Լիլիթ (պոեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիլիթ (պոեմ), Ավետիք Իսահակյանի հայտնի ստեղծագործությունը, որը հիմնված է հրեական լեգենդի վրա։ Գրվել է 1921 թվականին Վենետիկում։ Հրատարակվել է Բոստոնի «Հայրենիք» թերթում[1], որից հետո գրախոսականներ են գրվել, ստեղծագործությունը լայն ճանաչում է գտել և թարգմանվել տարբեր լեզուներով[2][3]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը պատմում է մի հրեղեն կնոջ մասին, որին Աստված արարել էր դեռ Եվայից առաջ՝ Ադամի մենությունը փարատելու համար։

Լիլիթին ստեղծվել էր կրակի բոցերից։ Նա հրաշագեղ մի էակ էր, որը խելքահան էր անում Ադամին։

Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.

«Եկեք՝ ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։ Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։ Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց.

«Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
- Ավ․ Իսահակյան, «Լիլիթ»[4]

Սակայն Լիլիթին Ադամը ամենևին չէր հետաքրքրում։ Նա իրեն համարում էր դրախտի ամենակատարյալ էակը, իսկ Ադամը հողեղեն էր, Լիլիթը չէր ուզում սիրել ու հնազանդվել նրան, ինչպես պատգամել էր Աստված։ Ավելին՝ կրակոտ Լիլիթը հրապուրվել էր սատանայով և ենթարկվում էր նրա կամքին։ Ադամը, որ կուրորեն և անվերապահ սիրով սիրում էր Լիլիթին, պատրաստ էր ներել և ընդունել հրեղեն էակին, սակայն Լիլիթն անդրդվելի էր, նա այդպես էլ չընդունեց Ադամին և հեռացավ սատանայի հետ։

Տատասկոտ և մռայլ երկրի կողմից, դրախտի ցանկապատի վրա տեսավ նա սատանայի գլուխը սևափայլ աչքերով՝ չար ու նենգ։

Տեսավ սատանայի պարանոցից կախ ընկած Լիլիթին՝ տարփաբույր մեկոններով վարսերը պսակված։ Եվ անհուն ցանկությամբ համբուրում էր Լիլիթ սատանայի շրթները։ Եվ ծիծաղում էին միասին գոհ ու երջանիկ։ Ադամ նախանձից խելագար՝ մռնչաց կատաղի․ ― Լիլի՛թ, Լիլի՛թ, Լիլի՛թ, այդ դո՞ւ ես․․․ Լսեց սակայն հաղթական սատանայի ահեղ քրքիջը, որ ամպի պես որոտալից ճայթեց իր գլխին։ Եվ տեսավ նույնպես, որ սատանան գրկած Լիլիթին՝ մխրճվեց երկրի մեջ…

Տեսնելով Ադամի տանջանքներն ու լսելով նրա հառաչանքը՝ Աստված որոշեց ստեղծել Եվային, որը հնազանդ կլիներ և կփարատեր Ադամի տխրությունը։ Աստված Ադամի կողոսկրից արարեց կնոջը։ Եվան գեղեցիկ էր, առաքինի ու հնազանդ։ Սակայն Ադամը միշտ, ամեն վայրկյան հիշում ու տենչում էր միայն Լիլիթին։

Եվ թմրություն բերեց Ադամի վրա և նրա կողից ստեղծեց մի նոր ընկեր՝ Եվային, որ իր ծագումի բերումով հնազանդ լինի Ադամին, կարողանա սիրել միայն նրան և մխիթարել մանավանդ։

Ադամ, երբ աչքերը բացեց, տեսավ իր մոտ նստած մի նոր ընկեր, ո՛չ Լիլիթի պես կատարյալ և հրեղեն գեղեցիկ, սակայն դարձյալ գեղեցիկ, բայց հողաբույր, բայց մարդկորեն։

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը ցանկանում էր, որ նկարիչ Սարգիս Խաչատրյանը ստեղծի Լիլիթի կերպարը։ Բանաստեղծը նամակներից մեկում գրում է, որ «Ուղղակի ոսկով ու լույսով ու բոցերով պիտի նկարե այս իսկական կնոջը՝ հոգի ու մարմին այրող։ Եվ միշտ երազ…»[5]: Սակայն նկարիչը չի հաջողել այս հարցում, և տարիներ անց նրա կինը՝ Վավա Խաչատրյանը, ստեղծեց բաղձալի կտավը։

Ես կարդացել էի Իսահակյանի «Լիլիթ»-ը։ Քանիցս Սարգսին խորհուրդ էի տվել այն մարմնավորել կտավի վրա, մի հիանալի անակնկալ անել Վարպետին՝ նկարելով Լիլիթը՝ «բոլոր տանջող եւ ապրեցնող հրապույրների աղբյուրը»։ Սարգիսը գտնում էր, որ Լիլիթի կերպարը հաղթահարելու համար ժամանակ է պետք, ստեղծագործական հանգիստ, մտորումների խաղաղ մթնոլորտ։ Մի բան, որ եւ՜ այդ, եւ՜ հետագա տարիներին միշտ պակասում էր մեզ։ Հետագայում, երբ ես սկսեցի նկարել, իմ չորրորդ ստեղծագործությունը Լիլիթը եղավ։ Կտավին հանձնեցի բոցերի պես օդի միջով սուրացող եւ անհետացող Լիլիթին, անհաղթահարելի կնոջը, որը երազ է հիացք եւդյութանք»
- Վավա (Վարդուհի) Խաչատրյան, «Հայրենիքի ձայն», 1975, N 44:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/Hayreniq%20Boston/1923(2)_ocr.pdf, Հայրենիք թերթ, Բոստոն, դեկտեմբեր 1923, թիվ 2, էջ 20։
  2. http://www.old.ysu.am/files/03M_Janpoladyan_r.pdf Մ․ Ջամփոլադյան, Իսահակյանի «Լիլիթ» լեգենդի մասին
  3. https://www.livelib.ru/work/1007492095-lilit-avetik-isaakyan, Ավ․ Իսահակյան, «Լիլիթ» պոեմը ռուսերեն
  4. https://artsakhlib.am/wp-content/uploads/2020/07/%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D6%84-%D4%BB%D5%BD%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6-%D4%BC%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A9-1.pdf, Ավ․ Իսահակյան, Լիլիթ, Երևան, 1983, էջ 9
  5. «Ավետիք Իսահակյանի նամակները», 2016, Երեւան, էջ 184