Ծննդաբերական ցավի կառավարում
Ծննդաբերական ցավի կառավարում, ցավի բուժումը կամ կանխարգելումն է ծննդաբերական գործունեության ժամանակ։ Ծննդկանի զգացած ցավի չափը մասամբ կախված է երեխայի չափից և դիրքից, կնոջ կոնքի չափից, հույզերից և արգանդի կծկումների ուժգնությունից[1]։ Լարվածությունը մեծացնում է ցավը ծննդաբերության ժամանակ[2]։ Գործնականում բոլոր կանայք անհանգստանում են, թե ինչպես են հաղթահարելու ծննդաբերական ցավը։ Ցավազգացողությունը շատ անհատական է և ծննդաբերության ժամանակ զգացվող ցավի չափը ճշգրիտ կանխատեսել հնարավոր չէ[1]։ Որոշ կանայք բավարարվում են միայն ցավազրկման «բնական մեթոդներով»։ Շատ կանայք համակցում են «բնական մեթոդները» դեղամիջոցների և բժշկական միջամտությունների հետ։ Ծննդաբերության նկատմամբ դրական վերաբերմունք ստեղծելը և վախը կառավարելը նույնպես կարող է օգնել հաղթահարել ցավը։ Ծննդաբերության ցավը նման չէ հիվանդության կամ վնասվածքի պատճառով առաջացած ցավին։ Այն առաջանում է արգանդի կծկումներից, որոնք երեխային ծննդաբերական ուղիներով դուրս են մղում։ Այսինքն՝ ծննդաբերության ցավը պայմանավորված է մի գործընթացով, որն ունի նպատակ[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 20-րդ դարը ծննդաբերությունը հիմնականում տեղի էր ունենում տանը, առանց ցավը կառավարելու համար բժշկական միջամտությունների հասանելիության[3]։ Ծննդաբերությունը կանանց մահացության հիմնական պատճառն էր, և շատերը վախենում էին այդ գործընթացից՝ ցավը կառավարելու մեծ պահանջարկ ստեղծելով։ Բայց չնայած կին հիվանդների պահանջներին, մինչև 19-րդ դարի կեսերը քիչ օգնություն էր առաջարկվում։ Դեղորայքային անզգայացումը ծննդաբերության ժամանակ առաջին անգամ ներդրվել է 1847 թվականին՝ ստանալով աջակցություն կանանց և դժգոհություն բժիշկների կողմից[4]։ Որոշ բժիշկներ և կրոնական հեղինակություններ պնդում էին, որ ծննդաբերության ժամանակ ցավազրկումը հակասում է ծննդաբերությունը ցավոտ դարձնելու Աստծո ընտրությանը։ Անզգայացման դեմ կողմնորոշումը, սակայն, հիմնականում հիմնված էր առողջության վրա նրա հետևանքների և ծննդաբերության վրա ֆիզիկական ազդեցության մտահոգությունների վրա[5][6]։ Ցավազրկումը տարածում ստացավ 1853 թվականին, երբ թագուհի Վիկտորյան որոշեց կիրառել քլորոֆորմ իր 8րդ երեխայի ծննդաբերության ցավազրկման համար[4][7]։ Միջամտությունը հայտնի դարձավ կանանց որպես "chloroform à la reine"[5]: 20-րդ դարի սկզբին Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի բժիշկներ Կարլ Գաուսը և Բերնհարդ Քրոնիգը ցավազրկելու համար ստեղծում էին դեղորայք-ինդուկցված վիճակ, հայտնի որպես «մթնշաղի քուն»։ Միջամտությունը, հատկապես այն դեպքում, երբ անցկացվում էր ոչ փորձառու բժիշկների կողմից, ուներ մի շարք ռիսկեր և կողմնակի ազդեցություններ։ Դրա վերելքն ու անկումը համընկել են ինչպես առաջին ալիքի ֆեմինիզմի, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հակագերմանական տրամադրությունների հետ։ 1956 թվականին Պիոս XII պապը հավանություն է տվել առանց ցավի ծննդաբերությանը[7]։ 1960-ականներին սկսեց տարածում ստանալ էպիդուրալ անզգայացումը։
Նախապատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծննդաբերության նախապատրաստումը կարող է ազդել ծննդաբերական ցավի քանակի վրա։ Հղին կարող է մասնակցել ծննդաբերության մասին դասընթացներին, խորհրդակցել մասնագետների հետ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ցավը կառավարելու մասին։ Ընկերների և ընտանիքի հետ շփումը կարող է մեղմացնել մտահոգությունները[1]։
Ոչ դեղորայքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հղիների համար թուլանալու և ցավն առավել կառավարելի դարձնելու համար շատ մեթոդներ կան։ Որոշ տվյալներ ցույց են տվել, որ ջրում ընկղմվելը, ռելաքսացիայի մեթոդները, ակուպունկտուրան մեղմացրել են ծննդաբերական ցավը[8]։ Ստորև բերված են մի շարք մոտեցումներ։
Կարող են օգտակար լինել հեշտոցային օժանդակ ծննդաբերության վտանգը նվազեցնելու համար[8]։
Մերսման բազմաթիվ տեսակներ կարող են օգտագործվել ծննդաբերության տարբեր փուլերում։ Մերսման որոշ տեխնիկաներ կարող են օգնել օքսիտոցինի արտազատմանը, որը խթանում է կծկումները և հեշտացնում արգանդի վզիկի լայնացումը[9]։
- Տաք կոմպրեսներ մեջքի ստորին մասում կամ սառը թրջոցներ ճակատին։
Տաք կոմպրեսների կիրառումը, հատկապես մեջքի ստորին հատվածում կարող է օգնել նվազեցնել ցավը ծննդաբերության առաջին փուլում մինչ արգանդի վզիկը լայնանում է և նույնիսկ կարող է օգնել նվազեցնել ծննդաբերության տևողությունը, սակայն դա հաստատող ապացույցները սահմանափակ են[9]։
- Ծննդաբերության ընթացքում դիրքերի փոփոխություն (կանգնել, կռանալ, նստել, քայլել և այլն)[1]
- Ծննդաբեր գնդակի օգտագործում[1]։
Ծննդաբերության ժամանակ գնդակ առաջին անգամ օգտագործվել է 1980-ականներին։ Այն լավագույնս կիրառվում է ծննդաբերության առաջին փուլում։ Այն կարող է մեղմացնել ցավը շեքի վրա ազդելով և արգանդի վզիկի լայնացման ժամանակ այդ հատվածը մեղմ խթանելով։ Այն կարող է նաև օգնել պտղի անցմանը տարբեր դիրքային վարժությունների և գրավիտացիայի միջոցով[10]։
- Երաժշտություն լսել[1]
Քիչ փաստերի հիման վրա երաժշտությունը կարելի է դիտարկել որպես ցավը նվազեցնելու արդյունավետ մեթոդ։ Այն կարող է շեղել ուշադրությունը և նպաստել ծննդաբերության դրական փորձառության ստեղծմանը, ինչը կարող է ի վերջո նվազեցնել հետծննդյան բացասական հետևանքների հավանականությունը[9]։
- Ասեղնաբուժություն[8]
Ասեղնաբուժության օգտագործումը կարող է քչացնել օժանդակ հեշտոցային ծնունդների և կեսարյան հատումների անհրաժեշտությունը[8]։
- Սիրելիի, հիվանդանոցի անձնակազմի կամ դուլայի (օգնական) աջակցություն[1]
Ստեղծում են հարմարավետության զգացում, նվազեցնում դեղորայքային ցավազրկման անհրաժեշտությունը և կեսարյան հատումների համեմատ մեծացնում հեշտոցային ծննդաբերությունների հաճախականությունը[11]։
Ջուր և ծննդաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանանց առողջության ամերիկյան գրասենյակի տվյալներով տաք ջրում ծննդաբերելը, որը նաև կոչվում է հիդրոթերապիա, օգնում է կանանց ֆիզիկապես լավ, հանգիստ և թուլացած զգալ։ Կնոջ համար կարող է ավելի հեշտ լինել նաև շարժվել և հարմարավետ դիրք գտնել ջրում[1]։ Ծննդաբերության առաջին փուլի ընթացքում ջրի մեջ ընկղմումը կարող է օգնել նվազեցնել ցավազրկման անհրաժեշտությունը և, հնարավոր է, կրճատել ծննդաբերության տևողությունը։ Ծննդաբերության երկրորդ և երրորդ փուլերում արդյունավետության մասին տվյալները սահմանափակ են[12][13]։ Ամերիկյան մանկաբուժության ակադեմիան մտահոգություն է հայտնել ջրում ծննդաբերության վերաբերյալ՝ դրա անվտանգությունը ցույց տվող բավարար ուսումնասիրությունների բացակայության և բարդությունների հազվադեպ, բայց հաղորդված հավանականության պատճառով[1]։
Ցավի կառավարման դեղորայքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օփիոիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրանք կարող են ներարկվել միջմկանային կամ ներերակային ճանապարհով։ Այս դեղամիջոցները կարող են առաջացնել անցանկալի կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են քնկոտությունը, քորը, սրտխառնոցը կամ փսխումը[14]։ Թեև ծննդկանի մոտ դրանք կարճատև են գործում, նորածնին ավելի երկար ժամանակ է պետք այս դեղամիջոցները օրգանիզմից հեռացնելու համար։ Օփիոիդները կարող են անցնել ընկերքով և կարող են բացասական ազդեցություն ունենալ պտղի սրտի աշխատանքի, շնչառության և ուղեղի աշխատանքի վրա։ Այդ պատճառով օփիոիդները չեն տրվում ծննդաբերությանը մոտ ժամանակում[14]։ Այնուամենայնիվ, դրանք կարող են օգտակար լինել ծննդաբերության վաղ շրջանում, չեն խաթարում մոր շարժվելու, ուժ գործադրելու կարողությունը։ Ծննդաբերության ընթացքում օփիոիդների կիրառման մասին որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել ռիսկերն ու օգուտները[1]։
Էպիդուրալ անզգայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էպիդուրալ անզգայացումը միջամտություն է, որը ներառում է խողովակի (կատետերի) տեղադրում մեջքի ստորին հատվածում՝ ողնուղեղի տակ գտնվող փոքր տարածության մեջ։ Դեղորայքի փոքր չափաբաժինները կարող են տրվել ծննդաբերության ընթացքում, ըստ անհրաժեշտության։ Ցավազրկումը սկսվում է դեղը ստանալուց 10-20 րոպե անց։ Կինը լինում է արթուն, իսկ մարմնի ստորին կեսի թմրածության աստիճանը կարող է կառավարվել։ Այս անզգայացումը կարող է իջեցնել արյան ճնշումը, ինչը կարող է դանդաղեցնել երեխայի սրտի բաբախյունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար տրվում են ներերակային հեղուկներ։ Բացի այդ կարող են երկարել ծննդաբերության առաջին և երկրորդ փուլերը։ Եթե արվում է ծննդաբերության ուշ շրջանում կամ շատ դեղորայք է օգտագործվում, կարող է պտղի արտամղման ժամանակ ուժերի թուլություն առաջանալ։ Էպիդուրալը մեծացնում է օժանդակ հեշտոցային ծննդաբերության ռիսկը[1]։
Ինհալյացիոն անզգայացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազոտի օքսիդ ներշնչելը դեղորայքային ցավազրկման ձևերից մեկն է։ Սովորաբար կիրառվում է ազոտի օքսիդի 50/50 խառնուրդ օդի հետ։ Ազոտի օքսիդը օգտագործվել է այս նպատակով 1800-ականների վերջից։ Ինհալացիոն ցավազրկման կիրառումը սովորաբար օգտագործվում է Մեծ Բրիտանիայում, Ֆինլանդիայում, Ավստրալիայում, Սինգապուրում և Նոր Զելանդիայում, իսկ ԱՄՆ-ում վայելում է մեծ ժողովրդականություն[15]։
Թեև ցավը վերահսկելու այս մեթոդն այնքան արդյունավետ չէ, որքան էպիդուրալը, այն շատ առավելություններ ունի։ Ազոտի օքսիդը մատչելի է և կարող է անվտանգ օգտագործվել ծննդաբերության ցանկացած փուլում։ Այն օգտակար է այն կանանց համար, ովքեր ցանկանում են մեղմ ցավազրկում՝ պահպանելով շարժունակությունը և ունի մոնիտորինգի ավելի քիչ կարիք, քան էպիդուրալ անզգայացումը։ Այն կարող է կիրառվել դեղորայքային մեթոդների հետ միասին։ Նաև ինքնուրույն կառավարելի է, այնպես որ ծննդկանը լիովին վերահսկում է, թե որքան գազ է նա ցանկացած պահի ցանկանում ներշնչել։
Ազոտի օքսիդն ունի սահմանափակ կողմնակի երևույթներ։ Որոշ կանայք կարող են ունենալ գլխապտույտ, սրտխառնոց, փսխում կամ քնկոտություն, սակայն, քանի որ դեղաչափը որոշվում է հղիի կողմից, նա կարող է սահմանափակել կիրառումը ախտանիշներ առաջանալու դեպքում։ Գազը արագ է գործում, բայց նաև կարճատև, ուստի պետք է դիմակը պահել դեմքին մոտ։ Պտղի վրա ազդեցությունը շատ քիչ է, քանի որ այն արագորեն հեռանում է օրգանիզմից, հենց որ նա սկսում է շնչել[15]։
Ցավի կառավարումը ծննդաբերությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծննդաբերությունից հետո շեքի ցավն ունի անմիջական և երկարաժամկետ բացասական ազդեցություն ծննդաբերի և նորածնի վրա։ Կարող է խանգարվել կրծքով կերակրումը, երեխայի խնամքը[16]։ Կանայք հաճախ նշում են ցավ ներարկման հատվածներում և էպիզիոտոմիայից հետո։ Ցավը կարող է առաջանալ հնարավոր պատռվածքներից, կտրվածքներից և արգանդի կծկումներից, պտուկների շրջանում։ Սովորաբար նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 «Pregnancy Labor and Birth»։ Office on Women's Health, U.S. Department of Health and Human Services։ 1 February 2017։ Վերցված է 15 July 2017
This article incorporates text from this source, which is in the public domain.
- ↑ 2,0 2,1 «Massage, reflexology and other manual methods for pain management in labour»։ The Cochrane Database of Systematic Reviews (2): CD009290։ February 2012։ PMID 22336862։ doi:10.1002/14651858.CD009290.pub2
- ↑ «Twilight Sleep»։ ASU Embryo Project Encyclopedia։ 2018։ ISSN 1940-5030
- ↑ 4,0 4,1 Pain, pleasure, and American childbirth: from the twilight sleep to the read method։ Westport, Conn: Greenwood Press։ 1984։ էջեր 3–26
- ↑ 5,0 5,1 Barry Ellen (6 May 2019)։ «Chloroform in Childbirth? Yes, Please, the Queen Said»։ The New York Times։ Վերցված է 15 October 2022
- ↑ Corretti Carolyn, Desai Sukumar P. (1 July 2018)։ «The Legacy of Eve's Curse: Religion, Childbirth Pain, and the Rise of Anesthesia in Europe: c. 1200-1800s»։ Journal of Anesthesia History 4 (3): 182–190։ PMID 30217391 ։ doi:10.1016/j.janh.2018.03.009
- ↑ 7,0 7,1 «A History of Pain Relief During Childbirth»։ The Wondrous Story of Anesthesia։ 2014։ էջեր 847–858։ ISBN 978-1-4614-8440-0։ doi:10.1007/978-1-4614-8441-7_62
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Pain management for women in labour: an overview of systematic reviews»։ The Cochrane Database of Systematic Reviews 3 (3): CD009234։ March 2012։ PMC 7132546 ։ PMID 22419342։ doi:10.1002/14651858.CD009234.pub2
- ↑ 9,0 9,1 9,2 «Relaxation techniques for pain management in labour»։ The Cochrane Database of Systematic Reviews 2018 (3): CD009514։ March 2018։ PMC 6494625 ։ PMID 29589650։ doi:10.1002/14651858.cd009514.pub2
- ↑ «Effect of birth ball on labor pain relief: A systematic review and meta-analysis»։ The Journal of Obstetrics and Gynaecology Research 41 (11): 1679–1686։ November 2015։ PMID 26419499։ doi:10.1111/jog.12802
- ↑ «Continuous support for women during childbirth»։ The Cochrane Database of Systematic Reviews 2017 (8): CD003766։ July 2017։ PMC 6483123 ։ PMID 28681500։ doi:10.1002/14651858.CD003766.pub6
- ↑ «Immersion in water during labour and birth»։ The Cochrane Database of Systematic Reviews 5 (6): CD000111։ May 2018։ PMC 6494420 ։ PMID 29768662։ doi:10.1002/14651858.cd000111.pub4
- ↑ «Immersion in Water During Labor and Delivery - ACOG»։ www.acog.org։ Վերցված է 2019-01-25
- ↑ 14,0 14,1 «ACOG Practice Bulletin No. 177: Obstetric Analgesia and Anesthesia»։ Obstetrics & Gynecology 100 (1): 177–191։ April 2017։ ISSN 0029-7844։ doi:10.1097/00006250-200207000-00032
- ↑ 15,0 15,1 «Nitrous oxide for the management of labor pain: a systematic review»։ Anesthesia and Analgesia 118 (1): 153–167։ January 2014։ PMID 24356165։ doi:10.1213/ANE.0b013e3182a7f73c
- ↑ «Aspirin (single dose) for perineal pain in the early postpartum period»։ The Cochrane Database of Systematic Reviews 2020 (7): CD012129։ July 2020։ PMC 7388929 ։ PMID 32702783 ։ doi:10.1002/14651858.CD012129.pub3
|