Լրացված իրականության ապագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լրացված իրականություն (անգլ.՝ Augmented Reality, AR), նոր տեխնոլոգիա, որը բարելավում է իրական միջավայրը՝ թվային տարրեր համադրելով։ Վերջինս ընդգրկում է համակարգչային գրաֆիկա, ձայնային կամ վիդեո էֆեկտներ և սենսորային նախագծեր։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացված իրականությունն (AR) ընդլայնում է իրական միջավայրի օբյեկտները` համակարգչի կողմից ստեղծված ընկալման տեղեկատվության միջոցով։ Այն համակարգում ընդգրկում է այնպիսի տարրեր, ինչպիսիք են 3D մոդելները, տեքստը, տեսանյութը կամ աուդիոն։ Այս թվային տեղեկատվության ավելացման նպատակը հաճախորդներին ավելի գրավիչ և դինամիկ դաշտ տրամադրելն է, որը կարող են ապահովել տարբեր սարքավորումներ, ինչպիսիք են խելացի ակնոցները կամ սմարթֆոնները՝ տարբեր հավելվածների միջոցով[1]։

Լրացված իրականությունը(AR) հաճախ շփոթում են վիրտուալ իրականության(VR) հետ։ Նրանց հիմնական տարբերությունն այն է, որ վիրտուալ իրականությունն ամբողջովին փոխարինում է իրական միջավայրն արհեստականով, մինչդեռ լրացված իրականությունը կիրառվում է իրական միջավայրի անմիջական տեսադաշտում և հենց դրա վրա էլ ավելացնում է անհրաժեշտ համակարգչային գրաֆիկան։

AR-ի հետագա զարգացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդլայնված իրականության(XR) զարգացմանը զուգընթաց ավելի հեշտ է պատկերացնել ապագա, որտեղ իրական և վիրտուալ աշխարհների միջև սահմանային գծերը գնալով խամրում են։ Ապագայում, իհարկե, մենք կզգանք լրացված իրականության այնպիսի ձևեր, որոնք դեռևս չենք կարող կանխատեսել, սակայն, կան շատ տեխնոլոգիական առաջընթացններ, որոնց պետք է սպասել մոտակա ժամանակներում։

Առաջիկայում կստեղծվեն ավելի արագ, թեթև և մատչելի AR, VR տեխնոլոգիաներ։ Սմարթֆոնների զարգացումն արդեն թույլ կտա վայելել ավելի նուրբ AR, VR հնարավորություններ հեռախոսներում, իսկ 5G անլար ցանցերի շնորհիվ մենք կկարողանանք օգտվել դրանցից, որտեղ էլ որ լինենք[2]։

Լրացված իրականության օգուտները շատ ավելին կլինեն, քան մարտահրավերները։ Բիզնեսների հաջողության համար, լրացված իրականությունը կառաջարկի հսկայական հնարավորություններ, որն իրենից ենթադրում է հաճախորդների ավելի խորը ներգրավվածություն, վերապատրաստման նորարարական լուծումներ և պարզեցված բիզնես գործընթացներ, ինչպիսիք են արտադրությունը, սպասարկումը և, ինչու չէ, հենց հաճախորդների խնդիրներին նորարարական մոտեցումներ առաջարկելը։

Որպեսզի AR տեխնոլոգիան հասնի իր ողջ ներուժին, այն պիտի ավելի լայն տարածում գտնի, քան միայն շարժական սարքերում։ Տեխնոլոգիական ոլորտի խորհրդատու Թիմ Բաջարինը իր 2017 թ.-ի «Time» հոդվածում (“Why This Futuristic Tech Will Be The Future Of Computing.”) պնդում է․ «Որպեսզի AR-ն իսկապես օգտակար դառնա, ինչ-որ մեկը պետք է դրա համար հարթակ ստեղծի, որը կարող է հյուրընկալել մի շարք հավելվածներ և ծառայություններ։ Ամենայն հավանականությամբ, այս հարթակը սկզբում գոյություն կունենա սմարթֆոնների մեջ, այնուհետև, տարիներ անց, կտարածվի որոշ տեսակի ակնոցների վրա։» Երբ AR-ը գտնի լիարժեք հնարավորություններով հարթակ և պարզ դառնա, որ սպառողների մեծ մասը AR-ում հմուտ է, AR-ի ներուժը կսկսի լիովին իրացվել։ Յուրաքանչյուր արդյունաբերության ճյուղ՝ ճարտարապետությունից մինչև կրթություն, սպորտ, զինվորական պատրաստություն և մանրածախ առևտուր, միայն կշահի AR-ն ընդգրկելով։

AR-ի ապագա զարգացումը արդյունաբերության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդիվ կարող եք տեսնել արդյունաբերական ոլորտներ, որոնք մոտ ապագայում կունենան AR կիրառության աճ։

Էլեկտրոնային առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ընկերություններ AR-ն ինտեգրելու են իրենց վեբ-կայքեր և բջջային հավելվածներ։ Մանրածախ առևտրում այն կհանգեցնի այնպիսի հավելվածների ստեղծմանը, որոնք օգտատիրոջը հնարավորություն կտան փորձելու հագուստը տնից՝ սմարթֆոնի տեսախցիկի միջոցով։ Սա ավելի կարևոր դարձավ վերջերս, երբ COVID-19 համաճարակով պայմանավորված՝ սոցիալական հեռավորության քաղաքականությունն իր մեծ ազդեցությունն ունեցավ մանրածախ առևտրի վրա։ Այսպիսով, AR-ն այս խնդիրը լուծելու հիանալի տարբերակ է։

Սա չի վերաբերում միայն հագուստին։ Որոշ  հավելվածներ հաճախորդներին թույլ են տալիս տեսնել, թե ինչպիսին կարող է լինել կահույքն ու այլ ապրանքներն իրենց տներում՝ օգտագործելով AR տեխնոլոգիան։ Իսկ խանութում գտնվող խելացի հայելիները և RFID պիտակները իրենց հերթին նոր ուղիներ են բացում հաճախորդներին ապրանքների առաջարկների համար։

Այս տեխնոլոգիան երկար կլինի սպասարկման ոլորտում։ Ակնկալվում է, որ դրա կանխատեսվող համաշխարհային շուկան մինչև 2027 թվականը կհասնի 10 միլիարդ դոլարի։

Թվային մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

AR տեխնոլոգիաները կշարունակեն բարելավել ապրանքանիշների հետ հաճախորդների հաղորդակցումը։ Շուկայական AR-ը հավանաբար կնկատվի փաթեթավորման մեջ, փողոցների ցուցանակների վրա՝ խաղային հավելվածների միջոցով։

Գեոլոկացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժական սարքերի՝ շրջապատող միջավայրի մասին տեղեկություններ հաղորդելու ունակությունը, ժամանակի ընթացքում զգալիորեն կբարելավվի, իսկ AR-ի շնորհիվ մենք կկարողանանք օգտվել մի շարք հնարավորություններից՝ իրական ժամանակում ճանապարհորդական խորհուրդներ ստանալուց մինչև ռեստորանային առաջարկներ[3]։

AR տեխնոլոգիայի առաջընթացով խանութներում նավիգացիան զգալիորեն կբարելավվի։ Սա կարող է օգնել հաճախորդներին գնումներ կատարելիս անձամբ գտնել հենց այն, ինչ իրենք փնտրում են։

Google-ի AR Live View-ի քայլելու ուղղությունները Google քարտեզների համար բարելավվել են 2019 թվականի օգոստոսին։ 2020 թվականի հոկտեմբերին Google-ը հայտարարեց մի քանի նոր գործառույթների մասին՝ բարելավելու AR Live View փորձառությունը դրսում։ Դրանց թվում էին տեսարժան վայրերը ներառելու հնարավորությունը և Live View-ի ընդլայնումը ավելի շատ քաղաքներում։ Մոտ ապագայում սպառողների համար կներկայացվի Live View-ի և Google քարտեզների համակցված գործունեությունը, ինչպես նաև կբարելավվի Live View-ի գործառությունը լեռնոտ վայրերում։

Շարժական սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրացված իրականությունը համեմատաբար հարմար է սմարթֆոնների համար, բայց իր ներկայիս տեսքով այն այնքան էլ հարմար չէ գնորդների և ամենօրյա տեխնոլոգիաների սպառողների համար։ Ակնոցների միջոցով AR փորձառությունները զգալիորեն գերազանցում են սմարթֆոնի տեսախցիկի միջոցով նմանակված օբյեկտները դիտելուն[4]։

Այնուամենայնիվ, Microsoft-ի HoloLens-ի նման ակնոցները չափազանց ծավալուն և թանկ են, որպեսզի օգտագործվեն ոչ ձեռնարկատիրական օգտատերերի համար։ Թեև առաջընթացը դանդաղ է, սակայն արդյունաբերությունն աստիճանաբար աշխատում է AR ակնոցները դարձնել «կրելի» տեխնոլոգիա՝ այնպես, ինչպես խելացի ժամացույցները կամ ականջակալները։

Երբ AR ակնոցները դառնան հարմարավետ, մատչելի և հասարակության կողմից ընդունված, AR-ի կարևորությունն ու պահանջարկը կբարձրանա։ Apple Glass-ը սպառողների վրա կենտրոնացած AR ակնոցների ենթադրյալ նախագիծ է, որը կարող է թողարկվել առաջիկա մի քանի տարիներին։ Ակնկալվում է, որ այս տեխնոլոգիայի շուկան մինչև 2024 թվականը կաճի 822 միլիոն դոլարից մինչև 13,4 միլիարդ դոլար։ Կարող է մի քանի տարի տևել, մինչև AR ակնոցները կարողանան մեծ մասնաբաժին ունենալ շուկայում։ Այնուամենայնիվ, երբ դրանք լինեն, AR ակնոցները կլինեն արդյունաբերության հիմնական շարժիչ ուժը։

Կրթական ռեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

AR-ի շնորհիվ բոլոր ուսումնական նյութերը կլինեն ինտերակտիվ, թվային և հասանելի ցանկացած պահի։ Սա ավելի շատ մարդկանց հնարավորություն կտա մուտք գործել կրթություն և կստեղծի ուսանողների ներգրավվածության ավելի բարձր մակարդակ, քանի որ դասերը կարող են անցկացվել խաղի ձևաչափով։

Նաև աստիճանաբար հրաժեշտ կտրվի այցելություններին դեպի թանգարան կամ արվեստի պատկերասրահ, քանի որ AR-ի շնորհիվ թանգարանը և արվեստի պատկերասրահը կգան ձեզ մոտ, և այն հասանելի կլինի ցանկացած ժամանակ։ Սրանք լրացված իրականության հետագա կիրառություններից ընդամենը մի քանիսն են կրթության մեջ, որոնք կհեղափոխեն կրթական գործընթացը։

Հետազոտողներն արդեն փորձում են գտնել նոր և շահավետ ուղիներ՝ AR-ն օգտագործելու վերապատրաստման ծրագրերում։ Մասնավորապես ռազմական և առողջապահական արդյունաբերություններն արդեն իսկ մշակում են AR-ի վերապատրաստման հզոր նախագիծ։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առողջապահության ապագայում AR-ը կունենա 3 գլխավոր դեր՝

  • Սպառողների կրթություն՝

AR-ը կարող է օգնել հիվանդներին հասկանալ որոշակի դեղամիջոցների և ընթացակարգերի օգուտներն ու ռիսկերը՝ տրամադրելով տեսողական ցուցադրություններ կամ սպառողների սկանավորման գործընթացներ։

  • Աջակցող բժիշկներ՝

AR-ը կարող է օգնել բժիշկներին՝ ստեղծելով խաղերի լուրջ մոդելավորումներ, թե ինչպես պետք է կատարվի որոշակի ընթացակարգ, և այն կարող է օգնել բժշկական ուսանողներին՝ առաջարկելով մարդու մարմնի շատ պատկերավոր ներկայացում։

  • Դեղագործություն՝

Դեղ արտադրողների միջև մրցակցությունը թեժ է, և նույնիսկ ամենափոքր առավելությունը կարող է հանգեցնել հսկայական վաճառքի։ Եթե վաճառողը փորձում է բժիշկների ուշադրությունը կենտրոնացնել նոր դեղամիջոցի վրա, նրանք կարող են օգտագործել AR՝ ցույց տալու դեղամիջոցի դրական ազդեցությունը։

Ակնկալվում է, որ առողջապահության ոլորտը մինչև 2025 թվականը կհավաքի շուրջ 5 միլիարդ դոլար եկամուտ՝ օգտագործելով AR տեխնոլոգիան։

Մարտահրավերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ AR-ը նոր տեխնոլոգիա է, մինչ այժմ շատ քիչ տվյալներ կան՝ դրա օգտակարությունը մարքետինգում ապահովելու համար։ Բացի AR-ի տնտեսական անորոշություններից, տեխնոլոգիան պետք է հաղթահարի մի քանի խոչընդոտներ նախքան նրա լիովին իրագործվելը։

Ըստ Ռոնալդ Ազումայի (Intel Labs-ի գլխավոր մենեջեր և հետազոտական ղեկավար)՝ ամենակարևոր մարտահրավերներից մեկը, որի առջև ծառացած է AR -ը հետևյալն է․ «Ինչպե՞ս լրացված  իրականությունն օգտագործել որպես մեդիայի նոր ձև՝ հնարավորություն տալով նոր տեսակի փորձառությունների, որոնք տարբերվում են հիմնական լրատվամիջոցներից»[5]։

Եթե AR-ը լայն տարածում գտնի սպառողների օգտագործման մեջ, ապա պետք է գտնել այս հարցի պատասխանները և մշակել նոր փորձառություններ, որոնք ավելի գրավիչ և ազդեցիկ կլինեն, քան ավանդական լրատվամիջոցները, գրքերը, ֆիլմերը և նույնիսկ վիրտուալ իրականությունը։

Կանխատեսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կարելի է եզրակացնել վերը նշված տեղեկատվությունից, AR-ն այժմ խորապես արմատավորված է մեր առօրյա կյանքում, և շատ ոլորտներ շտապում են օգտագործել բոլոր առավելությունները։ Ապագայում մեր բոլոր առօրյա գործերը հնանալու են AR-ի շնորհիվ։ Գրասենյակներ ապագայում նույնպես չեն լինի։ Աշխատանքային տարածքը, հանդիպումները, համակարգիչը հասանելի կլինեն աշխարհի ցանկացած կետից՝ այդպիսով վերացնելով երթևեկելու անհրաժեշտությունը։

Ակնկալվում է, որ AR և VR արդյունաբերությունը կհասնի 25 միլիարդ դոլարի։ Այսպիսով, այս տեխնոլոգիայի մեջ ներդրումներ կատարելը կլինի բարձր եկամտաբեր գաղափար։

Ի վերջո, լրացված իրականության զարգացումը մեր կյանքը տեղեկատվությունից փորձի վերածելու մասին է, որը կարող է կյանքի շատ ոլորտներ դարձնել ավելի հարուստ և հագեցած։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. R. Silva, J. C. Oliveira, G. A. Giraldi. «Introduction to Augmented Reality» (PDF). National Laboratory for Scientific Computation. Վերցված է 07․11․2021-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. Marr, Bernard. «Future Predictions Of How Virtual Reality And Augmented Reality Will Reshape Our Lives». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  3. «The Future of Augmented Reality». Maryville Online (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «Augmented Reality – The Past, The Present and The Future». The Interaction Design Foundation (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. Ronald T. Azuma (PRESENCE: VOLUME 25, NUMBER 3, 2016). «The Most Important Challenge Facing Augmented Reality» (PDF). FORUM Short Paper. Վերցված է 07․11․2021-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]