Jump to content

Խաղողի վազի ձևավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաղողի վազի ձևավորում, խաղողաթփերի որոշակի ձևավորումը՝ դրանց ավելի լավ լուսավորվածության, սննդառության, խնամքի, հողի մեքենայական մշակման և բերքահավաքի հարմարության ապահովման համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թփերը ձևավորում են էտելու, նախորդ տարվա և կանաչ շիվերը հենասյուներին կապելու, ավելորդ շիվերը կտրատելու միջոցով։ Ձևավորված խաղողի վազն ունենում է բուն, գլուխ՝ բնի վերին լայնացած ու հաստացած մասը, թևեր՝ բնի վերգետնյա հիմնական բազմամյա ճյուղավորումները, պտղօղակներ՝ միամյա հասունացած բերքատու մատեր, որոնք կտրվում են 4-12 աչքեր երկարությամբ և նույն տարի բերքատու են։ Փոխարինող միամյա մատերը կտրվում են 2-4 աչքեր երկարությամբ, որոնցից հաջորդ տարի ձևավորվում են բերքատու օղակները՝ պտղատու և փոխարինող մատերը։ Խաղողի վազի ձևավորումները լինում են բազմաճյուղ՝ առանց բնի, ցածրաբուն, միջակ բարձրությամբ բնով և բարձրաբուն։ Վազի բնից աճում են տարբեր երկարությամբ թևեր. մեկ կամ երկթև ձևավորում՝ մեկ, երկու կամ բազմաթիվ պտղօղակներով, բնով և առանց բնի, հովհարաձև ձևավորումներ՝ 3 և ավելի ճյուղավորված թևերով, որոնք գտնվում են նույն հարթության վրա, կորդոնային ձևավորումներ՝ հորիզոնական, թեք կամ ուղղահայաց բնով, որի վրա են գտնվում պտղօղակները։ Խաղողի վազի ձևավորման և էտման ոլորտում հայտնի են հայ խաղողագործներ Ա. Ս. Մերժանյանի, Պ. Կ. Այվազյանի, Ռ. Հ. Երգեսյանի, Ա. Ի. Ղուկասովի աշխատանքները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։