Լենդ-լիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենդ-լիզ, (անգլ. lend – տալ փոխարինաբար, և lease – տալ վարձակալության), Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–1945) տարիներին ԱՄՆ–ին դաշնակից հակահիտլերյան կոալիցիայի երկրներին վարձակալությամբ կամ փոխարինաբար սպառազինություն, զինամթերք, ստրատեգիական հումք, մթերքներ և այլ ապրանքներ տալու համակարգ։ Լենդ–լիզի օրենքն ԱՄՆ–ի կոնգրեսը ընդունել է 1941-ի մարտի 11-ին, իսկ մատակարարումների դադարեցման մասին ԱՄՆ–ի կառավարությունը հայտարարել է 1945-ի օգոստ. 21-ին։ Լենդ–լիզով ԱՄՆ–ի ծախսերը 1941–45-ին կազմեցին 46 մլրդ դոլլար (պատերազմի տարիներին ԱՄՆ–ի ռազմական ողջ ծախսերի 13%–ը և արտահանման 50% –ը)։ Լենդ–լիզով Բրիտանական կայսրության երկրներին (հիմնականում Մեծ Բրիտանիային) մատակարարումները կազմեցին 30269 մլն դոլլար, ՍՍՀՄ–ին՝ 9800, Ֆրանսիային՝ 1406, Չինաստանին՝ 631, լատինաամերիկյան երկրներին՝ 421, այլ երկրներին՝ 424 մլն դոլլար։ Իր հերթին, ԱՄՆ–ը հետադարձ Լենդ–լիզի կարգով պատերազմի տարիներին դաշնակից պետություններից ստացավ 7,3 մլրդ դոլլարի տարբեր ապրանքներ և ծառայություններ։ Լենդ–լիզով մատակարարումները զգալիորեն նպաստեցին պատերազմի տարիներին ԱՄՆ–ի արտադրության ընդլայնմանը և կառավարական պատվերների հաշվին մոնոպոլիաների հարստացմանը։ Պատերազմի ավարտից հետո ԱՄՆ–ը Լենդ–լիզը և դրա հետ կապված վճարումները կարգավորելու հարցերն օգտագործեց տնտեսապես և քաղաքականապես Եվրոպայի ու Ասիայի շատ երկրներ ներթափանցելու նպատակով։ 1947-ին և 1960-ին ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև տեղի ունեցան Լենդ–լիզով վճարումների վերաբերյալ բանակցություններ։ ՍՍՀՄ–ը ԱՄՆ–ին վերադարձրեց ստացած ունեցվածքի մի մասը (օրինակ, ծովային նավերը) և պատրաստակամություն հայտնեց վճարել մնացածը։ Սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ փոխհատուցման չափի վերաբերյալ, քանի որ ԱՄՆ պահանջեց 1,3 մլրդ դոլլարի գումար, որն ուրիշ երկրների վճարումների հետ համեմատած (օրինակ, Մեծ Բրիտանիայի) չափազանցված էր։ Բացի դրանից ամերիկյան կառավարությունը հրաժարվեց վճարումների կարգավորման խնդրի հետ քննարկել և որոշել ՍՍՀՄ–ի ու ԱՄՆ–ի միջև տնտեսական և առևտրական հարաբերությունները նորմալացնելու, որը նախատեսված էր Լենդ–լիզի համաձայնագրով, ինչպես նաև վարկեր տրամադրելու հարցը։ ԱՄՆ–ի նախաձեռնությամբ 1960-ին բանակցություններն ընդհատվեցին։ Դրանք վերսկսվեցին 1972-ին։ ԱՄՆ–ը համաձայնեց էապես իջեցնել վճարումների գումարը, ինչպես նաև դրանք կախման մեջ դնել կողմերի տնտեսական հարաբերությունների զարգացման հաջողությունից։ 1972-ի հոկտ. 18-ին Վաշինգաոնում ՍՍՀՄ–ի և ԱՄՆ–ի միջև միաժամանակ ստորագրվեցին երեք համաձայնագրեր՝ Լենդ–լիզով վճարումների կարգավորման, առևտրի զարգացման և փոխադարձաբար վարկեր տրամադրելու մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 537 CC BY-SA icon 80x15.png