Իվան (Վանիկ) Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Լալայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շահումյանի շրջանում միակ կալաշնիկով տիպի ինքնաձիգով հայտնի առաջին ֆիդայի, Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական-կամավորական ջոկատիր լեգենդար հրամանատար

Իվան (Վանիկ) Լալայանը ծնվել է 1955թ-ի մայիսի 8-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում, մտավորականի ընտանիքում։ Ութ եղբայրներից նախակրտսերն է եղել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963-73թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։

1974-76 թթ. զինվորական պարտադիր ծառայությունը անցել է Գերմանիայում։

1977թ.-ին ամուսնացել է։

1976-84թթ. աշխատել է Շահումյանի շրջանի Էրքեջի գյուղի «Մյասնիկյանի» անվան սովխոզում, որպես բրիգադիր-մեխանիզատոր, միաժամանակ սովորել և ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։

1984-91թթ. աշխատել է գլխավոր ինժեներ։

1988թ.-ին նոր էջ է բացվում Վանիկ Լալայանի կյանքում։ Նա անդավաճան և ինքնանվիրմամբ, չխնայելով իրեն, ընտանիքը, իր նախնյաց՝ Լալայանների և մայրական շառավիղ Աբգարյանների հայրենասիրական ոգով ներգրավվում է հայրենի Շահումյանի ազատագրման պայքարին։

1988-90թթ. համեմատաբար գաղտնի, խաղաղ գործունեության մի շրջան էր, երբ խորհրդային զինուժն ու մեքենայություններն էին գլխավորում իրադարձությունները։ Այդ շրջանում Նա հասկանում էր ադրբեջանական նկրտումները իր հայրենի երկրի, սահմանի, գյուղի նկատմամբ։ Քանի որ մինչև 1920թ-ը Էրքեջը (Այրուքաջ) ոչ մի անգամ և ոչ մի պարագայում չի հնազանդվել թուրքական բռնատիրությանը և մշտապես ահ ու սարսափի մեջ է պահել թշնամու ելուզակներին, օգտվելով աշխարհագրական անառիկ դիրքից, այս անգամ ևս հույս ուներ տեղական ինքնապաշտպանական ուժերի համախմբմամբ դիմակայել և դիմագրավել թշնամակամ առաջխաղացումներին։ Այդ նպատակին են ծառայում Վանիկի գաղտնի գործողությունները։ Գյուղի տղամարդիկ նրա հրամանատարությամբ վարժվում են զենքերի գործածությանը։

1990թ. հունվարի 9-ին ինքնապաշտպանությունը գաղտնի գործելակերպից անցնում է բացահայտ կռիվների զենքերի և զրահատեխնիկայի գործադրմամբ։ Հունվարի 12-ին Մանաշիդ գյուղի, (ֆերմայի գլուխ) տարածքում Վանիկը իր՝ շրջանում միակ կալաշնիկով տիպի ինքնաձիգով անհավասար կռվի է բռնվում ադրբեջանական ուժերի դեմ և հաղթում։ Զենքը և զինամթերքը խնայելու նպատակով Նա մեկ-մեկ էր կրակում՝ նշանակետին ճիշտ հարվածելու միտումով։ Մի քանի ժամ շարունակ Նա իր ունեցած միակ ինքնաձիգով այնքան է դիմակայում ելուզակներին, մինչև հասնում են օգնության սովետական զինուժը՝ Սպիրիդոնովի գլխավորությամբ։ Կռվում վիրավորվում է ռուս հրամանատարը, որից հետո՝ միայն հրամայում է կրակել ազերիների ուղղությամբ, հետագայում հիշել ու պատմելէ Վանիկը իր ընկերներին։

1990-91թթ. ստեղծվում է Էրքեջ գյուղի ինքնապաշտպանական ջոկատը Վանիկի հրամանատարությամբ։ Նա իր ջոկատով մասնակցում է Կարաչինար, Հայ Պարիս և Բուզլուխ գյուղերի համար մղվող մարտերին։

1990-91թթ. համագործակցում և օժանդակում է նաև «Տիգրան Մեծ» և Հայաստանից ժամանած այլ ջոկատներին։

1991թ.-ի հունվարից էլ ավելի լարվեց պատերազմական իրադրությունը Շահումյանի շրջանում։ Սովետական զինուժի միջնորդությամբ և օգնությամբ դատարկվեցին Կամո, Մարտունաշեն և Գետաշեն հայկական գյուղերը։ Այդ ժամանակ հնչում է Վանիկի տագնապած ձայնը բոլոր հայերին «Իմացած եղեք, եթե Գետաշենն բաց թողեցինք, Շահումյանը բաց թողեցինք, Ղարաբաղը բաց թողեցինք` Հայաստանն էլ ենք բաց թողելու»։

Այդ ժամանակ սկսվեց իր հայրենի գյուղի, սիրելի Էրքեջի (Այրուքաջի) օրհասական կռիվները։

1991թ. հուլիսի 6-ին կյանք ու մահի անհաշտ պայքար էր մղվում։ Եվ երբեք, ոչ մի պարագայում Էրքեջն ու Շահումյանը չէին խոնարհվի թշնամու դիմաց, եթե նրանց չօգնեին սովետական զինված ուժերը իրենց լավագույն տեխնիկայով, իրավունքներով ու քաղաքական նկրտումներով։ Վանիկը մինչև վերջին պահը չէր հավատում հայրենի Էրքեջի անկմանը։ Եվ, երբ հուլիսի 14-ին ամբողջ գյուղը էվակուացվել էր, դեռ գյուղում էին գտնվում նրա կինն ու երեխաները, եղբայրների՝ Սողոմոնի և Սարգիսի ընտանիքները։

Հուլիսի 6-ին Ինքնապաշտպանական ջոկատները թաքնված էին անտառում։ Թուրքերը սկսում են գյուղի վրա հեռահար կրակ տեղալ։ Վանիկը իր մեքենայի մոտ պայթած արկից վիրավորվում է, իսկ այնուհետ թշնամին հեռահար հռթիռով կրակ է արձակում նրա ուղղությամբ։

Հուլիսի 15 և 16-ին զուր էին Նրա ջոկատի մարտիկները, եղբայրներն ու եղբորորդին Վանիկի դին որոնում գետնին։ Վանիկը հենված մոտակա հոնի ծառին, կանգուն ու հպարտ, այդպես ոտքի վրա էլ ընդունել էր մահը կյանքի 36-րդ տարում։

Այժմ՝ Վանիկը հուղարկավորված է Չարենցավանի եղբայրական պանթեոնում իր դասընկեր և համագյուղացիներ, միաժամանակ իր ջոկատի զինվորներ՝ Սլավիկ Դանիելյանի, Ալեքսանդր Խաչատրյանի և Աշոտ Դադյանի հետ կողք կողքի։

Վանիկ Լալայանը ամուսնացած էր, ունի երեք դուստր և մեկ որդի (դստրերն են՝ Նաիրա, Մարիամ և Նախշուն, իսկ որդին՝ Բարիս Լալայանները, այրին՝ Լաուրա Լալայանը), ինչպես նաև յոթ թոռնիկ, այդ թվում՝ փոքրիկ Իվան Բարիսի Լալայանը։

Իվան (Վանիկ) Լալայանը հետմահու պարգևատրվել է՝ «ՀՀ Արիության», «ԼՂՀ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի», «Առաջին գունդ», «Մեծն Տիգրան աշխարհազորային գունդ», «Տիգրան Մեծ» շքանշաններով և «Երկրապահ» հուշամեդալով:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]