Զիմբաբվեի հիպերինֆլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զիմբաբվեի 10-ից մինչև 100 միլիարդ դոլարի թղթադրամներ, որոնք տպագրվել են մեկ տարվա ընթացքում (դա ցույց է տալիս հիպերինֆլյացիայի աստիճանը)

Զիմբաբվեում հիպերինֆլյացիա , արժութային անկայունության շրջան է, որը սկսվել է 1990-ականների վերջին՝ հողային բարեփոխումներից և հողատերերից մասնավոր ֆերմաների բռնագրավումից անմիջապես հետո՝ Կոնգոյի Երկրորդ պատերազմին Զիմբաբվեի մասնակցության ավարտին։ 2008-2009 թվականներին՝ գնաճի գագաթնակետին, դժվար էր չափել հիպերինֆլյացիան, քանի որ Զիմբաբվեի կառավարությունը կասեցրեց գնաճի պաշտոնական վիճակագրության հրապարակումը։ Հիպերինֆլյացիան իր գագաթնակետին հասել է 2008 թվականի նոյեմբերի կեսերին՝ կազմելով 79,6 մլրդ տոկոս[1]։ 2007 թվականից սկսած ինֆլացիայի աճի տեմպերը կազմել են ամսական հազարավոր տոկոսներ։

Պատճառներն ու հետևանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն աֆրիկյան մյուս երկրների՝ Զիմբաբվեն երկար տարիներ կառավարվում էր սպիտակամորթների կողմից, դրանք այն անգլիացի գաղութարարների հետնորդներն էին, ովքեր տեղափոխվել էին այս երկրներ 19-րդ դարում և անկախություն ձեռք բերեցին միայն 1980 թվականին։ Այս երկրի խնդիրները սկսեցին Զիմբաբվեի առաջին աֆրիկացի նախագահ Ռոբերտ Մուգաբեի կառավարման տարիներից։ Զիմբաբվեի տնտեսության խնդիրները սկսվել են դեռևս 2000 թվականին, երբ կատարվեցին հողային անհաջող բարեփոխումներ։ Փաստն այն էր, որ տվյալ ժամանակաշրջանում սպիտակամորթ բնակչության զգալի մասը մնացել էր Զիմբաբվեում, որոնց պատկանում էին նաև գյուղացիական բոլոր անհրաժեշտ ապրանքներն արտադրող ֆերմաների մի զգալի մասը։

Զիմբաբվեի ազգային ամենամեծ արժույթը (100,000,000,000,000 Z$)

Մուգաբեն վտարեց սպիտակամորթ աֆրիկացիներին, իսկ նրանց տեղը զբաղեցրին սև զիմբաբվեցիները, որոնք, պարզվեց, բիզնեսի վատ ղեկավարներ էին։ Դրա արդյունքում երկրում կտրուկ անկում ապրեց արտադրությունը, փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, հարյուր հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից։ Երկրի իշխանությունները վախենում էին վերականգնել տնտեսությունը՝ ավելացնելով հարկերը և կրճատելով բյուջեի ծախսերը, քանի որ Զիմբաբվեի բնակիչները մեկ անգամ չէ, որ լայնածավալ բողոքի ցույցեր էին կազմակերպել, ինչպես նաև, սկզբում իշխանությունները տնտեսական ճգնաժամն ընկալում էին որպես ժամանակավոր երևույթ։ Պետական ծախսերը ինչ-որ կերպ փակելու համար անհրաժեշտ էր տպարան հիմնել և ավելի ու ավելի ակտիվորեն թողարկել Զիմբաբվեի դոլարը, ինչն առաջացրեց աննախադեպ թանկացում։ Օրինակ, 2008 թվականի հուլիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 17:00-ին, գարեջրի մեկ տուփն արժեցել է 100 միլիարդ Զիմբաբվեական դոլար, իսկ մեկ ժամ անց դրա գինը կազմել է 150 միլիարդ[2]։ Ստեղծվեց աբսուրդային իրավիճակ․ Զիմբաբվեական դոլարն ավելի էժան էին, քան այն թուղթը, որ վրա տպագրվում էր դոլարը, այնպես որ ավելի ձեռնտու էր զուգարանի թղթի փոխարեն օգտագործել զիմբաբվեական դոլար (դրանք ավելի շատ օգտագործվում էին այլ նպատակների համար), քանի որ այդ տարադրամով զուգարանի թուղթ գնելն ավելի թանկ էր։ Զիմբաբվեի իշխանությունները նույնիսկ հատուկ օրենքով արգելեցին ազգային արժույթը որպես զուգարանի թուղթ օգտագործելը[3]։ Զիմբաբվեն սեփական արժույթի թողարկումը դադարեցրեց 2009 թվականից՝ սկսելով օգտագործել այլ երկրների արժույթներ[4]։ 2015 թվականի կեսերին Զիմբաբվեի իշխանություները հայտարարեցին, որ մինչև 2015 թվականի վերջն ամբողջությամբ կընդունեն ԱՄՆ դոլարը։ Զիմբաբվեի 100 տրիլիոն դոլարանոց հսկայական թղթադրամներն այժմ որպես հուշանվերներ են ծառայում զբոսաշրջիկների համար[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Hanke S., & Kwok, A. (2009) "On the Measurement of Zimbabwe's Hyperinflation", Cato Journal, 29 (2)» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 11-ին.
  2. Where a beer costs 150 billion — thestar.com
  3. «Гиперинфляция в Зимбабве» (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 18-ին.
  4. «Zimbabwe Abandons Its Currency». BBC. 2009 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
  5. McGee, Patrick (2015 թ․ հունիսի 12). «Zimbabwe ditches its all but worthless currency». FT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.