Խորհրդահայ շրջանի բանահյուսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորհրդահայ շրջանի բանահյուսությունը, շարունակելով ավանդականը, հատկանշվում է մի քանի առանձնահատկություններով՝ պայմանավորված սոցիալանական, քաղաքական և մշակութային փոփոխություններով։ Այդ շրջանի բանահյուսության կենսունակ ժանրերն են ժողովրդական երգն ու զրույցը։ Նոր վիպերգերի հիմնական թեման խորհրդային պետության առաջնորդներն են, Կարմիր բանակը, նշանավոր զորավարները, հեղափոխական գործիչները։ Քնարական երգերում գովաբանվել են նոր կարգերն ու վերափոխումները, ծաղրվել ու պարսավվել է հինը։ Երգեր են հորինվել անհատի պաշտամունքի և Հայրենական մեծ պատերազմի մասին, որտեղ ներառվել են նոր անուններ ու իրողություններ («Կռունկ, թե կսիրես արդարությունը», «Խաբեք մորս՝ վիրավոր եմ», «Սև ծովի ափին, մայրիկ, մայրիկ ջան, փրփուր չի բռնի»)։ Հորինվել են այդ ժամանակաշրջանը բնորոշող առած-ասացվածքներ։ Ժողովրդի հիշողությունից հետզհետե անհետացող վիպակ բանահյուսության ավանդական ժանրերի փոխարեն 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին նորացվում են ժողովրդական զրույցների մի քանի տեսակներ՝ անեկդոտը, առակը, երգիծական տարբեր մանրապատումները՝ բարոյակենցաղային, սոցիալական, քաղաքական նոր բովանդակությամբ։ Հիշատակելի են Պոլոզ Մուկուչի, Ծիտրո Ալեքի, Վարդանիկի և Ընկեր Մարգոյի, կիրովականցի Ռուբենի, Ջղեր Խաչիկի և այլոց մասին պատմող անեկդոտաշարերը, հայկական տարբեր ազգագրական խմբերի թուլություններն ու թերությունները ծաղրող զվարճապատումները։