Պեննե Թորոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թորոսյան Պեննեից)
Պեննե Թորոսյան
Ծնվել էնոյեմբերի 2, 1881(1881-11-02)
ԾննդավայրՀյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն
Մահացել էհունիսի 15, 1915(1915-06-15) (33 տարեկան)
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
ԿրթությունԲեյ­րու­թի ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ

Պեննե Թորոսյան (նոյեմբերի 2, 1881(1881-11-02), Հյուսեյնիկ, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - հունիսի 15, 1915(1915-06-15)), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսկական անունը եղել է Մանուկյան Պետրոս Թորոսի, սակայն գրվել է նաև Թորոսյան Պետրոս։ Կրել է նաև Տոքտ. Պ. Պեննե և Պետրոս Ուստա Մանուկյան մականունները։ Ծնվել է 1881 թվականի նոյեմբերի 2-ին, Խար­բեր­դի նա­հանգի Խարբերդի գավառի Հյու­սեյ­նիկ (Հապուսի) գյուղում։ 1890 թվականին հայրը մահացել է և ընտանիքի հոգսը մնացել է մոր վրա։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։ 1897 թվականին ավարտել է Խարբերդի ամերիկացի միսիոներների Եփրատ վարժարանը՝ մաթեմատիկական բարձր ընդունակություններ դրսևորելով։ 1897 թվականից Արաբկիրի և Հյուսեյնիկ գյուղի դպրոցների դասատու է աշխատել։ 1903 թվականին, աշխատելուն զուգահեռ, հաջողությամբ ավարտել է ինքնաշխատությամբ ուսանած ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը։ Շարունակել է Հյուսեյնիկ գյուղի, ապա՝ Խարբերդի սբ. Հակոբ թաղի, Թլկատինցու Կեդրոնական վարժարանի (Կարմիր քոլեջ) ուսուցիչ աշխատել։

Ցանկացել է անցնել ԱՄՆ, սակայն չի հաջողվել։ 1903-1909/1910 թվականներին ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում և փայլուն ավարտել։ Աչքի ընկնելով իր պատրաստվածությամբ՝ համալսարանի նախագահության առաջարկով, ցածր կուրսերի օգնական ուսուցիչ է աշխատել։ Բեյ­րու­թում ուսանելու ընթացքում մի քանի տարի եռանդուն համագործակցել է Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Բեյրութի մասնաճյուղի հետ և քաղաքում հնչակյան ուսանողական միություն կազմակերպել։

1909 թվականին գնացել է Խարբերդ, ապա անցել Եվ­րո­պա։ 1910 թվականին մասնագիտության մեջ կատարելագործվելու նպատակով մեկնել է ԱՄՆ։ Թե' Եվրոպայում և թե' ԱՄՆ-ում զբաղվել է հնչակյան գաղափարախոսության քարոզչությամբ, ապա վերադարձել և հաստատվել է Կ. Պոլսի Բերա թաղամասում։ Եղել է բարի և անշահախնդիր բժիշկ ու աղքատներին, զինվորներին, ընկերներին բուժել ձրի։ Մեծ համբավ է ունեցել ինչպես Կ. Պոլսում, այնպես էլ արաբական աշխարհում։ ՍԴՀԿ Քեոսթենջեի (Կոստանցա՝ Ռումինիայում) ընդհանուր պատգամավորական ժողովին ընտրվել է ՍԴՀԿ-ի Վարիչ մարմնի անդամ։

Եղել է Իթթիհադի դեմ ազգային-ազատագրական պայքարի անձնվեր մարտիկներից մեկը։ 1914 թվականին ճանաչված լինելով որպես Օսմանյան պետության համար վտանգավոր անձ, ի թիվս այլ հնչակյան պարագլուխների, ձերբակալվել է և ավելի քան մեկ տարի արգելափակվել Կ.Պոլսի բանտում, որտեղ նրան խոշտանգումների են ենթարկել, պահանջել, որ մատնի ազատագրական պայքարի իր ընկերներին, պարտադրել իսլամությունն ընդունել։

1915 թվականի հու­նի­սի 15-ին, Կ. Պոլսի Սուլթան Բայազիդի հրապարակ շղթայակապ բերել են 20 հնչակյան մտավորականի, որոնց մեջ էր նաև Պեննեն։

Կարդում են մահավճռի պատճառը՝ «ազա­տագ­րա­կան ձգտում­ներ ու­նե­նա­լու հա­մար»։ Բոլորը միաժամանակ կախաղան են բարձրացվել։ Կախվելուց առաջ՝ 34 տարեկան Պեննեն բղավել է իր դահիճների երեսին.

«Դուք մեզ քսան­ներս կը կա­խէք, գիտ­ցած եղէ՜ք թէ մեր ետե­ւ էն քսան հա­զար­ն էր պի­տի գան` մեր վրէժը լուծելու»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաբամաճեան Ս., Հայաստանի կաղանդչէքը։ Մեծ Եղեռնի զոհերը իրենց պատկերներով, Կ. Պոլիս, 1919։
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Բախտիկեան Սարգիս (խմբագիր), Ոսկե գետակ, տարեգիրք, Գ. տարի, Պէյրութ, 1948։
  • Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Պատմութիւն Ս. Դ. Հնչակեան կուսակցութեան, 1887-1963, Բ. հատոր, խմբագիր՝ Արսէն Կիտուր, Պէյրութ, 1963։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդու կյանքը փրկողներին, «Առող­ջա­պա­հու­թյուն», Երևան, 1965, թ.
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեան, Պոսթըն, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագործության պատմությունից, Երևան, 1990։
  • Հովակիմյան Բախտիար, Հայոց ցեղասպանության նահատակ գործիչների ծածկանուններ, Ե., 2002։
  • Գալաճյան Հ., Ոդիսևս աքսորական, Հուշեր, Երևան, 2004։
  • Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
  • Քէստենեան Հրաչ, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 01-11-2012

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։