Իմիգոնգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմիգոնգո որմնանկարները Ֆրանսիայի Սեն-Դյե դե Վոժ քաղաքում կազմակերպված միջազգային աշխարհագրական փառատոնի ժամանակ

Իմիգոնգո, դեկորատիվ արվեստի հայտնի ոճ Ռուանդայում, ռուանդական ինքնօրինակ մշակույթի նմուշ։ Իմիգոնգո նկարները երփներանգ և ռելիեֆային են՝ տարբեր չափերի երկրաչափական կամ պարուրաձև նախշերով։ Իմիգոնգոյի արվեստով ավանդաբար զբաղվում են ռուանդացի կանայք։ Տեղացիները իմիգոնգոն օգտագործում են տարբեր արարողությունների ժամանակ կացարանները զարդարելու համար։

Ստեղծում և տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուանդացիների ցեղասպանությունից հետո իմիգոնգոյի արվեստը հայտնվել է վերացման եզրին։ Դրա վերականգնմամբ զբաղվում է 2000 թվականին Կիրեխում հիմնադրված «Կակիրա» կանանց կոոպերատիվը։ Կիրեխում շատ տների պատեր զարդարված են իմիգոնգո ոճով։ Իմիգոնգո ստեղծագործությունները տարածված են զբոսաշրջիկների շրջանում` որպես ռուանդական հուշանվերներ։ Իմիգոնգո արվեստի ցուցահանդեսներ են կազմակերպվել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։

Իմիգոնգո ոճի առաջին նկարներn ի հայտ են եկել 19-րդ դարում։ Ըստ Կիրեխում տարածված կարծիքի՝ այս ոճը ստեղծել է արքայազն Կակիրան՝ Կիբունգո նահանգում Գիսակիի կառավարիչ Կիմենի որդին, որը մտահոգված էր կացարանի զարդարանքով[1][2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմիգոնգոյի պատրաստման ժամանակ օգտագործվում են գոմաղբ և օրգանական ծագման ներկանյութեր։ Իմիգոնգոն հիմնականում ստեղծվում է համատեղ աշխատանքի միջոցով՝ աշխատանքի բաժանմամբ։ Սկզբից փայտե տախտակի վրա կովի գոմաղբով ռելիեֆային շերտն են ստեղծում։ Չորանալուց հետո մի քանի գունավոր շերտ են ավելացնում։ Իմիգոնգոյի հիմնական գույներն են սևը, կարմիրն ու սպիտակը։ Սպիտակ ներկը պատրաստվում է կաոլինից, կարմիրը՝ օքրայի և կավի խառնուրդով, սևը՝ բանանի կլեպով և հալվեով։ Աստիճանաբար իմիգոնգոյում կիրառվում են այլ գույներ ևս, օգտագործվում են ավելի արդիական, նորարարական եղանակներ, որոնք փոխանցում են ռուանդական բնապատկերը, բուսական և կենդանական աշխարհի, ռուանդացիների ոգին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kakira – Искусство Imigongo». НАСЛАЖДАЙТЕСЬ РУАНДОЙ. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 26-ին.
  2. Aimable Twagilimana Historical Dictionary of Rwanda. — Rowman & Littlefield, 2015-11-06. — 360 с. — ISBN 9781442255913
  3. Philip Briggs, Janice Booth Rwanda. — Bradt Travel Guides, 2010-03-16. — 308 с. — ISBN 9781841623061

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]