Լյումինաֆոր
Լյումինաֆորներ (< լատ. lumen-լույս և հուն. φορός-կրող), լուսային, ռենտգենյան, α. β. y-ճառագայթների, էլեկտրոնների փնջի կամ այլ ազդակների ներգործությամբ լուսարձակող արհեստական նյութեր։ Ըստ քիմիական բաղադրության լինում են օրգանական և անօրգանական։ Օրգանական Լյումինաֆորները (լյումոգեններ) սովորաբար օրգանական բարդ միացություններ են, իսկ Լյումինաֆորները՝ բյուրեղային նյութեր, որոնց ավելացված են փոքր քանակությամբ խթանիչներ (ակտիվատորներ)։ Անօրգանական Լյումինաֆորներ հաճախ կոչվում են նաև բյուրեղաֆոսֆորներ կամ ֆոսֆորներ։ Լյումինաֆորները հիմնականում կարելի է բաժանել հետևյալ խմբերի. 1. լույսով (տեսանելի, ուլտրամանուշակագույն, ինֆրակարմիր) գրգռվող Լյումինաֆորները՝ ֆոտոլյումինաֆորներ։ Այս խմբին են դասվում օրգանական Լյումինաֆորների մեծ մասը, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթների, ինչպես նաև տեսանելի լույսի կարճալիք մասի ազդեցությամբ պայծառ լյումինեսցենցում են առաջացնում։ Օգտագործվում են դեկորատիվ ներկերում, գործվածքեղենի լյումինեսցենտային սպիտակեցման համար, լյումինեսցենտային միկրոսկոպիայում, բժշկական, կենսաբանական հետազոտություններում են։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները տեսանելի լույսի փոխակերպվող անօրգանական Լյումինաֆորներ [MgWO4, (Zn, Be)2 SiO4-Mn են] օգտագործվում են լյումինեսցենտային լամպերում։ Ինֆրակարմիր ճառագայթների համար օգտագործվող Լյումինաֆորները նախօրոք գրգռվում են ուլտրամանուշակագույն կամ y-ճառագայթներով։ Երկարատև ետլուսարձակում ունեցող Լյումինաֆորներ (օրինակ՝ CaS-SrS, ZnS-Cu, Bi) օգտագործվում են վթարային լուսավորման համար, լուսատու ներկերում։ 2. էլեկտրոնային փնջով գրգռվող Լյումինաֆորներ՝ կաթոդլյումինաֆորներ (ZnS-Ag, ZnS*CdS-Ag)։ Օգտագործվում են օսցիլոգրաֆների, հեռուստացույցների, ռադիոլոկատորների համար էլեկտրոնաճառագայթային խողովակներ և էլեկտրոնաօպտիկական փոխակերպիչներ պատրաստելիս։ 3. Ռենտգենյան ճառագայթներով գրգռվող Լյումինաֆորները՝ ռենտգենալյումինաֆորներ (58%ZnS և 42%CdS-Ag)։ Օգտագործվում են ռենտգենյան ճառագայթների թիրախների պատրաստման համար։ 4. Միջուկային (α,β,y) ճառագայթներով և այլ մասնիկներով գրգռվող Լյումինաֆորներ՝ սցինտիլյատորներ (ZnS-Cu, ստիլբեն, անտրացեն)։ Լյումինեսցենցման երևույթն այս դեպքում կոչվում է սցինտիլյացիա։ Օգտագործվում են սցինտիլյացիոն հաշվիչներում։ Այս խմբին են դասվում նաև «մշտական գործող» Լյումինաֆորներ։ Սովորական Լյումինաֆորներին (օրինակ՝ ZnS-Cu) ավելացվում է ռադիոակտիվ նյութ (օրինակ՝ Ra կամ C14), որի հետևանքով ստացվում է թույլ «մշտական» լուսավորություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 645)։ |