Իմաստափոխություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմաստափոխություն, լեզվական միավորների, գլխավորապես բառերի իմաստի փոփոխությունը (տեղաշարժը)։ Կա բառերի իմաստափոխության մի քանի տեսակ.

  1. բառիմաստի նորացում, երբ նախկին իմաստը մոռացվում է, և բառը գործածվում է միայն նոր իմաստով (հաստոց՝ նախկինում «պատվար, պատնեշ», այժմ միայն՝ արտադրական հատուկ հարմարանք, դազգահ),
  2. բառիմաստի նեղացում, երբ բառիմաստը մասնավորվում է և նշանակում մեկ տեսակ առարկա՝ նախկին լայն նշանակությունը պահելով կամ կորցնելով (ծայր՝ ընդհանրապես՝ «եզր, վերջ», այժմ նաև՝ «գրչածայր» իմաստով, հավ՝ նախկինում առհասարակ «թռչուն», այժմ՝ ընտանի թռչունի մի տեսակ),
  3. բառիմաստի ընդլայնում, երբ բառի մասնավոր նշանակությունը լայն ընդգրկում է ստանում (կառավարել՝ հնում միայն «կառք վարել», այժմ՝ առհասարակ «ղեկավարել»),
  4. իմաստի շրջում, երբ բառը ձեռք է բերում իր նախնական իմաստին հակառակ նշանակություն՝ պահպանելով կամ կորցնելով նախկին իմաստը (պարապել՝ հնում միայն անգործ լինել, այժմ՝ զբաղվել մի գործով, գլխավորապես՝ մտավոր, հետազոտական, նախկին իմաստը պահպանվել է պարապ լինել և նման ժողովրդախոսակցական բառերում)։ Իմաստափոխության ենթարկվում են նաև քերականական ձևերը, կ եղանակիչով կազմված բայաձևերը՝ կասեմ, կուտեմ և այլն, սկզբնապես ցույց են տվել ներկա ժամանակ, այժմ գրական արևելահայերենում ունեն ապառնիի իմաստ, իսկ գրական արևմտահայերենում պահել են նախկին նշանակությունը։ Իմաստափոխությունը սովորաբար կատարվում է լեզվի պատմական զարգացման ընթացքում, բնական ճանապարհով (բնական իմաստափոխություն), երբեմն էլ արդյունք է լեզվաբանների և այլ մասնագետների միջամտության (արհեստական իմաստափոխություն), վերջին դեպքում բառերը (հաճախ մոռացված) որոշակի իմաստով սկսում են գործածվել մասնագիտական գրականության մեջ իբրև գիտական տերմիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 323