Եզդիների հարսանեկան ծես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եզդիների հարսանեկան ծես, եզդի ժողովրդի ավանդական ծես, որը պահպանվել է մինչև այսօր։ Ծեսն ընդգրկված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի հնագույն ազգերից մեկը՝ եզդիները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները։ Այդպիսի ավանդույթ է նաև նրանց հարսանեկան ծեսը, որն ընդգրկում է մշակված արարողություններ, փոխադարձ այցելություններ և սովորույթների պահպանում[2]։

Աղջկան ուզելու համաձայնությունը կայացնելուց հետո, փեսայի ծնողները գնում են հարսնացուի տուն` ծնողներից ձեռքը խնդրելու։ Եզդիների հարսանեկան ծիսակարգում հազվադեպ հանդիպում է նաև փոքր հասակում երկու կողմերի ծնողների համաձայնությամբ «բեշքերթում» (նշանադրություն) կատարելու ավանդույթը։ Սակայն այդ դեպքում ենթադրվում է, որ երբ երեխաները դառնան չափահաս, պետք է ամուսնանան[2]։

Աղջկա ձեռքը խնդրելիս տղայի ծնողները նրա համար տարբեր զարդեր են տանում։ Համաձայնություն ձեռք բերելուց հետո՝ տղայի ծնողներն ու մյուս ազգականները մի քանի շաբաթ հետո նորից գնում են հարսնացուի ծնողների մոտ, նորից զարդեր ու նվերներ են տանում։ Այդ արարողության անվանումն է «շիրանի»։ Ժամանակին պահանջվում էր «ղալիմ»՝ աղջկա գլխագին։ Հայաստանաբնակ եզդիների շրջանում այդ ավանդույթն այժմ վերացել է, քանի որ դրա պատճառով չքավոր ընտանիքների երիտասարդները չէին կարողանում ամուսնանալ[2]։

Որոշ ժամանակ անց տեղի է ունենում աղջկան հարս բերելու արարողությունը։ Կայանում է երդման արարողություն․ հայրերը կամ մոտ հարազատները, բութ մատերն իրար սեղմելով, երդվում են շեյխի կամ փիրի ներկայությամբ։ Երդման իմաստն այն է, որ ամեն գնով պետք է պահպանվի երիտասարդ ընտանիքի միասնությունը։ Հավատարմության և անխախտ դաշինքի այդ երդմանը եզդիները հետևում են սրբությամբ[2]։

Խնձորի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզդիների հարսանիքներին կարևոր դեր է հատկացվում պտղաբերության խորհրդանիշ խնձորին։ Հին ժամանակներում, երբ եզդի երիտասարդին խնդրում էին ցույց տալ իր սիրելիի տունը, նա այդ տան կողմը խնձոր էր գլորում, և նրա հարազատերը հարս ուզելու էին գնում այդ տնից։ Այսօր այդ ավանդույթը պահպանվել է նաև հարսանիքի ժամանակ․ փեսան խնձորը նետում է հարսի ուղղությամբ, այլ ոչ թե հարվածում նրա գլխին, ինչպես ընդունված է համարել։ Դրանով նա բազմության միջից ցույց է տալիս իր սիրեցյալին[3]։

Ազաբ եղբոր և ծառի ճյուղի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզդիների հարսանիքներին կարևոր դեր է հատկացված ազաբ եղբորը․ նա պարեցնում է զարդարված ծառի ճյուղը։ Այդ ծառը պետք է անպայման լինի բերքատու։ Հարսանիքին նախորդող օրը չամուսնացած եզդի երիտասարդները ծառի ճյուղը գողանում են որևէ այգուց։ Պարտադիր է, որ այն կտրված չլինի գործիքով։ Երեկոյան չամուսնացած տղաներն ու աղջիկները ծառը զարդարում են մրգերով և քաղցրավենիքով։ Ճյուղի միջնամասում կապվում է գունավոր կտոր։ Հարսանիքի ժամանակ ծառը պարեցնում են, իսկ հյուրերն այդ կտորի մեջ դնում են իրենց նվերները, որոնք վերջում հասնում են ազաբ եղբորը։ Ծառի զարդարված ճյուղը խորհրդանշում է նորաստեղծ ընտանիքը, նրա բերրիությունն ու առատությունը[3]։

Բարձի խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարսի հարազատները նորաստեղծ ընտանիքին նվիրում են անհրաժեշտ պարագաներ։ Դրանցից բացի, հարսին ու փեսային նվիրում են նաև ասեղնագործ բարձ։ Փեսայի տան մուտքի մոտ նորապսակներին դիմավորում է նրա մայրը և քաղցրավենիք շաղ տալիս եկողների վրա։ Նախքան ներս մտնելը, փեսան և ազաբ եղբայրը կանգնում են որևէ բարձր տեղում, և երեք անգամ վերև են նետում իրենց հետ բերած բարձը։ Ազաբն այդ բարձով երեք անգամ հարվածում է փեսայի գլխին։ Այդ պահին փեսան խնձորը նետում հարսի կողմը։ Վերջում ազաբ եղբայրը քաղցրավենիքով և մրգերով զարդարված ծառի ճյուղը որպես առատության նշան թափահարում է ներկաների վրա։ Դրանից հետո ներս են մտնում միայն նորապսակները և շարունակում հարսանեկան արարողությունը[3]։

«Գովանդ» պար[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզդիների հարսանեկան արարողության ամենակարևոր տարրերից է հին եզդիական «Գովանդ» պարը։ Այն պարում են բոլորը։ Պարողները բռնում են միմյանց ճկույթներից և աջ ոտքից սկսում քայլ գցել. երեք քայլ՝ առաջ, երկուսը՝ հետ հերթականությամբ։ Ըստ ավանդույթի՝ երբ եզդիներն անցնում էին ճահճի միջով` ցեղի անդամները երեք քայլ էին անում, այնուհետև երկու քայլ հետ գալիս, որպեսզի հաջորդ ցեղակցի համար հողն ամրացած լինի։ Իրար ճկույթներից բռնել են, որպեսզի մեկի խորտակվելու դեպքում մյուսները ևս չխորտակվեն[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ARMENIA, ICH (2022 թ․ ապրիլի 19). «ՀՀ ՈՆՄԺ Արժեքների Ցանկ». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 ARMENIA, ICH (2022 թ․ հունիսի 4). «Եզդիների հարսանեկան ծեսը». ՀՀ ՈՆՄԺ. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Ղարիբյան, Աիդա (18:24 Հոկտեմբեր 7 2012). «Ի՞նչ խորհուրդ ունի եզդի փեսայի՝ խնձորով հարսին հարվածելու ավանդույթը». 168.am. 168 ժամ.