Լոզարտան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոզարտան
Քիմիական բանաձևC₂₂H₂₃ClN₆O
Մոլային զանգված7,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար114798-26-4
PubChem3961
EINECS համար601-329-8
SMILESCCCCC1=NC(=C(N1CC2=CC=C(C=C2)C3=CC=CC=C3C4=NNN=N4)CO)Cl
ЕС601-329-8
ChEBI3824
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Լոզարտան, վաճառքային անվանումը՝ Կոզաար, դեղ, որը հիմնականում օգտագործվում է բարձր ԶՃ բուժման համար[2]։ Կիրառման ցուցումներից են նաև դիաբետիկ երիկամային հիվանդությունը, սրտային անբավարարությունը և ձախ փորոքի մեծացումը[2]։ Այն կիրառվում է բերանացի[2]։ Այն կարող է կիրառվել այլ հակագերճնշումային դեղերի հետ[2]։ Անհրաժեշտ է մոտ 6 շաբաթ վերջնական արդյունքին հասնելու համար[2]։

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներից են մկանային թրթռումները, քթահոսությունը և արյան մեջ կալիումի քանակի շատացումը[2]։ Ավելի ծանր կողմնակի երևույթներից են անգիոայտուցը, ցածր ԶՃ և երիկամային խնդիրները[2]։ Հղիության ընթացքում դեղի կիրառումը կարող է վնասել երեխային[2]։ Խորհուրդ չի տրվում կիրառել կերակրման ժամանակ[3]։ Այն պատկանում է անգիոտենզին II ընկալչի ներհակորդների ընտանիքին և ազդում է պաշարելով անգիոտենզին II ազդեցությունները[2]։

Լոզարտանը բժշկական կիրառման համար հաստատվել է 1995թ-ին ԱՄՆ-ում[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և ամենաանվտանգ դեղերը[4]։ Այն հասանելի է նաև ջեներիկ տարբերակով[5]։ Զարգացող երկրներում 2015թ․-ի տվյալներով դեղի ընդհանուր արժեքը կազմում է ամսական 0,28-3,45 ԱՄՆ $[6]։ 2017թ-ի դրությամբ, ԱՄՆ-ում ամսական արժեքը կազմում է 1,13 $[7]։ 2016թ-ին ԱՄՆ-ում այն համարվում էր 9-րդ ամենաշատ դուրսգրվող դեղամիջոցը՝ ավելի քան 49 մլն դուրսգրում[8]։ Հասանելի է նաև հիդրոքլորթիազիդի հետ համակցված տարբերակը[2]։

Բժշկական ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես բոլոր անգիոտենզին II-ի AT1 ընկալիչների ներհակորդները, լոզարտանը նույնպես օգտագործվում է գերճնշման բուժման համար։ Այն կարող է դանդաղեցնել դիաբետիկ նեֆրոպաթիայի հարաճումը բերելով հիվանդության ելքի լավացման։ Այն հարմար դեղամիջոց է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, գերճնշումով, միկրոալբումինուրիայով (>30 մգ/24 ժամ) կամ պրոտեինուրիայով (>900 մգ/24 ժամ) հիվանդների մոտ երիկամային հիվանդության հարաճման նվազման համար[9]։

Այն դեպքում, երբ կալցիումիական անցուղիների պաշարիչները և թիազիդային միզամուղները համարվում են առաջին ընտրության միջոց գրեթե բոլորի համար (պայմանավորված գնով և արդյունավետությամբ) , անգիոտենզին II ընկալչի ներհակորդները, ինչպես օրինակ՝ լոզարտանը, խորհուրդ է տրվում, որպես առաջին ընտրության միջոց մինչև 55 տարեկան անձանց, ովքեր ունեցել են խնդիրներ ԱՓՖ պաշարիչների ընդունման ժամանակ[10]։ Հետազոտություններից մեկում լոզարտանը գերազանցել է ատենոլոլին անբարենպաստ սիրտանոթային խնդիրների առաջնային կանխարգելման հարցում, բերելով սիրտանոթային հիվանդացության և մահացության նվազման, զուգահեռ իջեցնելով ԶՃ։ ԶՃ-ի առավելագույն նվազեցումը դիտվում է 3-6 շաբաթվա ընթացքում[11]։

Կողմնակի երևույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014թ-ի հունվարին սննդի և դեղերի վերահսկման կազմակերպությունը հայտարարեց լուրջ տեղեկություն լոզարտանի մասին, ըստ որի լոզարտանը կարող է տոքսիկ լինել պտղի համար[12], և այն պետք է անմիջապես դադարեցվի հղիության հայտնաբերումից հետո։ Հղիության ընթացքում լոզարտանի օգտագործումը կարող է բերել պտղի վնասման կամ մահվան[12]։

Լոզարտանի ամենահաճախ հանդիպող կողմնակի երևույթներից է վերին շնչուղիների վարակները կամ քթահոսությունը, գլխապտույտը և մեջքի ցավը[13]։ Դիաբետիկ երիկամային հիվանդությամբ 2-րդ տիպի դիաբետիկները կարող են ունենալ լուծ, թուլություն, ցածր ԶՃ, ցածր գլյուկոզայի մակարդակ արյան մեջ, կալիումի բարձրացում և կրծքավանդակի ցավեր[13]։

Ավելի ծանր կողմնակի երևույթներից են ցածր ԶՃ և ալերգիկ ռեակցիան[13]։

Լոզարտանը հակացուցված է այն հիվանդներին, ովքեր ունեն շաքարային դիաբետ և օգտագործում են ալիսկիրեն[14]։

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզարտանը անգիոտենզին II-ի տիպ 1 ընկալչի ընտրողական, մրցակցային ներհակորդ է, նվազեցնում է անգիոտենզինի ծայրամասային էֆեկտները։ Լոզարտանն առաջացնում է ընդհանուր ծայրամասային դիմադրության (հետբեռնվածություն) և սրտի երակային վերադարձի (նախաբեռնվածություն) նվազում։ Անգիոտենզին II-ի ֆիզիոլոգիական բոլոր էֆեկտները, ներառյալ ալդոստերոնի արտադրությունը ընկճվում է լոզարտանի ներկայությամբ։ ԶՃ-ի նվազում դիտվում է ռենին-անգիոտենզինային համակարգի վիճակից անկախ։ Լոզարտանի ազդեցությամբ շիճուկում ռենինի ակտիվությունը բարձրանում է՝ անգիոտենզին II-ի հետադարձ արգելակման բացակայության պատճառով։

Լոզարտանը ուժեղացնում է միզաթթվի արտազատումը։ Որպես միզաթթվային փոխադրիչ 1-ի (SLC22A12, URAT1) սպեցիֆիկ պաշարիչ, լոզարտանը ընկճում է միզաթթվի զավթումը բջիջների կողմից, շատացնելով շրջանառվող քանակը և մեծացնելով երիկամային ֆիլտրացիան և արտազատումը[15]։ Քանի որ լոզարտանը կարող է առաջացնել հիպերկալեմիա, հիվանդներն, ովքեր ստանում են այս դեղը, չպետք է ընդունեն կալիում պարունակող միջոցներ կամ աղեր, որոնք պարունակում են կալիումի բարձր քանակներ՝ առանց բժշկի հսկողության[16]։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզարտանը լավ ներծծվում է բերանացի կիրառման ժամանակ և ենթարկվում է առաջին անցման էֆեկտի՝ լյարդում նյութափոխանակվելով մետաբոլիտ 5-կարբօքսիլաթթվի, որը անվանում են EXP3174։ Ընդունած դեղի մոտ 14 %-ը վերածվում է այս մետաբոլիտի, որը երկար ազդող է և ոչ մրցակցային ներհակորդ AT1 ընկալչի համար, կրկնելով լոզարտանի դեղաբանական էֆեկտները։ EXP3174 10-40 անգամ ավելի ուժեղ է պաշարում AT1 ընկալիչը, քան լոզարտանը։ Բացի դրանից, դեղի ֆերմենտին կապվելը pH-կախյալ է, և բացասական լիցքավորված տետրազոլային օղակը, որը իր կառուցվածքով նման է բացասական լիցքավորված կարբօքսիլաթթվի, կարող է կրկնել դեղի ազդեցությունները[17]։

Լոզարտանի կենսամատչելիությունը մոտ 32 % է ։

Նյութափոխանակությունը կատարվում է գերազանցապես ցիտոքրոմ P450-ի իզոֆերմենտներով՝ CYP2C9 և CYP3A4. Լոզարտանի և EXP3174-ի գագաթային կոնցենտրացիան դիտվում է բերանացի կիրառումից հետո համապատասխանաբար 1 և 3-4 ժամերի ընթացքում։ Եվ՛ լոզարտանը, և՛ EXP3174-ը ավելի քան 98% կապվում են շիճուկի սպիտակուցների հետ։ Լոզարտանը արտազատվում է մեզով և կղանքով և՛ անփոփոխ տեսքով, և՛ մետաբոլիտի ձևով։ Բերանացի կիրառման դեղաչափի 4%-ը արտազատվում է անփոփոխ, իսկ 6 %-ը՝ ակտիվ մետաբոլիտի տեսքվ։ Վերջնական կիսադուրսբերման պարբերությունները լոզարտանի և EXP3174-ի համար կազմում են համապատասխանաբար մոտ 1,5-2,5 ժամ և 3-9 ժամ։

Լոզարտանը և այլ անգիոտենզինի ընկալչի ներհակորդները տոքսիկ են պտղի համար և հակացուցված են հղիներին, հատկապես երկրորդ և երրորդ եռամսյակներում[18]։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոզարտանը համարվում է բացասական լիցքավորված արոմատիզացված տետրազոլի կալիումական աղ, և կոչվում է լոզարտան կալիում[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 114798-26-4
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Losartan Potassium». The American Society of Health-System Pharmacists. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Losartan (Cozaar) Use During Pregnancy». Drugs.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (20th List)» (PDF). World Health Organization. 2017 թ․ մարտ. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  5. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 127. ISBN 9780857111562.
  6. «Single Drug Information». International Medical Products Price Guide. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 9-ին.
  7. «NADAC as of 2017-12-06». Centers for Medicare and Medicaid Services (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 10-ին.
  8. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  9. Boersma C, Atthobari J, Gansevoort RT, de Jong-Van den Berg LT, de Jong PE, de Zeeuw D, Annemans LJ, Postma MJ (2006). «Pharmacoeconomics of angiotensin II antagonists in type 2 diabetic patients with nephropathy: implications for decision making». PharmacoEconomics. 24 (6): 523–35. doi:10.2165/00019053-200624060-00001. PMID 16761901.
  10. «Hypertension in adults: diagnosis and management | 1-guidance | Guidance and guidelines | NICE». www.nice.org.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  11. Abrams A (2007). 'Clinical Drug Therapy Rationales for Nursing Practice. Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins. էջ 846. ISBN 0-7817-6263-4.
  12. 12,0 12,1 «Cozaar (losartan potassium) 25 mg, 50 mg, and 100 mg Tablets». fda.gov. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  13. 13,0 13,1 13,2 «Patient Information COZAAR» (PDF). Merck.com. 2015 թ․ դեկտեմբեր. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  14. Merck & Co., Inc. (2014 թ․ հունվար). «COZAAR» (PDF). U. S. Food & Drug Administratoin. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  15. «Uricosuric action of losartan via the inhibition of urate transporter 1 (URAT 1) in hypertensive patients». 21 (10). American Journal of Hypertension. 2008 թ․ հոկտեմբերի 1: 1157–1162. doi:10.1038/ajh.2008.245. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  16. RxList. The Internet Drug Index. Clinical pharmacology of Cozaar. Retrieved January 6, 2014.
  17. Binding of losartan
  18. Sica DA, Gehr TW, Ghosh S (2005). «Clinical pharmacokinetics of losartan». Clin Pharmacokinet. 44 (8): 797–814. doi:10.2165/00003088-200544080-00003. PMID 16029066.
  19. see negatively charged tetrazole structure

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոզարտան» հոդվածին։