ԿՀԻԿ հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԿՀԻԿ հիմնադրամ
Изображение логотипа
Երկիր Հայաստան
Հիմնադրվածհուլիսի 8, 2011

ԿՀԻԿ հիմնադրամը (ամբողջական անվանումը՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից ստեղծված խորհրդատվական մարմին է, որն իրականացնում է Հայաստանում կենսաթոշակային բաեփոխումների իրազեկման, անվճար ուսուցման և հարակից խորհրդատվական ծրագրեր ողջ Հանրապետությունում։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՀԻԿ հիմնադրամը ստեղծվել է 2011 թվականի հուլիսի 28-ին՝ ՀՀ Կառավարության N 1059-Ն որոշմամբ։ Նույն որոշմամբ հաստատվել է հիմնադրամի Կանոնադրությունը, որով սահմանվել են իրազեկման կենտրոնի գործունեության շրջանակը և հիմնական ուղղությունները։ Ըստ այդմ՝

Հիմնադրամի խնդիրներն են՝
1.կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում խորհրդատվական և մասնագիտական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ առցանց.
2.կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման աշխատանքների իրականացումը, կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ տեղեկատվական և ուսուցողական նյութերի մշակումը, հրատարակումը և տարածումը.
3.ուսուցողական և տեղեկատվական սեմինարների կազմակերպումը հանրության տարբեր շերտերի ու առանձին խմբերի համար.
4.կենսաթոշակային համակարգի վերաբերյալ միասնական կայք-էջի ստեղծումն ու վարումը.
5.կենսաթոշակային բարեփոխումների և բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային ուսուցման ծրագրերի մշակումն ու իրականացումը.
6.կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկումների կազմակերպումը.
7.փոքր և միջին ձեռնարկությունների (գործատուների) կողմից անձնավորված հաշվետվությունները ներկայացնելու գործընթացին աջակցելը, այդ թվում՝ հաշվետվությունները ներկայացնելու կիրառական հմտությունների տրամադրումը և տեխնիկական աջակցությունը գործատուներին.
8.կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից ակտիվների կառավարիչների և կենսաթոշակային ֆոնդերի ընտրությանն աջակցելը (այդ թվում՝ մարզերում համապատասխան ծառայությունների մատուցումը).
9.պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցով ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելը.
10.հետազոտությունների, գիտահետազոտական ծրագրերի իրականացումը և դրանց աջակցությունը.
11.ուսումնական հաստատություններում ուսուցման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը.
12.«Թեժ գիծ» ծառայության վարումը.
13.բնակչության շրջանում համապատասխան հարցումների անցկացումը.
14.իրականացվող ծրագրերի, միջոցառումների արդյունավետության գնահատման աշխատանքների իրականացումը.
15.նշված և իր կանոնադրական նպատակներին ուղղված ծրագրերի իրականացման համար պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր և պետական մասնակցությամբ ընկերությունների, դոնոր կազմակերպությունների և այլ շահագրգիռ անձանց հետ համագործակցությունը.
16.հասարակության տարբեր շերտերի՝ կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության և մասնակցության ապահովմանը նպաստելը։

2011 թվականից ի վեր՝ Հիմնադրամի նախաձեռնությամբ և անմիջական կազմակերպմամբ իրականացվել են լայն իրազեկման արշավներ, մշակվել և տպագրվել են տեղեկատվական-ուսուցողական նյութեր։ Հիմնադրամի ջանքերով է պատրաստվել Հայաստանի միասնական սոցիալական պորտալը (www.esocial.am(չաշխատող հղում)), որը համապարփակ տեղեկատվական աղբյուր է Հայաստանի սոցիալական ոլորտի բոլոր ճյուղերի վերաբերյալ։ Գործունեության ընթացքում ԿՀԻԿ հիմնադրամը սերտորեն համագործակցել է ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կառույցների հետ։ Իրականացրել է դրամաշնորհային ծրագրեր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և Համաշխարհային Բանկի միջոցներով՝ կյանքի կոչելով բազմաթիվ իրազեկման և կրթական ռազմավարություններ։

Հիմնել և վարում է Հայաստանի սոցիալական թեժ գիծը՝ 114 անվճար կարճ հեռախոսահամարով, որին քաղաքացիները դիմում են սոցիալական ոլորտին առնչվող բոլոր հարցերով, սոցիալական ծառայություններ մատուցող պետական մարմինների և նրանց տարածքային ստորաբաժանումների աշխատանքի հետ կապված բողոքներով կամ դժգոհություններով։ Համագործակցելով պետական համապատասխան գերատեսչության՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ԿՀԻԿ հիմնադրամը վերջիններին միշտ տալիս է համապատասխան ընթացք՝ նպաստելով քաղաքացիներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանը և բոլոր անճշտությունների վերացմանը։

2013 թվականից սկսած՝ ԿՀԻԿ հիմնադրամին կառավարության կողմից հանձնարարվել է նաև իրականացնել նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխումը իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Բնակչության շրջանում մեծապես պահանջված են ԿՀԻԿ հիմնադրամի կողմից մշակվող և պարբերաբար թարմացվող տեղեկատվական տպագիր նյութերը՝ ուղեցույցներ և ձեռնարկներ, տեղեկատվական գրքույկներ և թերթիկներ, իրազեկման պաստառներ։

Աջակցություն Կառավարությանը՝ հանրային իրազեկման միջոցառումների իրականացման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿՀԻԿ հիմնադրամի ստեղծմամբ սկիզբ դրվեց հանրային իրազեկման և ուսուցման միջոցառումներին, որոնք իրականացվում են ինչպես հիմնադրամի ներքին ռեսուրսներով, այնպես էլ տարբեր պետական և ոչ պետական կառույցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։ 2011 թվականից ի վեր հիմնադրամը աջակցություն է ցուցաբերել ՀՀ Կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների իրականացման տարբեր փուլերում՝ նպաստելով ռեֆորմին առնչվող գործընթացների հարթ և սահուն կազմակերպմանը։ Ծրագրերի արդյունավետ կատարման համար կիրառվել են տեղեկատվության տրամադրման բազմազան գործիքներ. նախագծվել և կյանքի են կոչվել իրազեկման արշավներ, ուսումնական ծրագրեր տարբեր թիրախային խմբերի համար, հիմք է դրվել ԿՀԻԿ հրապարակումների շարքին, որում արդեն իսկ ընդգրկված են տասնյակ իրազեկման նյութեր, լայնորեն օգտագործվել են էլեկտրոնային հաղորդակցության միջոցները՝ լայն հասարակությանը, ինչպես նաև կենսաթոշակային նոր համակարգի շահառուներին անհրաժեշտ տեղեկատվությունը մատուցելու համար։

Համագործակցություն միջազգային կառույցների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման տարում՝ 2011 թվականի նոյեմբերին, ԿՀԻԿ հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեց ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագրի հետ, որով հիմք դրվեց մեկամյա համատեղ արդյունավետ աշխատանքի՝ մինչև Ծրագրի ավարտը։ «Բարեփոխում և գիտելիք» նախաձեռնության շրջանակներում համատեղ իրականացվել են մի շարք ուշագրավ ծրագրեր՝ կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ուսանողական ռեֆերատների մրցույթի անցկացում և մրցանակաբաշխության կազմակերպում, կլոր սեղան-քննարկումներ բանկային համակարգի, հաշվապահական միությունների և այլ ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ, դասընթաց-հանդիպումներ պետական գերատեսչությունների աշխատակիցների հետ և այլն։

2012-2013 թվականների ընթացքում ԿՀԻԿ հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացրել է «Աջակցություն Կենսաթոշակային Իրազեկման և Ֆինանսկան գրագիտության բարձրացման գործընթացին» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում իրականացվել է լայնամաշտաբ իրազեկման արշավ, որի առաջնային նպատակը եղել է 2013 թվականից ներդրվող եկամտային հարկի և անձնավորված հաշվետվությունների համակարգի վերաբերյալ լայն իրազեկման կազմակերպումն ու իրականացումը։

Ծրագրի հիմնական շահառուներն են եղել Հանրապետության հաշվապահներն ու գործատուները, որոնց տեղեկատվական տարբեր աղբյուրների միջոցով ներկայացվել է միանսական եկամտային հարկի հաշվարկման կարգը, էլեկտրոնային եղանակով անձնավորված հաշվետվություններ ներկայացնելու համար անհրաժեշտ քայլերը։ Իրականացվել են մի քանի հարյուր դասընթացներ, հանդիպում-քննարկումներ պետական և մասնավոր հատվածի կազմակերպությունների հետ, մշակվել և տպագրվել են ուղեցույցներ, հեռարձակվել են իրազեկող հոլովակներ։ 2012 թ. հոկտեմբեր-2013 թ. փետրվար ժամանակահատվածում ԿՀԻԿ հիմնադրամի կազմակերպած իրազեկման միջոցառումներին մասնակցել է ընդհանուր հաշվով 30 000 քաղաքացի՝ գործատուներ, հաշվապահներ, ֆինանսական մասնագետներ, աշխատող քաղաքացիներ։

2014 թվականի հունվարից սկսած՝ ԿՀԻԿ հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված՝ սահմանափակ դրամաշնորհի համաձայնության շրջանակում իրականացնում է «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» ծրագիրը։

Ծրագրի հիմնական ուղղվածությունը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շրջանակներում ֆինանսական գիտելիքի տարածումն է և Հայաստանում ներդրվող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային լայն իրազեկում ապահովելը։

Ծրագրի շրջանակում հիմնադրամը իրականացնում է անվճար դասընթացներ Երևանում և մարզերում, տեղեկատվական խորհրդատվություն է տրամադրում տարբեր թիրախային խմբերի՝ վարձու աշխատողներ և գործատուներ, անհատ ձեռներեցներ, նոտարներ, գիտական աշխատանք կատարող անհատներ և այլն։

2012 թվականին ԿՀԻԿ հիմնադրամը դրամաշնորհային պայմանագիր է կնքել Համաշխարհային բանկի հետ, որի նպատակը Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումներին աջակցության ցուցաբերումն է։

Դրամաշնորհը ունի երեք բաղադրիչ. դրա միջոցներով են կայացել 114 թեժ գիծը, Հայաստանի միասնական սոցիալական պորտալը։ 2014 թվականին Դրամաշնորհի շրջանակում ձեռնարկվել է շրջիկ իրազեկման խմբերի ձևավորումը և դասընթացավարների վերապատրաստումը՝ Հայաստանի ողջ տարածքում իրազեկման անվճար դասընթացներ իրականացնելու նպատակով։

ԿՀԻԿ հիմնադրամը սերտ գործընկերային կապի մեջ է ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ։ Համատեղ իրականացվել են բազմաթիվ հանրային միջոցառումներ, իրազեկման-տեղեկատվական նյութերի մշակում և տպագրում։ Ծրագիրը լայն աջակություն է ցուցաբերում Հիմնադրամի մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ և նախագծերի իրականացման տարբեր փուլերում։

Հիմնադրամը համագործակցում է նաև այլ միջազգային կառույցների հետ՝ ԱՄՆ ՄԶԳ Ֆինանսներ տնտեսական զարգացման համար ծրագիր, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, Կենսաթոշակային և սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիա և այլն։

Ամենամյա հաշվետու համաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրման առաջին իսկ տարում «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնը» սկիզբ դրեց ամենամյա կենսաթոշակային համաժողովների անցկացմանը, որոնց նպատակն է ամփոփել կենսաթոշակային բարեփոխումների իրականացման աշխատանքներում անցնող տարվա ձեռքբերումները և ուրվագծել ապագա անելիքները։ 2011 թվականից սկսած՝ անցկացվել է երեք համաժողով, ըստ որում՝ երկրորդ և երրորդ համաժողովները, որոնք կայացան 2012 և 2014 թվականներին, կրեցին միջազգային բնույթ՝ ընդգրկելով միջազգային հեղինակավոր կառույցների, ԱՊՀ և Եվրամիության երկրների սոցիալական ապահովության ոլորտի գործընկերներին։

Յուրաքանչյուր տարի Կենսաթոշակային համաժողովներին մասնակցում են հարյուրավոր հյուրեր՝ հրավիրյալներ Հայաստանի պետական կառավարման համակարգից, մասնավոր հատվածից, միջազգային հեղինակավոր կառույցներից, լրատվամիջոցներից։ Համաժողովները էապես նպաստում են կենսաթոշակային բարեփոխումների թեմայի լայն լուսաբանմանը։

114 թեժ գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

114 կարճ հեռախոսահամարը գործում է 2011 թվականից սկսած՝ որպես ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության թեժ գիծ։ Ի սկզբանի հեռախոսային ծառայությունը տրամադրում էր տեղեկատվություն բաշխողական կենսաթոշակային համակարգի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների, ինչպես նաև ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։ 2012 թվականի վերջին եռամսյակից սկսած՝ հեռախոսային ծառայության դերը էապես ընդգծվեց՝ այն լիարժեք տեղեկատվական աղբյուր դարձավ նաև եկամտային հարկի ներդրմանն առնչվող գործընթացների և կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ։

Կարճ ժամանակահատվածում 114 կենսաթոշակային թեժ գիծը վայելեց լայն ճանաչում հանրության շրջանում. քաղաքացիները, գործատուները և ֆինանսական մասնագետները ծառայությանն են դիմում սոցիալական ոլորտին առնչվող տարատեսակ հարցադրումներով և առավելագույն սեղմ ժամկետում ստանում պատասխաններ։ Թեժ գիծը իր ծառայությունների մեջ կիրառում է նաև հետադարձ կապի սկզբունքը՝ անհրաժեշտության դեպքում ճշտելով պատասխանները լիազոր կառույցներից։

Հայաստանի միասնական սոցիալական պորտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2013 թվականից, ԿՀԻԿ հիմնադրամը մշակել և վարում է Հայաստանի միասնական սոցիալական պորտալը, որը համապարփակ տեղեկատվական աղբյուր է երկրի սոցիալական ոլորտին առնչվող բոլոր ճյուղերի, մատուցվող սոցիալական ծառայությունների, համակարգում տեղ գտած նորությունների վերաբերյալ։

Ի սկզբանե www.epension.am Արխիվացված 2014-12-01 Wayback Machine կայքը կոչվում էր միասնական կենսաթոշակային պորտալ և նպատակ ուներ հանրությանը տրամադրել ամենօրյա տեղեկատվություն Հայաստանում ընթացող կենսաթոշակային բարեփոխումների և ներդրվող կուտակային կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ։ Պորտալի նախագծման վերջնական փուլում այն վերանվանվեց «Հայաստանի միասնական սոցիալական պորտալ»։ Դրա միջոցով հնարավոր է տեղեկանալ ոլորտի նորություններին, կարդալ սոցիալական տարբեր թեմաների առնչվող գրականություն, այդ թվում՝ բառարաններ։ Բացի այդ, միասնական սոցիալական պորտալը օգտատերերին առաջարկում է միասնական էլեկտրոնային հարթակ՝ դիմումներ և հարցումներ ներկայացնելու համար։

Միասնական պորտալին է ինտեգրված նաև կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշվիների համակարգը։ ԻՄ ՀԱՇԻՎԸ պատուհանից մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից մուտք գործել անհատական հաշիվներ, ստանալ տեղեկություններ իրենց կուտակային միջոցների, դրանց կառավարման արդյունքում ստացված եկամուտների վերաբերյալ, ընտրել և փոխել կենսաթոշակային ֆոնդը և կառավարչին։

Նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրված եկամտային հարկի և անձնավորված հաշվետվությունների համակարգի իրազեկման աշխատանքների շրջանակում ՀՀ Կառավարության կողմից ԿՀԻԿ հիմնադրամին հանձնարարվել է իրականացնել նույնականացման քարտ կարդացող սարքերի բաշխումը իրավաբանական և ֆիզիկական անձանց։

Էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման, ինչպես նաև անհատական կենսաթոշակային հաշիվները էլեկտրոնային եղանակով ստուգելու համար նույնականացման գործընթաց անցնելու և էլեկտրոնային փաստաթղթերը ստորագրելու նպատակով, մասնակիցներից պահանջվում է ունենալ նույնականացման քարտ և քարտը կարդացող սարք։ Կառավարության կողմից Հանրապետություն ներկրված սարքերի առաջին խմբաքանակը գործատուներին տրամադրելու գործընթացը կարգավորվել է ՀՀ Կառավարության 2013 թ. հունվարի 16-ի 31-Ն որոշմամբ, որի համաձայն՝ 20 000 սարքերը փոխանցվել են Հիմնադրամին, և սահմանվել է դրանք ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և ընթացակարգը։

Սարքերի առաջին խմբաքանակը սպառվելուց հետո Հայաստան ներմուծված սարքերը գործատուներին տրամադրվել են Կառավարության մեկ այլ՝ 2013 թ. մայիսի 16-ի 517-Ն որոշման սահմանած կարգով։ Սկսած 2013 թվականի հոկտեմբեր ամսից՝ նույնականացման քարտ կարդացող սարքերը ԿՀԻԿ հիմնադրամը տրամադրում է նաև ֆիզիկական անձանց՝ ՀՀ Կառավարության 2013 թ. հոկտեմբերի 23-ի 1152-Ն որոշմանը համապատասխան կարգով։