Իոնացման կալորիմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իոնացման կալորիմետր, տիեզերական ճառագայթման մասնիկների էներգիայի (1011-1014 էվ տիրույթի) որոշման սարք։ Բարձր էներգիայի տիեզերական մասնիկները իոնացման կալորիմետրի նյութի հետ փոխազդելիս, միջուկային ռեակցիաների հետևանքով ծնում են մեծ թվով երկրորդային մասնիկներ կամ ֆոտոններ, որոնք իրենց հերթին նոր մասնիկներ են առաջացնում։ Արդյունքում ստեղծվում է լիցքավորված մասնիկների հեղեղ, որն իոնացնում է նյութի ատոմները (իոնացում) և կորցնում իր էներգիան։ Եթե կլանող նյութի հաստությունը բավական մեծ է, և լիցքավորված մասնիկների հեղեղն ամբողջությամբ մնում է նյութում, ապա ստեղծված իոնների թիվը համեմատական է առաջնային մասնիկի էներգիային։ Լրիվ իոնացումը չափելու համար իոնացման կալորիմետրի արգելակող ամբողջ նյութը բաժանում են մի քանի սմ հաստությամբ շերտերի, որոնց միջև տեղադրում են իոնացման խցիկները։ Իոնացման կալորիմետրում իբրե դետեկտոր կարելի է օգտագործել իմպուլսային իոնացման խցիկը, համեմատական հաշվիչը, կայծային խցիկը, չերենկովյան հաշվիչը, սցինտիլյացիոն հաշվիչը (դետեկտորներ աարրական մասնիկների)։ Նուկլոնների ու միջուկների փոխազդեցության բնույթի առավել արդյունավետ ուսումնասիրման նպատակով ժամանակակից իոնացման կալորիմետրերը, որոնք ունեն մի քանի տասնյակ մ2 կարգի մակերես, զուգակցվում են հետագծային դետեկտորների (Վիլսոնի խցիկ, միջուկային էմուլսիա և այլն) հետ։

Հայաստանում, Արագած լեռան վրա կառուցվել (1964) և գործում է 10 մ2 մակերեսով և 70 տ զանգվածով կալորիմետր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 378