Խալկոգեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խալկոգեններ (հաճախ նաև Քալկոգեններ), Մենդելեևի պարբերական աղյուսակի 6-րդ խմբի ոչ մետաղներ։ Այս խմբին են պատկանում ծծումբըˋ S, սելենըˋ Se, տելուրըˋ Te։ Հաճախ խալկոգեն են համարում նաև թթվածնին` O։ Ըստ Գոլդշմիդտի դասակարգման` խալկոգենները մտնում են խալկոֆիլային (հունարեն՝ χάλχός— պղինձ և φίέώ — սիրում եմ) տարրերի մեջ։ Վերջիններս բնական սուլֆիդներ, սելենիդներ ու տելուրիդներ առաջացնելու հակում ունեն և երբեմն հանդիպում են բնածին վիճակով։ Ծծումբը, սելենը, թթվածինը և տելուրը հանդիպում են մետաղների հետ առաջացրած միացությունների ձևով (օրինակˋ երկաթի սուլֆիդ՝ FeS, կապարի սուլֆիդˋ PbS)։

Խալկոգենի ատոմները էլեկտրոնային արտաքին թաղանթում ունեն 6-ական էլեկտրոններ։ Քիմիական միացություն առաջացնելիս 6-րդ խմբի տարրերի ատոմները կարող են ընդունել 2 էլեկտրոն և ցուցաբերել -2 օքսիդացման աստիճան։ Սովորական պայմաններում քիմիապես պասիվ են, տաքացնելիս՝ ակտիվ։ Պարբերության համարի մեծացման հետ ավելանում է էլեկտրոնային շերտերի թիվը և, հետևաբար, մեծանում են տարրերի շառավիղները, ոչ մետաղական հատկությունները թուլանում են և փոխարենը ուժեղանում են մետաղական հատկությունները։ Օրինաչափորեն փոխվում են նաև համապատասխան պարզ նյութերի ֆիզիկական հատկությունները։ 6-րդ խմբում տարրերի կարգաթվի մեծացման հետ օրինաչափորեն մեծանում են այդ տարրերի առաջացրած պարզ նյութերի հալման ու եռման ջերմաստիճանները, փոխվում են ագրեգատային վիճակն ու գույնը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 50