Լոհաուզեն (գիտափորձ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոհաուզեն քաղաքի նախագիծը Դյորների գրքի ռուսերեն հրատարակչության հիման վրա

«Լոհաուզեն» (գերմ.՝ Lohhausen), հոգեբանական գիտափորձ՝ ուղղված համակարգային խնդիրների լուծմանը։ Անցկացվել է 1983 թվականին գերմանացի հոգեբան Դիտրիխ Դյորների կողմից[1]։ Գիտափորձի շրջանակներում մոդելավորվել է Լոհաուզեն վիրտուալ քաղաքը, որը ղեկավարում էին հետազոտության մասնակիցները։ Գիտափորձի համար մշակված համակարգչային ծրագիրը հանդիսանում է քաղաքաշինության բնագավառում համակարգչային ռազմավարական խաղերի նախակարապետը[2][3]։

Դյորների այս գիտափորձը ամենահայտնին է, քանի որ հենց նրանում են առաջին անգամ բացահայտվել այն էֆեկտները, որոնք հանդիպում են համակարգային խնդիրների լուծման գործընթացում[4][5]։

Լոհաուզենի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոհաուզենն իրականում գոյություն չունեցող քաղաք է, որտեղ ապրում է շուրջ 3700 մարդ։ Այն տեղակայված է Միջինգերմանական լեռներում ինչ-որ տեղ։ Քաղաքի արդյունաբերական գլխավոր օբյեկտը ժամացույցի գործարանն է։ Քաղաքում կան նաև բանկեր, խանութներ, փոքր հյուրանոցներ և այլ կառույցներ։

Գիտափորձի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոհաուզենը մոդելավորվել է համակարգչի միջոցով։ Այն դինամիկ մոդել է, որը նախատեսված է հետազոտվողների մտածողության և պլանավորման կարողությունների ուսումնասիրության համար։

Գիտափորձին մասնակցել է 48 հետազոտվող։ Նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն էր տրվում հանդես գալ քաղաքապետի դերում, ով ընտրվել էր տասնամյա ժամկետով և օժտված էր բազմաթիվ լիազորություններով։ Հետազոտվողներին տրվում էր գործողությունների մեծ ազատություն, որպեսզի հնարավոր լիներ նպաստել նրանց տարատեսակ որոշումների դրսևորմանը և հայտնաբերել վարքագծի այն առանձնահատկությունները, որոնք սովորական պայմաններում տեսանելի չեն։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի արդյունքում հետազոտվողների մի մասը բավականին հաջող կատարեց առաջադրանքը, մյուս մասը՝ ոչ այնքան։ Հետազոտվողների արդյունավետությունը գնահատվում էր քաղաքի բնակիչների գոհունակության մակարդակով։ Այդ ցուցանիշը որոշվում էր բնակիչների առանձին խմբերում։ Սոցիալական ցուցանիշներ էին կենսամակարդակը, աշխատաշուկայի վիճակը, բնակարանային պայմանները, հանցագործությունների մակարդակը և այլն։ Դրանք վերածվում էին թվերի և գումարվում ցուցանիշների համեմատական կարևորության հիման վրա։

Արդյունքում «լավ» և «վատ» հետազոտվողների շրջանում հայտնաբերվեցին մտածողության և պլանավորման հստակ տարբերություններ։ «Լավ» հետազոտվողներն ընդունում էին ավելի շատ որոշումներ, քան «վատերը»։ Որոշումների հիմքում ընկած մտադրությունների և նպատակների թիվը հաշվելու դեպքում պարզ դարձավ, որ «լավ» հետազոտվողների շրջանում մեկ մտադրության համար առաջ էին քաշվում ավելի շատ որոշումներ։ Բացի այդ, այն հետազոտվողները, ովքեր իրենց ներկայացնում էին իբրև լավ ղեկավարներ, կարողանում էին ավելի արագ հայտնաբերել քաղաքի առաջնային, արագ լուծում պահանջող խնդիրները։

Փաստաթղթերի մանրակրկիտ վերլուծությունը, որոնցում ֆիքսվում էին «բարձրաձայն մտածելու» կարողությունը, հնարավորություն տվեց բացահայտել ավելի էական տարբերություններ հաջողակ և անհաջողակ փորձարկվողների միջև։ Երկու խմբերն էլ հավասարաչափ էին առաջ քաշում տարբեր վարկածներ, սակայն «լավ» հետազոտվողները ստուգում էին իրենց վարկածները հարցերի օգնությամբ, իսկ մյուսներն այդպես չէին անում։

Պարզվեց նաև, որ գիտափորձի առավել հաջողակ մասնակիցները հաճախ տալիս էին «ինչու» հարցը, իսկ պակաս հաջողակները՝ «կա արդյոք»։ «Լավ» մասնակիցները փնտրում էին պատճառահետևանքային կապեր, իսկ «վատերը» չէին ձգտում իրադարձությունների միջև կապեր գտնել։ Բացի այդ, «վատ» քաղաքագլուխները խնդիրների լուծման ճանապարհին խոչընդոտների հանդիպելիս հաճախ կիսատ էին թողնում լուծումը և անցնում հաջորդին։ Նրանք նաև մյուսների համեմատությամբ ավելի շատ էին շեղվում ընթացիկ աշխատանքից։

«Լավ» և «վատ» փորձարկվողների շրջանում տարբերություններ էին նկատվում նաև՝ կապված նրանց ինքնաքննադատության մակարդակի հետ։ Առաջինները քննադատաբար էին մոտենում իրենց կատարած գործողություններին և փորձում փոխել դրանք, իսկ մյուսները, ընդհակառակը, չէին ձգտում ինչ֊որ բան փոխել իրենց արարքների մեջ։ Բացի այդ, «վատ» մասնակիցները բարդ որոշումների պատասխանատվությունը թողնում էին ուրիշների վրա։

Եզրակացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտափորձի արդյունքում Դյորները եկավ այն եզրակացության, որ հետազոտվողների արդյունավետությունը կախված է նրանց մտածողության առանձնահատկություններից։ Մասնավորապես, հաջողակ հետազոտվողները գործում են ավելի համակարգային։ Նրանք կարողանում են իրենց որոշումները կայացնելիս հաշվի առնել ամբողջական համակարգի տարբեր կողմերը։ Բարդ ցանցային համակարգերում այդպիսի վարքագիծն ավելի արդյունավետ է, քան առանձին կողմերի մեկուսի դիտարկումը։

Հեղինակը նաև հետազոտվողների վարքագծի տարբեր տեսակները կապում է անորոշությունը ապրելու նրանց կարողության հետ։ Մասնակիցների մի մասի անբավարար արդյունքները կարող են բացատրվել նրանց մտածողության այն առանձնահատկությամբ, որ բարդ իրադրություններում ձգտում են չնկատել իրենց անօգնականությունը և հեռանալ դեպի որոշակիություն և ինքնավստահություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dörner D., Kreuzig H.W., Reither F., Stäudel T. Lohhausen. Vom Umgang mit Unbestimmtheit und Komplexität". — Huber: Bern 1983, ISBN 3-456-81216-7
  2. Поддьяков А. Решение комплексных проблем в PISA-2012 и PISA-2015: взаимодействие со сложной реальностью Արխիվացված 2016-02-16 Wayback Machine. // Образовательная политика. № 6 (62) 2012. С. 34-53.
  3. Riegler A. «The end of science»: Can we overcome cognitive limitations? // Evolution and Cognition. 1998. V. 4 (1). P. 37-50.
  4. Елисеенко А. С., Зверев Д. А. Технология симулятивного тренинга для развития системного мышления и развития управленческих команд. // «Организационная психология». 2013. Т. 3. № 3. С. 97-112.
  5. Елисеенко А. С. Субъективная неопределённость в решении комплексных проблем. // «Психология. Историко-критические обзоры и современные исследования», № 2-3, 2012. С. 78-102.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дёрнер Д. Логика неудачи. — М.: Смысл, 1997. ISBN 5-89357-024-3