Երկիր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Երկիր (այլ կիրառումներ)

«Երկիր», հասարակական-քաղաքական, տնտեսական և գրական շաբաթաթերթ, Հնչակյան կուսակցության օրգան։ Հրատարակվել է Ադաբազարում և Կ. Պոլսում, 1910-1911 թթ․-ին։

Արտոնատեր՝ Մ. Թերզյան, խմբագիրներ՝ Ասո (Տ. Օտյան), Ա. Կենճյան, Բանվոր (Ե. Թոփուզյան)։

Քարոզել է ցարիզմի և թուրքական բռնատիրության դեմ ազգային հեղափոխության գաղափարը։ Քննադատել է «Հայաստանն առանց հայերի» ռուսական հետադիմական քաղաքականությունը, հանդես եկել հօգուտ Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության իրավունքի, դատապարտել երիտթուրքական կառավարության հակահայկական ձեռնարկումները, մասնավորապես՝ հայ գյուղացիության հողազրկման ասպարեզում։ «Երկիր» ժողովրդի տնտեսական ինքնուրույնությունից է բխեցրել քաղաքական անկախությունը, անդրադարձել է հայաբնակ գավառների տնտեսական և հասարակական կացությանը, մասամբ՝ քաղաքների բանվորությանը հետաքրքրող խնդիրներին։ հեղափոխական պայքարի քարոզին զուգընթաց միամտորեն ակնկալել է Օսմանյան կայսրության վերածնվելը «նորագույն պետության, ուր տիրեր բաղկացուցիչ ազգերի հավասարությունը և եղբայրակցությունը»։

Տպագրությունը վերսկսել է 1919-1922 թվականներին։ Խմբագիրներ՝ Վ․ Զեյթունցյան, Տ․ Գալճյան, Է․ Չոփուրյան։ Արտացոլել է Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակը, հույն-թուրքական պատերազմը, Կիլիկիայի ու Զմյուռնիայի դեպքերը, Կ․ Պոլսի հայության արտագաղթը, քննադատել արևմտյան երկրների դիվանագիտությունը։ «Երկիր»-ը ողջունել է սովետական կարգերի հաստատումը Հայաստանում, օգնել ամրապնդելու գաղութի կապը հայրենիքի հետ, հանդես է եկել դաշնակցության գաղափարախոսության և գործունեության դեմ։ Տպագրել է Վլադիմիր Իլիչ Լենինի ճառը Սովետների IX համագումարում, «Մարտնչող մատերիալիզմի մասին» հոդվածը, նյութեր Անդրկովկասի Ֆեդերացիայի կազմավորման վերաբերյալ, հայ հեղինակների ստեղծագործություններ, թարգմանություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png