Զաջալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զաջալ (արաբ․՝ زجل‎‎), արաբական միջնադարյան գրականության ժանր։ Հիմնվել է դեռևս նախաիսլամական շրջանում, սակայն ծաղկում է ապրել Անդալուսում՝ Օմայյանների օրոք։ Տարածվել է ոչ միայն Արաբական արևմուտքում (Ալժիր, Մարոկկո), այլև Արաբական արևելքում (Լիբանան, Պաղեստին)։ Ձևով նման է մուվաշշահին։

ալ-Համբրա

Զաջալը (արաբ․՝ زَجَلٌ‎‎՝ մեղեդի, երգ), անդալուսյան պոեզիայի բանաստեղծական ձևերից է։ Գրված է բարբառով։ Սկսում է հանգավորված կրկներգով՝ մարքազով (արաբ․՝ مركز‎‎՝ կենտրոն), այնուհետև հաջորդում են երեք հանգավորված տողեր՝ ղուսն (արաբ․՝ غصن‎‎՝ ճյուղ), Ղուսնին հաջորդում է մարքազի հետ նույն հանգն ունեցող տող սիմթը (արաբ․՝ صمت‎‎՝ լռություն, դադար)։ Առաջին տունը՝ մարքազը կազմված է 2 տողից, դրան հաջորդում է 5-9 տուն՝ յուրաքանչյուրում հավասար թվով տողեր՝ 4-12։

Զաջալը մոտ է ժողովրդական բանահյուսությանը, երգին։ Այն ի հայտ է եկել մուվաշշահից մի քիչ ուշ, բայց կա նաև հակառակ կարծիքը, որ զաջալը այն անցումային ձևն էր, որը բերեց ավելի մաքուր և գրական մշակված ձևի՝ մուվաշշահի (արաբ․՝ موشّح‎‎՝ գոտևորված, բանաստեղծության տեսակ), ի հայտ գալուն։ Արդյունքում 2 բանաստեղծական ձևերն էլ զարգանում էին զուգահեռաբար տարբեր սոցիալական միջավայրերում։ Պաշտոնական ճանաչում զաջալը ստացել է մուվաշշահից հետո և մինչև զաջալի կարկառուն հեղինակների ի հայտ գալը գոյություն ուներ միայն բանավոր երգիչների միջավայրում։

Զաջալը ձևով միօրինակ է։ Նրա տունը կազմված է հիմնականում 3 հանգավորված տողերից և կրկներգերից։ Մի քանի դեպքում զաջալը սկսվում է կրկներգից։ Զաջալի չափերը չեն տեղավորվում դասական արաբական տաղաչափության՝ արուդի (արաբ․՝ علم العروض‎‎), կառուցվածքի մեջ։ Զաջալի հեղինակները լիովին հասկանում էին իրենց տարբերությունը ավանդական պոեզիայից։ Այս մասին ավելի մարնամասն խոսում է Իբն Կուզմանը իր զաջալում։ Պարզությունն ու արտասանության յուրահատկությունը Իբն Կուզմանը համարում է այս ձևի հիմնական արժանիքը։ 10-12-րդ դարերի զաջալը առանձնահատուկ նշանակություն էր ձեռք բերել։ Աֆրիկյան բերբերները հեշտությամբ ընկալել էին անդալուսյան բարբառը, և անդալուսյան բանահյուսությունը դարձել էր նրանց սեփականությունը։ Հյուսիսային Աֆրիկայի բնիկ ժողովուրդներին արաբները մեկ անունով կոչում էին բարբարոսներ (արաբ․՝ بَرْبَرٌ‎‎՝ բերբեր, եզակի,արաբ․՝ بَرَابِرَةٌ‎‎՝ բարաբիր, հոգնակի)։ Նրանք արաբական Իսպանիայում հաստատվել էին արաբների հետ միաժամանակ։ Ավելի ուշ բերբերները ստեղծում են սեփական պետությունները՝ ալ-Մորավիների, ալ-Մոհադների պետությունները, և Անդալուսի այն հատվածները, որոնք գրավված չեն լինում քրիստոնյա տիրակալների կողմից, անցնում են նրանց իշխանության տակ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]