Երջանիկ մահը (նովել)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Երջանիկ մահը», հայ նշանավոր գրող Գրիգոր Զոհրապի նովելներից, որը գրվել է 1900 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս նորավեպը «Կյանքը ինչպես որ է» շարքից է։ Այն շարունակում է այն միտքը, որ գրողը պարտավոր է մարդուն ու նրա ներաշխարհը ներկայացնել այնպես, ինչպես իրական կյանքում է և ինչպես ինքն է տեսնում դրանք։ Նորավեպը գրված է բժշկի հիշողությունների ձևով։ Նորավեպի հիմքում ընկած է մի խնդիր, որ գրականության մեջ մեկնաբանվում է սոցիալ-հոգեբանական կամ կենցաղային իմաստով։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես «Զաբուղոն» նորավեպում, այնպես էլ այստեղ, սյուժեն հարուստ չէ գործողություններով։ Նկարագրվող միակ միջադեպը անանուն հերոսուհու և իր սիրած երիտասարդի վերջին պարն է։ Այն բաղկացած է չորս փոքրածավալ գլուխներից։

Վաթսունին մոտ դոկտոր Վահանյանը սովորական բժիշկ չէր։ Բացի մարմնի ցավերից, նրան ծանոթ էին նաև հոգու ցավերը։ Տկարակազմ, ճերմակ մորուքով այս բժիշկը քառասուն տարի մահվան դեմ պայքար մղելով` մտերմացել էր մահվան հետ։ Հեղինակը հիշում է, որ մի երեկո զրույցի ժամանակ խոսք է բացվում այն մասին, թե որն է ամենաքաղցր մահը՝ թե բժշկական, և թե հոգեբանական տեսանկյունից։ Հնչում են ամենատարբեր կարծիքները։ Եվ հանկարծ դոկտորը պատմում է, որ ինքն ականատես է եղել երջանիկ մահվան։ Տասը տարի առաջ երեկույթի է եղել և ծանոթացել է քառասուն տարեկան մի կնոջ հետ, ում մյուս կանայք նախանձում էին, քանի որ նա վայելում էր կյանքը։ Այդ կինը սրտի արատ ուներ և դոկտորը նրան ասել էր, որ խաղաղ և հանգիստ կյանք վարի և հեռու մնա խնջույքներից։ Սակայն նա ճիշտ չէր համարում փոխել իր ապրելաոճը՝ միայն մեկ օր ավել ապրելու համար։ Նա շարունակում էր երեկույթների գնալ։ Մի երեկույթի ներկա էր նաև մի երիտասարդ, որի հանդեպ նա անտարբեր չէր։ Այդ երիտասարդը Եվրոպայում իրավագիտություն էր սովորել և նրա մեջ ինքնավստահություն էր նկատվում։ Նրանք սկսեցին պարել, ներկաները հիացմունքով էին հետևում նրանց պարին։ Հանկարծ, կարծես կինը սայթաքեց և քիչ էր մնում ընկներ։ Բայց երիտասարդը կարողացավ նրան պահել և իր գիրկն առնել։ Բոլոր կողմերից հնչում էր, թե ոտքը սահեցավ, սակայն, իրականում, սրտի կաթված էր։ Նրան տեղափոխում են բազմոցի վրա։ Եվ դոկտորը հենց սա էր համարում երջանիկ մահ, քանի որ կինը մահացավ սիրելի երիտասարդի կողքին։ Նա չտառապեց հիվանդություններից, իսկ ծերությունը չփչացրեց նրան։ <<Եվ մի՞ թե սրանից երջանիկ մահ կա>>,- ասում էր բժիշկ Վահանյանը։