Լյումինեսցենտային վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լյումինեսցենտային վերլուծություն, տարբեր օբյեկտների հայտնաբերման ու հետազոտման մեթոդներ, որոնք հիմնված են լյումինեսցենցման երևույթի, այսինքն՝ հետազոտվող օբյեկտի կամ հատուկ լյումինաֆորների (դրանցով մշակվում է օբյեկտ]ը) լուսարձակման դիտման վրա։

Տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են որակական ու քանակական քիմիական լյումինեսցենտային վերլուծություն և հայտնաբերման կամ տեսակային լյումինեսցենտային վերլուծություն։ Երբեմն դասակարգում են նաև ըստ լյումինեսցենցման գրգռման տեսակի՝ ֆոտոլյումինեսցենտային, կաթոդլյումինեսցենտային, քեմիլյումինեսցենտային վերլուծություն և այլն։ Քիմիական լյումինեսցենտային վերլուծության դեպքում մեծ մասամբ գրանցում են նյութի ինքնուրույն լուսարձակումը և որոշում խառնուրդի քիմիական կազմությունը և բաղադրիչների քանակությունները։ Որակական լյումինեսցենտային վերլուծություն տարբերում է խառնուրդի բաղադրիչները, քանի որ նյութի լյումինեսցենցման սպեկտրը խիստ բնորոշ է նրա կազմությանը։ Քանակական չափումների համար որոշվում է լյումինեսցենցման ինտենսիվությունը, քանի որ այն սովորաբար կախված է լյումինեսցենտող նյութի կոնցենտրացիայից։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյումինեսցենտային վերլուծության զգայնությունը շաա բարձր է. նմուշում կարելի է հայտնաբերել նույնիսկ 10−10-10−11 գ/գ կոնցենտրացիայով խառնուրդ։ Գազային լագերի ճառագայթով հաջողվում է որոշ իզոտոպներում լյումինեսցենցում գրգռել և այդպիսով նաև իզոտոպային լյումինեսցենտային վերլուծություն կատարել։ Սխալներից խուսափելու համար չափումներում անհրաժեշտ է հաշվի առնել լյումինեսցենցման մարման, ռեաբսորբման հնարավորությունը, որոշ դեպքերում՝ լյումինեսցենցման ինտենսիվության անկախությունը կոնցենտրացիայից և այլն։

Կիրառությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերման կամ տեսակային յումինեսցենտային վերլուծության դեպքում հայտնաբերվում են տարբեր օբյեկտներ և դրանց մանրամասնությունները, որոնց ուսումնասիրությունը սովորական դիտման և լուսավորման պայմաններում անհնար է։ Տեսակային լյումինեսցենտային վերլուծության օգնությամբ որոշում են նաև ապարներում նավթի ու գազերի առկայությունը, ուսումնասիրում նավթի, միներալների, ապարների կազմությունը, տեսակավորում ալմաստները, հայտնաբերում ինֆրակարմիր, ուլտրամանուշակագույն, ռենտգենյան և γ-ճառագայթները, տարրական մասնիկները։ Լյումինեսցենտային վերլուծությունն օգտագործվում է կենսաբանության և բժշկության մեջ՝ բջիջների ուսումնասիրման, զանազան հիվանդությունների կանխորոշման համար, հնէաբանության մեջ, դատաքննչական հետախուզությունում և այլն։

Լյումինեսցենտային այն վերլուծությունը, որը կատարվում է մանրադիտակով, կոչվում է լյումինեսցենտային միկրոսկոպիա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 645