Էնիսոֆոբիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էնիսոֆոբիա, վախ հասարակության կողմից քննադատության հանդեպ։ Այս ֆոբիայով տառապող մարդը սովորաբար վստահ չէ իր կամ իր ուժերի վրա, ինքնամփոփ է և իրեն մեղավոր է զգում այլ մարդկանց մոտ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսինոֆոբիան շատ դեպքերում կապված է անցյալի տհաճ փորձի հետ։ Ֆոբիայով տառապող շատ մարդիկ նախկինում ստիպված են եղել ստորացում, ամոթ կամ անհարմարություն զգալ։ Օրինակ, դա կարող է լինել մանկական հիշողությունը, երբ ուսուցիչը վատ սովորած դասի համար ցածր թվանշան է նշանակում։ Ժամանակի ընթացքում փակվածությունն ու անինքնավստահությունը միայն ավելանում են. հասուն տարիքում ղեկավարից նկատողություն ստանալիս մարդն ունենում է նույն ապրումները, ինչ ունեցել է մանկության տարիներին։ Աստիճանաբար մարդն առհասարակ դադարում է ինքն իրեն հավատալ և նախօրոք համոզվում է իր ձախողման մեջ։ Սակայն երբեմն ուղեղը հաղթահարում է վախն առանց տեսանելի պատճառի։ Այս խնդրի սկզբնապատճառը վեր հանելով` կարելի է ազատվել դրանից` պարզապես սադրող գործոնները բացառելով։ Առավել խոցելի են առհասարակ վախին ու տագնապին հակված մարդիկ, ինչպես նաև նրանք, ում հեշտ է վիրավորել ու հուսահատեցնել[1]։ Էնիսոֆոբիան բավականին տարածված վախ է, որը շատ մարդիկ բազմիցս ապրել են, սակայն այն ամեն մարդու մոտ տարբեր կերպ է արտահայտվում։ Սա ֆոբիա է, որի ախտանիշները տարբեր կերպ են դրսևորվում։ Այս հիվանդության ախտանիշները կարող են նման լինել այլ հիվանդությունների ևս, այդ պատճառով այն հեշտ է շփոթել այլ հիվանդությունների հետ։ Վախը կարող է ինչպես ինքնուրույն հիվանդություն լինել, այնպես էլ` ուղեկցել այլ հոգեբանական խնդրին։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատության հանդեպ վախի պատճառով մարդուն թվում է` ասես ինչ-որ մեկը գողացել է նրա ներշնչանքն ու մոտիվացիան։ Վախն ավերում է երևակայությունը, ստեղծագործականությունն ու որևէ բան անելու ցանկությունը, իսկ անզգույշ ասված բառը կարող է խորապես վիրավորել մարդուն, ծանր ապրումներ ու սթրես առաջացնել։

Էնիսոֆոբիան ունի արտահայտման երկու տարբեր ձև.

  • սոցիալական հարաբերություններ սկսելու վախ,
  • հասարակության կողմից ուշադրության պակասի, անտեսված լինելու վախ։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոբիայի ախտանշանները տարբեր կերպ են արտահայտվում։ Առավել հաճախ հանդիպող ախտանշաններն են.

  • Սրտխառնոց և փսխում
  • Ձեռքերի և դեմքի կարմրում
  • Հաճախ քրտնարտադրություն
  • Վերջույթների դող

Քննադատության վախն արտահայտվում է ոչ միայն առողջական խնդիրներով, այլ նաև մարդուն կարող է հասցնել տագնապային իրավիճակի։

Խնդրի յուրաքանչյուր դեպք անհատական է։ Այն կարող է ժամանակի ընթացքում անցնել կամ վերաճել առավել լուրջ հիվանդության[2]։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման համար հաճախ դիմում են հոգեթերապիայի։ Շատ մասնագետներ ընդգծում են նեյրոլինգվիստիկ ծրագրերի կիրառումը։ Դեղերով բուժման համար օգտագործվում են.

Ցանկացած դեղամիջոց պետք է ընդունել միայն ըստ նշանակման։

Տարածված է նաև հիպնոսով բուժման տարբերակը։ Մարդն ընկում է հիպնոսային տրանսի մեջ, երբ գիտակցության գործունեությունը նվազում է, և վեր է բարձրանում ենթագիտակցականը։ Մարդը հնարավորություն է ստանում վերապրել կյանքի այն պահերը, որոնք օժանդակել են վախերի զարգացմանը, և փոխել իր վերաբերմունքը դրանց հանդեպ[3]։

Էնիսոֆոբիայի դրսևորում հանրային ելույթների ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մարդիկ վախ են ապրում մեծ լսարանների առջև ելույթ ունենալուց և մեծ բեմերից։ Բեմերի հանդեպ վախն անմիջականորեն կապված է հանրության կողմից քննադատության վախի հետ։ Մարդն սկսում է մտորել, թե որքան է կարևոր տվյալ ներկայացվող նյութը, ինչպիսի տեսք ունի ինքը, ինչ կասեն և կմտածեն իր մասին։ Ըստ հոգեբանների տվյալների` մարդկության 95%-ն ունի մեծ լսարանի առջև ելույթ ունենալու վախ[4]։ Հանրության կողմից քննադատվելու վախն ազդում է ոչ միայն մարդու հոգեբանական վիճակի, այլև նրա կարիերայի աճի վրա. վախի պատճառով մարդը հաճախ ինքնամփոփ է դառնում, ինչը խանգարում է նրան հաջողությունների հասնել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CTRN: Change That's Right Now | Enissophobia» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. «Эниссофобия: причины возникновения, боязнь критики как вид социальной фобии, пути преодоления страха» (ռուսերեն). StrahOff.net. 2018 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. «Страх критики - эниссофобия - Авторский сайт гипнолога Елены Вальяк». alphacentr.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. «Глоссофобия - симптомы, причины, лечение боязни сцены». fobiya.info. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.