Զարգացնող ուսուցման տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարգացնող ուսուցման տեսությունը ուսումնառության տեսության և կրթության պրակտիկայի ուղղություններից է, որը բովանդակությամբ, մեթոդներով ու կազմակերպման ձևերով ուղղված է սովորողների ֆիզիկական, ճանաչողական և բարոյական ունակությունների զարգացմանը նրանց պոտենցիալ հնարավորությունները և այդ զարգացման օրինաչափությունները օգտագործելու միջոցով[1]։

Հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսությունը սկսել է ձևավորվել 1950-1970-ական թվականներին Լեոնիդ Զանկովի, Դանիիլ Էլկոնինի, Վասիլիյ Դավիդովի աշխատություններում։ «Զարգացնող ուսուցում» հասկացությունը հիմնված է Վիգոտսկու պատմա-մշակութային տեսության և Լեոնտևի գործունեության տեսության հիման վրա։ Վիգոտսկու պատմա-մշակութային հայեցակարգում դրվում է ուսուցման և զարգացման հարաբերակցության հարցը, որը, ըստ Լեոնտևի,«հանդիսանում է ամենակենտրոնական և հիմնական հարցը, առանց որի մանկավարժական հոգեբանության պրոբլեմները չեն կարող ոչ միայն ճիշտ լուծվել, այլև պատկերացնել»։ Ըստ Վիգոտսկու, 20-րդ դարի 30-ական թվականների սկզբին կարելի էր առանձնացնել ուսուցման և զարգացման հարաբերակցության վերաբերյալ երեք հիմնական մոտեցումներ՝

  • տեսություններ, որոնք չեն ընդունում ուսուցման ազդեցությունը զարգացման վրա, բացառում են զարգացնող ուսուցման հնարավորությունը,
  • տեսություններ, որոնք ընդունում են զարգացնող ուսուցման առկայությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է այն մեկնաբանվում

Ուսուցման և զարգացման հարաբարեկացության պրոբլեմի ուսումնասիրման ժամանակ Վիգոտսկին հենվում էր երեխայի հոգեկան ֆունկցիաների ծագման օրենքի վրա[2]։ Վիգոտսկու կողմից ներմուծվեց «մերձակա զարգացման գոտու» հասկացությունը, Վիգոստկու կողմից ձևակերպվեց այն սկզբունքը, որ ուսուցումը զարգացման հետևից չի գնում, այլ զարգացմանը տանում է իր հետևից։ Վիգոտսկու, Էլկոնինի, Դավիդովի աշխատությունները հիմք դրեցին զարգացնող ուսուցման կոնցեպցիայի ձևավորման համար։

Զարգացնող ուսուցման հիմնական տեսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացնող ուսուցման հիմնական տեսություններին են դասում Զանկովի դիդակտիկ և Դավիդովի բովանդակային ընդհանրացման ու ուսումնական գործունեության ձևավորման տեսությունները։

Զանկովի դիդակտիկ համակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանկովը, դնելով աշակերտների ինտենսիվ զարգացման պրոբլեմը, քննադատորեն է վերաբերում ուսումնական նյութի թեթևացմանը, նրա ուսումնասիրման չարդարացված դանդաղ տեմպը և միանման կրկնությունները։ Զարգացնող ուսուցման Զանկովի կողմից մշակված էքսպերիմենտալ համակարգի հիմքում դրված են հետևյալ սկզբունքները.

  • Ուսուցման սկզբունք դժվարության բարձր մակարդակի վրա, որիիրականացումը ենթադրում է դժվարությունների որոշակի մակարդակ, խոչընդոտների հաղթահարում, ուսումնասիրվող երևույթների փոխկապվածությունների իմաստավորում և համակարգում (ուսումնառության պրոբլեմայնություն),
  • Տեսական գիտելիքների կարևորության սկզբունք, որի համաձայն ուսումնական առարկայի ներսում և տարբեր առարկաների միջև հասկացությունների, հարաբերությունների, կապերի մշակումը նույնքան կարևոր է, որքան հմտությունների ձևավորումը,
  • Աշակերտների կողմից սեփական ուսումնառության գիտակցում, աշակերտի՝ որպես ուսումնառության սուբյեկտի գիտակցում (անձնային ռեֆլեքսիայի, ինքնակարգավորման զարգացում),
  • Բոլոր սովորողների զարգացման վրա աշխատանքի սկզբունք, որի համաձայն անհրաժեշտ է հաշվի առնել անհատական առանձնահատկությունները, բայց ուսուցմումը պետք է զարգացնի բոլորին (ուսումնական գործընթացի հումանիզացիա),

Զանկովի համակարգի հիմնական առանձնահատկություններն են՝ աշակերտների ընդհանուր զարգացումը, դժվարության բարձր մակարդակը, ուսումնական նյութը անցնելու արագ տեմպը, տեսական գիտելիքների կարևորության կտրուկ բարձրացուն։ Ուսուցման տվյալ համակարգը զարգացնում է մտածողությունը, սովորողների հուզական ոլորտը, սովորեցնում է հասկանալ և դուրս բերել կարդացվող նյութի հիմանկան բովանդակությունը։

Զարգացնող ուսուցում ըստ Դավիդովի համակարգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնառության ընթացքում զարգացող մտածողության այն ձևը, որի ժամանակ տեղի է ունենում մասնավորից ընդհանուր, վերացականից ընդհանուր, դեպքից, փաստից համակարգ, երևույթից էություն անցումը, Դավիդովն անվանում է էմպիրիկ։ Դավիդովը առաջադրեց վերոնշյալ համարգին հակադիր, ուսուցման նոր համակարգի տեսական մշակման հարցը՝ ընդհանուրից մասնավոր, վերացականից՝ կոնկրետ, համակարգայինից եզակիի անցում։ Ուսումնառության այս գործընթացում ձևավորվող մտածողությունը Դավիդովի կողմից անվանվեց տեսական, ուսուցումը՝ զարգացնող։ Դավիդովը բերում է էմպիրիկ և տեսական գիտելիքների հիմնական տարբերություններ։ Էմպիրիկ գիտելիքները ձևավորվում են առարկաների, նրանց պատկերացումների համեմատության մեջ, որի արդյունքոմ նրանցում առանձնացվում են ընդհանուր հատկություններ։ Տեսական գիտելիքն առաջանում է ամբողջական համակարգի ներսում որոշակի հարաբերությունների դերի և ֆունկցիաների վերլուծության արդյուքնում, հարաբերությունը հանդիսանում է համակարգի բոլոր դրսևորումների ելակետային հիմք։ Էմպիրիկ գիտելիքի ձևավորման ժամանակ առարկաների որոշակի ամբողջականություն առանձնացվում է որոշակի դասի, իսկ տեսական գիտելիքի ձևավորման ժամանակ վերլուծության արդյունքում բացահայտվում է գենետիկորեն ելակետային հարաբերությունը, ամբողջական համակարգի էությունը։ Էմպիրիկ գիտելիքները, որոնք հիմնվում են դիտման վրա, արտացոլում են առարկայի արտաքին հատկությունները, իսկ տեսական գիտելիքները, որոնք առաջանում են որպես առարկաների մտածական վերափոխումներ, արտացոլում են ներքին հարաբերություններ և կապերը։

Դավիդովը տալիս է տեսական գիտելիքի բնութագիրը, որը ստացվում է բովանդակային վերացարկման և ընդհանրացման արդյունքում։ Տեսական գիտելիքը կազմում է զարգացնող ուսուցման հիմքը։ Ընդգծվում է մտածողության վերլուծահամադրական գործողության կարևորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зимняя И. А. Педагогическая психология. – 2002.