Խաղ ու տաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղ ու տաղ, ժողովրդական երգի տեսակ՝ հիմնականում քառատող, ինչպես նաև եռատող և երկտող։ Մեծ մասամբ ունի դարձ կամ կրկնակ մեկ կամ մի քանի բառից, տողից, անգամ՝ քառատողից։ Կրկնակը պարզում է ժողովրդական խաղիկի իմաստը և ստեղծում երաժշտական ամբողջություն։ Կրկնակով են որոշվում նրա եղանակները։ Ժողովրդական խաղիկները բաղկացած են 5–12-վանկանի նույնահանգ, զուգահանգ կամ 3-րդ անհանգ տողից։ Բնույթով մեծ մասամբ սիրային են, ծագումով և բովանդակությամբ՝ գեղջկական, արտացոլում են հիմնականում գյուղական կյանքի պատկերներ։ Կիրառվում են իբրև պարերգ, ծիսական վիճակահանություն և սիրային երգ։

Հայ ժողովրդական երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական խաղը ժողովրդական երգի մի տեսակ է, որի հիմնական ձևը գլխավորապես քառատողն է, ապա նաև եռատողը։ Գրեթե բոլոր խաղերը ունեն դարձ կամ կրկնակ (հանգերգ), այսինքն` բառեր ու խոսքեր, երբեմն և տողեր ու երկատողեր, նույնիսկ քառատողեր, որոնք դառնում են`«դարձ են գալիս» կամ որոնք կրկնվում են ամեն տողի սկզբում կամ վերջում, կարող են կրկնվել նաև երկու տողից հետո, ինչպես` «Ջան գյուլում ջան, ջան. ջան ծաղիկ ջան, ջան», «Երնեկ էն օրեր, որ կ՚ելնենք սարեր», «Քիփ լուրիկ, լուրիկ, լուրիկ, Գարնան քարեր վարդ արիր, լուրիկ», «Արի', յա'ր, արի', խռով մի'կենա. Աստվորիս բան մեզի չի մնա»։

Հաճախ կրկնակները լոկ ձայնարկություններ են, ինչպես` ա՜խ, վա՜յ կամ վա՜յ լե, լե, լե՜, վայ լո, լո', լո, լո՜ կամ տողի վերջի մեկ երկու բառն են կրկնվում։

Կրկնակները պարզում են բանաստեղության միտքը, բայց անհրաժեշտ են գլխավորապես երաժշտական տեսանկյունից։ Քանի որ բանաստեղծությունը շատ կարճ է, թույլ չի տալիս երկու անհրաժեշտ երաժշտական նախադասություն կազմելու, ուստի առաջանում են կրկնակները, որոնց մեջ եղանակը փոխվում է և տարբերակներ կազմելով` առաջ բերում երաժշտական երկրորդ` բացատրական նախադասությունը։ Կրկնակներով են սովորաբար որոշվում և կոչվում եղանակները, օրինակ` ջան գյուլում, ջան իման ջան, դեհե զընգ զընգ, հայ նարե, գյուլում ջան, իմ չինարի յարը, ախ մարալ ջան և այլն։ Իսկ բուն երգը կամ քառատողը, ինչպես և երկատողն ու եռատողը, չունի և չի կարող ունենալ առանձին անուն։ Դա ընդհանուր անունով կոչվում է խաղ։ Այս բառը, սակայն, ավելի ընդարձակ գործածություն ունի, նշանակում է աշխարհիկ երգ` լինի աշուղական, թե ժողովրդական` ի հակադրություն սիրո, ուրախության, գրական ու կրոնական այն հին երգերի, որ կոչվում են տաղ։ Բայց հաճախ մեկ երգի մեջ խաղն ու տաղը փոխարինում են իրար կամ երկուսն էլ գործածվում են.

   Հաղ կ՚ասեմ հաղի գլխին,
   Ձորնիվերա բաղի գլխին.
   Ես էն հաղը վաղ եմ ասել,
   Գիշեր ցերեկ տաղ եմ ասել։

Կան քառյակներ էլ, որոնց համար «խաղ» բառը չի գործածվում, այլ միայն «տաղ».

   Այ բալա Շողեր,
   Կ՚առնեմ քեզ օղեր,
   Կանչեմ կը տաղեր.
   Գյուլ Շողեր ջան։

Ինչպես «տաղ» բառը, «խաղ» բառը ևս աշխարհիկ երգի նշանակությամբ գործածվել է հայ գրականության մեջ։ «Խաղ» բառը միաժամանակ նշանակում է պար։ Այն ցույց է տալիս, որ «խաղ» կամ «խաղք երգոց» սկզբնապես կոչվել են պարերգերը, քանի որ քառատողերն ու եռատողերը, հատկապես երկատողերը, պարերգ են։ Այսինքն` եթե խաղ բառն իր սկզբնական նշանակությամբ գործածելու լինեինք, այս բառով միայն կարելի էր կոչել ժողովրդական երգի այս տարրական տեսակը։ Բայց որովհետև բառի իմաստն ընդարձակված է, աշուղական երգն ևս խաղ է կոչվում, ուստի ժողովրդական երգերի այս փոքրիկ տեսակը կոչվում է ժողովրդական խաղ։ Հետագայում Մանուկ Աբեղյանը[1] խաղը` ժողովրդական երգ նշանակությամբ գործածում է խաղիկ ձևով։

Հիմնական թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղիկները հիմնականում գյուղական բանաստեղծություններ են, սիրո երգեր.

   Ման գալով ամեն լավ տեղ`
  Քաղենք ծաղիկ միատեղ.
  Փնջեր կապենք միասին,
  Խաղ ասելով տանենք գեղ։

Քաղաքը շատ քիչ է հիշվում խաղիկների մեջ.

   Մեր բաղումը բաղմանչի,
   Շըվին շըվի նման չի.
   Քաղքումը տըղերք շատ կան,
   Մեկն իմ յարի նըման չի։

Խաղիկները երգվում էին հատկապես տոների ժամանակ` Համբարձման կամ Վարդավառի.

   Համբարձումը գալիս ա,
   Ծաղիկը ցնծալիս ա.
   Համբարձում կանչող աղջիկ,
   Ձենըդ ծըլվըլալիս ա։

Սիրո խաղիկներում ուշագրավ է այն հանգամանքը, որ երիտասարդները միշտ ազատ սիրո և ազատ ընտրության կողմնակիցներ են, հաճախ դժգոհ են խանգարող ծնողներից, հատկապես աղջկա մորից.

   Կարմիր վարդը ճամով ա,
   Սիրած յարը համով ա.
   Էստեղ զոռի բան չկա,
   Սերը իրեն կամով ա։

   Ճրագը վառա, վառա,
    Հոր հետ վատամարդ դառա.
    Մեր ու աղբեր թող տվի,
    Ես իմ սիրածին առա։

Խաղիկների մեջ արտացոլված են նաև գյուղական աշխատանքները իրենց բոլոր տեսակներով։ Սիրո խաղիկներին զուգահեռ, երգվում է նաև գյուղացու դաշտային աշխատանքը, գութան անելը, կալը, ցորեն աղալը, ջաղաց գնալը.

   Կը գնամ չոլը վաստակ...
  Թուխպըն առաջս կտրեց,
  Մնացի բոյիդ հասրաթ։

  Կալ եմ գցել, կալսել եմ,
  Ալ աբրշում դարսել եմ.
  Սրտումս ինչ խորհուրդ կա,
  Էն քաֆուրին ասել եմ։

Խաղիկների մեջ հատկապես ներկայացված են կնոջ աշխատանքները։ Նա պատրաստում է կերակուրներ, եփում, թխում, մանում ու գործում։ Բայց նաև մասնակից է դաշտային աշխատանքներին` բանվորին հաց տանելով, խուրձ կապելով, կալսելով ու մաղելով.

   Մերս մածուն ա մերել,
  Փեսեքին տուն ա բերել.
  Անտեր մնա գող կատուն,
  Փեսեքի փայն ա կերել։

Պանդխտությունը ևս խաղիկներում ներկայացված է։ Աշխատավոր շինականը այլևս չի կարողանում ապրել իր տնտեսությամբ և ստիպված մեկնում է գյուղից.

   Լալվարու ջուրը սառն ա,
   Օտարությունը դառն ա.

Իբրև պանդխտության վայր` հիշվում են Գյանջա, Նուխի, Շիրվան, Գյումրի, Երևան, Կաղզվան, արևմտյան երգերի մեջ` Ստամբուլ, Սկյուտար, Իզմիր քաղաքները.

   Լուսնակըն ինձի ցերեկ,
   Շիրվանու քարվան բերեք.
   Աղլուխս մուժտա կուտամ,
   Յարիցս խաբար բերեք։

Խաղիկների մեջ գովերգվում են նաև բնության երևույթները։ Երգվել են նաև արեգակի, լուսնի մասին.

   Արևը ցոլաց, գնաց,
   Երկինքը մթնած մնաց...

Բազմաթեմա է հայ ժողովրդական խաղիկը, որը ստեղծվել է անմիջապես, առանց գրվելու։ Հայ աշխատավորի կենցաղն ու բնության հանդեպ սերն են արտացոլված այս գործերում։ Խաղը արտահայտում է երգողի զգացմունքն ու մտածմունքը։ Խաղի էական մասը երկրորդ երկատողն է, իսկ առաջին երկատողը սովորաբար երկրորդի լրացումն է։

Խաղերի առաջին մասը երկրորդի համեմատությամբ լինում է երեք տեսակ.

1. Խաղիկի առաջին մասի մեջ նկարագիր է լինում.

   Մեր ջուխտ գութն դաշտ կու բանի,
   Զուլո խաթուն հաց կու տանի,
   Մին կու քելե, մին կու կայնի,-
   Աչքով, ունքով մարդ կու սպանի։

2. Խաղիկի առաջին մասը սկսվում է համեմատությամբ.

   Լավ ձին նա՞լն ինչ կանե,
   Սիրունը խա՞լն ինչ կ՚անե.
   Սիրածը սրտով լինի,
   Աշխարհը մա՞լն ինչ կանե։

3. Խաղիկի առաջին մասը սկսվում է և՛ համեմատությամբ, և՛ նկարագրությամբ.

   Արևն ընկավ ամուր բերդին,
   Քո սերն ընկավ մեջ իմ լերդին.
   Ես քեզ սիրեմ, թող զիս քերթին։

Խաղիկների տողերի երկու մասերն էլ ունեն ներքին միասնություն, որոնցում ժողովրդական մտածողությունը արտահայտված է սեղմ, ընդգրկուն կերպով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մանուկ Աբեղյան, Երկեր, Հ.Բ, Երևան, 1967, էջ 285։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանուկ Աբեղյան, Երկեր, Հ.Բ, Երևան, 1967։
  • Մանուկ Աբեղյան, Հին գուսանական ժողովրդական երգեր, Երևան, 1931։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 293