Թանաքաձուկ (լատ.՝ Sepia), տասնոտանիների կարգի գլխոտանի փափկամորթների սեռ։ Մարմինը երկարավուն է (մինչև 25 սմ), բաժանված գլխի և իրանի։ Կողքերին ունի լողակներ, բերանի շուրջը՝ ութ «ձեռքեր», որոնք կրում են ծծիչներ։ Ծայրերում լայնացած երկու ավելի երկար «ձեռքերը» ծառայում են որսը բռնելուն։ Իրանը ծածկված է թիկնոցով, որի տակ գտնվում է խեցին։ Թանաքագեղձի (ուղիղ աղիքի հավելված) արտադրած սեկրետը՝ սեպիան, ինքնապաշտպանության միջոց է, ջուրը գունավորում է և ապակողմնորոշում թշնամուն։ Վարում է հատակային կյանք, լողում է դանդաղ։ Ապրում է տաք և արևադարձային ծովերում։ Միսն օգտագործվում է որպես սննդանյութ։ Թանաքագեղձի սեկրետը կիրառվում է գեղանկարչության մեջ որպես կայուն, մուգ դարչնագույն ներկանյութ։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թանաքաձուկ կատեգորիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 138)։