Թագավորն ու չարչին (բալլադ)
Թագավորն ու չարչին | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Վիքիդարան | Թագավորն ու չարչին |
Վիքիքաղվածք | Թագավորն ու չարչին |
Թագավորն ու չարչին, բալլադ, որը 1917 թվականին գրել է հայ գրող Հովհաննես Թումանյանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանը այս բալլադը գրելիս օգտագործել է Առաքել Դավրիժեցու պատմության միջից մի քանի դրվագներ[1]։
Բանաստեղծը նաև օգտագործել է Զաքարիա Սարկավագի «Պատմության» այն հատվածը, որտեղ պատմվում է իր երկրում ծպտված շրջելու` Շահ Աբասի սովորության մասին։
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի համար 79 ֆոնդում պահվում է մեկ մաքրագիր և մեկ սևագիր ինքնագիր, որոնք վերնագրված են «Անկեղծ խոսքն ու թագավորը»։ Ինքնագրերի վրա կան գրառումներ և ծրագրային նշումներ, որոնք վերաբերում են բալլադում նկարագրվող պատմական դեպքերին ու Ջուղայի գաղթին։ Նույն տեղում կան նաև բալլադի ավարտը հիշեցնող սևագիր արձակ հատվածներ։
Սևագրերի վրա հեղինակը նշել է օգտագործման աղբյուրները. տրված է Առաքել Դավրիժեցու գրքի համապատասխան գլուխների բովանդակության սեղմ շարադրանքը, առանձին պատմական դեպքերի թվարկումներ, հիշատակված են օգտագործված այլ գրքեր ևս՝ Մ. Չամչյանի «Հայոց պատմության» 3-րդ հատորը, Լեոյի «Հայկական տպագրության» 1-ին հատորը, История человечества, под общей редакцией Г. Гельмольта, II, III, стр. 361, V, стр. 159, СПб., 1904:
Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում է մեկ ինքնագիր-պատառիկ բալլադի առաջին սևագրություններից, որն Ա. Ինճիկյանը հանել է Թումանյանի անձնական գրադարանի՝ «Զաքարեա Սարկաւագի պատմութիւն» գրքի առաջին հատորի միջից հանել և հրապարակել է։
Առաջին անգամ տպագրվել է Բաքվի «Գործ» ամսագրի 1917 թվականի 9-10-րդ համարների 5-7 էջերում, այնուհետև տպագրվել է Կ. Պոլսում լույս տեսած բանաստեղծությունների ժողովածուի 123-126 էջերում, ապա` Երկերի ժողովածուի առաջին հատորի 344-346 էջերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է Շահ Աբասի մասին, որը չարչու շորեր հագած շրջում է երկրում և կարծիք հարցնում գյուղացիներից իր մասին։ Գյուղացիներն անկեղծ հայտնում են իրենց ատելութունը շահի հանդեպ` կարծելով, թե խոսում են հասարակ չարչու հետ։ Իրենց տնից բռնագաղթված հայերն անիծում են պարսից շահին` իրենց հայրենիքից հեռացնելու համար։ Շահը չի կարողանում զսպել իր կատաղությունն ու դեն գցելով չարչու հագուստը` սպանում է գերի գյուղացուն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջեր 568–569.