Խաղաղության զանգ
«Խաղաղության կոչնակ» հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | օգոստոսի 9, 1988 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Խաղաղության կոչնակ» (ռուս.՝ Колокол Мира), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ակադեմիկոս Սախարովի անվան զբոսայգում։ Նվիրված է ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։ Հայտնի է նաև որպես «Նագասակիի կոչնակ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը տեղադրվել է 1988 թվականի օգոստոսի 9-ին` ճապոնական Նագասակի քաղաքի ռմբակոծության 43-րդ տարելիցի օրը, ի հիշատակ միջուկային ռմբակոծությունների։ Հեղինակն է ճապոնացի քանդակագործ Մացուոկա Կունիտին[1] (ճապ. 松岡クニット)։ Ճարտարապետն է Բ. Ա. Իզբորսկին[1]։
Սանկտ Պետերբուրգում տեղադրված «Խաղաղության կոչնակ» կոթողը «Հրեշտակ» կոչնակի ճշգրիտ պատճենն է[1], որը 1945 թվականի օգոստոսի 9-ի ռմբակոծությունից հետո քաղաքի Ուրակամի տաճարի փլատակներից հայտնաբերել և պեղել են Նագասակիի բնակիչները։ «Խաղաղության կոչնակի» պատճենները տեղադրվել են աշխարհի ևս հինգ քաղաքներում` Ռիչլենդում (ԱՄՆ), Հոնոլուլուում, Հիրոսիմայում, Մինսկում և Հայդենում (Շվեյցարիա)։ Հուշարձանները տարբերվում են ճարտարապետական լուծումներով, սակայն նրանց միավորում է հիմնական տարրը` կոչնակը, և ամեն տարի օգոստոսի 9-ին այդ քաղաքներում հնչում է զանգերի ղողանջը ի հիշատակ Հիրոսիմայի և Նագասակիի զոհերի[2]։
Հուշարձանը Սանկտ Պետերբուրգին, ի նշան պաշարված Լենինգրադի բնակիչների և պաշտպանների հանդեպ հարգանքի ու խոնարհման, նվիրել են Նագասակիի բնակիչները[2]։
1990-ական թվականների կեսերից ձևավորվել է ավանդույթ, ըստ որի` ամեն տարի այդ օրը քաղաքի դպրոցականները պատրաստում են հազար թղթե կռունկներ ի հիշատակ ճապոնացի այն երեխաների, որոնք զոհվել են ռմբակոծության հետևանքով։ Թղթե կռունկները, որոնք պատրաստում են ամբողջ աշխարհի երեխաները, հիշեցնում են ճապոնացի աղջիկ Սադակո Սասակիի պատմությունը, որն ատոմային ռմբակոծության հետևանքով 12 տարեկանում մահացել էր լեյկոզից։ Հավատալով այն առասպելին, որ հազար թղթե կռունկներն օգնում են իրականացնել ցանկությունը, և հույս ունենալով առողջանալ, Սադակոն սկսել էր պատրաստել այդ թռչունները, բայց կարողացել էր ստեղծել միայն 644 կռունկ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Колокол Мира». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Петербургские дети принесли тысячу бумажных журавликов к памятнику жертвам Хиросимы».