Ծավալային դրոշմում
Ծավալային դրոշմում, մետաղները ճնշմամբ մշակելու հիմնական եղանակ, երբ նախապատրաստուկը ենթարկվում է պլաստիկ դեֆորմացիայի, փոխում իր բոլոր չափերը և ընդունում դրոշմոցի ձևը։ Կիրառվում է դարբնոցա-դրոշմիչ արտադրության մեջ՝ մեքենաների դետալների և այլ շինվածքների սերիական և զանգվածային արտադրության դեպքում։
Տարբերում են սառը և տաք ծավալային դրոշմում։ Սառը դրոշմումն իրականացվում է առանց տաքացման։ Այս եղանակով ստանում են պատասխանատու դետալներ՝ բարձր և կայուն մեխանիկական հատկություններով։ Սառը դրոշմման համար պահանջվում են մեծ ճիգեր (մինչև 2500 Մն/մ² և ավելի), որոնք բացասաբար են անդրադառնում դրոշմոցի կայունության վրա։ Այդ ճիգերը կարելի է փոքրացնել միայն նախապատրաստուկը տաքացնելով, այսինքն՝ տաք ծավալային դրոշմամբ։ Դրոշմոցները բաղկացած են երկու մասից՝ վերևի և ներքևի կամ մամլամատից ու մամլամայրից։
Ծավալային դրոշման զարգացման հեռանկարներն են՝ դրոշմոցների կիրառումը տաք փոքրաթափոն դրոշմման և հզոր սարքավորումների նախագծումը՝ սառը դրոշմման համար, ինչպես նաև մետաղների դեֆորմացման նոր գործընթացների արմատավորումը՝ օգտագործելով գերպլաստիկության երևույթներն ու կիրառելով հիդրոստատիկ մեթոդները։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 118)։ |