մինչ որևէ մեկին երանելի հռչակելը, թույլատրելի են միայն վկայի պաշտամունքի անձնական ձևերը։
  • Նախաձեռնական խումբը կանխադրող է նշանակում մեկին, ով եկեղեցու ուսուցման և աստվածաբանության մեջ գիտակ է և կարող է ներկայացնել ապագա երանելիի թեկնածությունը թեմական մակարդակով, իսկ ավելի ուշ` Վատիկանում։
  • Հաջորդ փուլը թեմական գործընթացն է, որի ժամանակ եպիսկոպոսը և հատուկ Հանձնաժողովը ուսումնասիրում են գործը, և դրական վճռի դեպքում այն ուղարկում Վատիկան, որտեղ էլ իրականացնում են դատական արարողակարգի նման մի բան։ Այդ ժամանակ քննվում են ինչպես Աստծո ծառայի բեատիֆիկացման կողմնակիցների, այնպես էլ` հակառակորդների փաստարկները։
  • Եթե գործընթացն ավարտվում է թեկնածուի օգտին, ապա գործը քննում է սրբերի հարցերով զբաղվող Վատիկանյան կոնգրեգացիան։
  • Աստծո ծառային երանելիների շարքը դասելու վերջնական որոշումը կայացնում է պապը։
  • Նոր երանելիի հանդիսավոր հռչակման ժամանակ, որ սովորաբար (բայց ոչ միշտ) տեղի է ունենում Ս. Պետրոսի տաճարում հանդիսավոր պատարագի ընթացքում, բացվում է կտորով ծածկված երանելիի իկոնան` սրբապատկերը, և հնչում է Te Deum օրհներգը։

Սրբադասման նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցու համար սրբադասումը խիստ պատասխանատու քայլ է, քանի որ մարդ զրկվում է իր մասին հետմահու աղոթքից։ Եկեղեցին դադարում է աղոթել մարդու համար և սկսում է աղոթել մարդուն, ով համարվում է միջնորդ Աստծու առաջ։
Որևէ մեկին սրբադասելով՝ Եկեղեցին վկայում է, որ նրա ճանապարհը փրկագործող է, իսկ ժողովրդի մոտ կանոնականացման մասին պատկերացումները յուրահատուկ չափանիշի են հանգում՝ հայրենիքի առաջ ունեցած ծառայության, դրա համար էլ նա ուզում է, որ սուրբը ռազմիկ լինի։ Վերջապես Հնագույն եկեղեցու դարաշրջանից գոյություն ուներ մարտիրոսների պաշտամունք՝ կրելով որոշակի տեղական բնույթ։ lV դ. այդպիսի պաշտամունքի էին արժանանում ոչ միայն մարտիրոսները, այլև այն քրիստոնյաները, որոնց կյանքը առանձնանում էր հատուկ սրբությամբ։ Xlll դ.-ից Հռոմի կաթոլիկ եկեղեցում սրբադասման իրավունքը դարձավ պապի բացարձակ մենաշնորհը։