Լուսաքիմիա
Լուսաքիմիա, քիմիայի բաժին, ուսումնասիրում է լույսի ազդեցությամբ ընթացող քիմիական ռեակցիաները։ Լուսաքիմիան սերտորեն առնչվում է օպտիկայի և օպտիկական ճառագայթումների հետ։ Լուսաքիմիան որպես գիտության ինքնուրույն բնագավառ ձևավորվել է XX դարի 20-30-ական թվականներին, Էյնշտեյնի լուսաքիմիական օրենքի հայտնագործումից հետո։ Օրգանական լուսաքիմիայի հիմնադիրը հայազգի Ջակոմո Չամչյանն է, ով իր գործունեությունը սկսել է Հռոմի համալսարանում։ Մոլեկուլը լույսի քվանտ կլանելիս հիմնական վիճակից անցնում է գրգռվածի և մտնում քիմիական փոխազդեցության մեջ։ Այդ սկզբնական լուսաքիմիական ռեակցիայի նյութերը հաճախ տարբեր երկրորդական ռեակցիաների են մասնակցում (այսպես կոչված մութ ռեակցիաներ)՝ առաջացնելով վերջնանյութեր։ Այդ տեսակետից էլ լուսաքիմիան կարելի է ձևակերպել որպես լույսի քվանտով գրգռված մոլեկուլի քիմիա։ Երբեմն գրգռված մոլեկուլի քիչ կամ նշանակալի մասը չի մտնում լուսաքիմիական ռեակցիայի մեջ, այլ վերադառնում է հիմնական վիճակի՝ ապաակտիվացման տարբեր տեսակի լուսաֆիզիկական պրոցեսների հետևանքով։ Որոշ դեպքերում այդ պրոցեսներն ուղեկցվում են լույսի քվանտի արձակումով (Ֆլուորեսցենցիա կամ ֆոսֆորեսցենցիա)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 694)։ |