Jump to content

Խրախճանականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խրախճանականներ, հետաքրքրաշարժ բովանդակության խնդիրներ, որոնք սովորաբար առաջադրվում են խնջույքների ու զանազան հավաքույթների ժամանակ։ Խրախճանականների մեծ մասը կարելի է լուծել մեկ անհայտով առաջին աստիճանի հավասարումների միջոցով։ Սակայն, իր ժամանակին, մանավանդ երբ հավասարման գաղափարը դեռևս չկար գիտության մեջ, խրախճանականները լուծվել են բանավոր, տրամաբանորեն, կռահելով (հատկապես կատակ-խրախճանականները) կամ թե ենթադրվելիք պատասխանը փորձելու միջոցով։ Խնդիրն առաջադրողին հետաքրքրում էր ոչ թե լուծման եղանակը, այլ պատասխանը։

Հայ մատենագրությունում խրախճանականներ կան Անանիա Շիրակացու (VII դար), Նիկողայոս Արտավազդի (XIV դար), Կոստանդին Զուղայեցու (XVII դար), Զաքարիա Սարկավագի (XVII դար) և այլ հեղինակների աշխատություններում։ Շատ խրախճանականներ բերնե-բերան, սերնդե-սերունդ անցնելով հասել են մեզ՝ կազմելով հայ ժողովրդական բանահյուսության ձևերից մեկը։ Խրախճանականները կարևոր դեր են խաղացել ժողովրդի մեջ ճշգրիտ գիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելու գործում։ Դրանք ունեցել են նաև դաստիարակչական նշանակություն, ժողովրդի մեջ սերմանել են հայրենասիրական զգացմունքներ, ոգևորել, վստահություն ներշնչել սեփական ուժերի հանդեպ։

Խրախճանականները կարևոր տեղեկություններ են պարունակում տարբեր դարերում ժողովրղի պատմելու ոճի ու ձևի, օգտագործած չափման միավորների, տնտեսական փոխհարաբերությունների, մարդկանց զբաղմունքների, տեղանունների, կենդանական ու բուսական աշխարհի, իրադարձությունների, մաթեմատիկական գիտելիքների տարածման աստիճանի մասին։ Ավանդաբար մեզ հասած հնագույն խրախճանականներից բացի, այժմ էլ ստեղծվում են նոր խրախճանականներ, որոնց բովանդակությունն արտացոլում է մարդկային գիտելիքների արդի մակարդակը։ Դրանք մեծապես նպաստում են հատկապես դպրոցականների մտահորիզոնի ընդլայնմանն ու մտավոր ունակությունների զարգացմանը։ Առաջ են եկել նաև նոր տեսակի՝ մասնագիտական խրախճանականներ, որոնք շոշափում են մաթեմատիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային, հարցեր ու պրոբլեմներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քառասուն խրախճանական (կազմ. Բ. Թումանյանը), Ե., 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 93